Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ Է

Փետրվար 28,2004 00:00

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ Է Վերադառնալով Կիպրոսում անցկացված ուսումնամարզական հավաքից, ՀՖՖ մամուլի ծառայությունը լրատվամիջոցներին տրամադրել է մրցելույթների վերաբերյալ գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցայի մեկնաբանությունը: Ռումինացի մասնագետն այն մեր թիմի համար համարում է հաջողված եւ արդյունավետ: Սակայն նրա գնահատմամբ՝ արդյունքը չի համապատասխանում ցուցադրած խաղին: Անցկացրած երեք խաղերում մեր հավաքականը ստեղծել է 20-ից ավելի գոլային ռեալ պահ, սակայն մի քանի անգամ է գրավել մրցակիցների դարպասը: «Մեր թիմը երիտասարդ է եւ միգուցե դա է պատճառը, որ արդյունավետություն ցույց չտվեցինք,- մտածում է նա:- Եթե լավ մտածենք, ապա պետք է փաստենք, որ լավագույն խաղը խաղալով Հունգարիայի հավաքականի հետ՝ աններելիորեն պարտվեցինք 0:2 հաշվով: Առաջին կեսում, երբ տիրում էինք նախաձեռնությանը, գոլային 3 ռեալ պահ կորցրինք: Իսկ երկրորդ կեսում, երբ հունգարացիները երկու գոլ խփեցին, մեր ֆուտբոլիստները հուսալքվեցին»: Ստոյկիցան ասում է, որ Ղազախստանի հետ խաղում հաղթանակ պոկելու հնարավորություն ունեին, թեեւ առաջին 45 րոպեներին մեր հավաքականը ցուցադրել է ամենավատ խաղը: Բայց այստեղ էլ իրեն զգացնել է տվել մրցավարների կողմնակալ վերաբերմունքը, եւ մեր հավաքականը 11 մետրանոցներով ի վերջո պարտվել է: Անդրադառնալով հանդիպումներին՝ գլխավոր մարզիչը նշում է, որ մեր տղաները վրիպում էին պարզ իրավիճակներում: Այդուհանդերձ, Ստոյկիցան համոզված է, որ Հայաստանի հավաքականին լավ ապագա է սպասվում: Բայց դրա համար անհրաժեշտ է փոխել ֆուտբոլիստների մտածելակերպը: Նրանք, խաղալով հավաքականում, պետք է ամբողջովին նվիրվեն խաղին, որպեսզի բարձր պահեն երկրի պատիվը: Շարունակելով միտքը՝ Ստոյկիցան գտնում է, որ մրցաշարը ծառայեց նպատակին՝ հատկապես փորձի առումով: Երիտասարդ ֆուտբոլիստները լավ տպավորություն թողեցին: Հայ ֆուտբոլասերներն էլ, ոչ առանց հիմքի, անհամբերությամբ են սպասում միջազգային պատասխանատու հանդիպումներում հատկապես մեր հավաքականների հաջող մրցելույթներին: Համենայնդեպս, վերջին շրջանում նրանց խաղամակարդակի նկատելի բարձրացումը նման հույսեր ներշնչում է: Սակայն հարկ ենք համարում նշել, որ մեր կարծիքով ակնկալվող արդյունքներն ուշանում են (իհարկե, դա հեշտ ու արագ չի լինում եւ շտապել էլ պետք չէ): Եվ ասենք, թե ինչու ենք այդպես մտածում: Ճիշտ է, Կիպրոսի միջազգայինում մեր ընտրանին հանդես է եկել գերազանցապես երիտասարդական կազմով ու մարզիչը ռեալ գոլային պահերը չօգտագործելը մեծապես կապում է այդ հանգամանքի հետ, բայց եկեք խոստովանենք, որ դա հին հիվանդություն է: Իրոք, մեզանում դարպասի գրավման օգտակար գործողության գործակիցը ցածր է: Բազում պահեր ենք կորցնում, իսկ երբ մրցակիցն է հաջողության հասնում, այո, թեւաթափ ենք լինում, արագ կորցնում այնքան դժվարությամբ ձեռք բերված խաղային ու տարածքային առավելությունը: Արդյունքում պարտվում ենք՝ հույս փայփայելով, որ հաջորդ անգամ լավ կլինի: Ազգայինը սկսել է ժամանակ առ ժամանակ գերազանց ֆուտբոլ ցուցադրել անգամ աշխարհի ուժեղագույն հավաքականների հետ խաղալիս: Եվ դա չի կարող չուրախացնել: Բայց ափսոս, որ դա կայուն չէ: Ասվածը չի նշանակում, թե հավաքականի մարզիչը պետք է խաղացողներին ֆուտբոլի այբուբենը սովորեցնի: Դա ակումբներում աշխատող մարզիչների անելիքն է, որոնց գիտելիքների պաշարից է կախված ֆուտբոլիստների վարպետության մակարդակը, դաշտում թիմին օգտակար լինելու աստիճանը: Իր վրա աշխատելու, մշտապես աճելու ցանկություն պետք է ունենա նաեւ ինքը՝ ֆուտբոլիստը: Հավաքականի մարզչի գործը կադրերի ճիշտ ընտրություն կատարելն է, եղածն արդյունավետ օգտագործել կարողանալը, թիմի տակտիկան ու ռազմավարությունը մշակելը: Եվ քանի դեռ մեր ակումբներում այնքան էլ այդպես չեն մտածում, սպասվող հաղթանակները կուշանան: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել