Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսումնասիրեն, երբ խախտում լինի

Մարտ 04,2004 00:00

Կուսումնասիրեն, երբ խախտում լինի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հանրությանը ներկայացրեց նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը։ Հանձնաժողովը տարբեր օրինախախտումների համար տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառել է 11,7 մլն դրամ տուգանք, որից 10 մլն-ն բաժին է հասել «ԱրմենՏելին»։ Բացի այդ, Սուբյեկտների թույլ տված խախտումների արդյունքում ստացված շուրջ 1,7 մլն դրամ ապօրինի շահույթը հանձնաժողովի «օգնությամբ» փոխանցվել է պետբյուջե։ Հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը վստահեցրեց, որ իրենց գործունեության համար նույնիսկ խոշոր գործարարների կամ պետական չինովնիկների կողմից որեւէ խոչընդոտ կամ ճնշում չկա։ «Միակ «ճնշողը» հանրապետության նախագահն է, նրա կարծիքով մեր իրավասությունները թույլ են տալիս, որ ավելի լուրջ աշխատենք»,- նկատեց հանձնաժողովի նախագահը։ Նախորդ տարվա իրենց կատարածը Ֆ. Փիրումյանը որակեց «դեռեւս ոչ բավարար, բայց՝ դինամիկա կա»։ Հանձնաժողովի կայացրած 17 որոշումներից 7-ի կատարման համար անհրաժեշտ է եղել դիմել դատարանի օգնությանը։ Դատարան են կանչվել «ԱրմենՏել», «Զվարթնոց-77», «Արմավիրի կաթի գործարան» եւ այլ ընկերություններ։ «Ընդհանրապես, հանձնաժողովը խստիվ հետեւում է, որ իր կայացրած որոշումներն օդի մեջ չմնան,- վստահեցրեց Ֆ. Փիրումյանը,- բայց մեր նպատակն է, որ խախտումը հայտնաբերելուց հետո, գոնե, տնտեսվարող սուբյեկտն այն չշարունակի»։ Բանախոսի ներկայացմամբ, անբարեխիղճ մրցակցություն ծավալելու առումով աչքի է ընկել օղու շուկան, իսկ գերիշխող դիրքի չարաշահման անգերազանցելի «նմուշ» է «ԱրմենՏելը»։ Հայտնի է, որ տեղական շուկայում շաքարավազի մոնոպոլիան «Աստղացոլք» ընկերությանն է՝ 97,7%։ Պարոն Փիրումյանը թվերով հաստատեց դա՝ «շաքարավազ ներկրող 16 ընկերությունից 14-ը շուկա դուրս չի գալիս, թեպետ կարող են, հնարավորություն ունեն»։ «Գուցե չե՞ն թողնում» հարցին պատասխան եղավ. «Կուսումնասիրենք՝ կերեւա»։ Ուսումնասիրելուց կերեւա նաեւ, թե ինչպես է «Աստղացոլքը» վերջին չորս տարիներին կայուն պահում շաքարավազի գինը։ Ի դեպ, սեզոնային բարձրացում, այնուամենայնիվ, արձանագրվում է, ինչը պարոն Փիրումյանը վերագրեց մանրածախ շուկային կամ՝ «երկրորդ ձեռքին»։ Այլ ուսումնասիրություններից ելնելով, հանձնաժողովի նախագահը ենթադրեց, որ հացի գինն այլեւս չի բարձրանա, որովհետեւ ներկրման հիմնական՝ ռուսական շուկայում ցորենի գները հասցված են միջազգայինին եւ Հայաստանը կարող է այլ երկրներից էլ ներկրել, եթե Ռուսաստանի մտքով անցնի էլի բարձրացնել ցորենի գինը։ Նախորդ երկու տարիներին հանձնաժողովը մեր շուկայում իրականացրել է ընդհանրացված ուսումնասիրություն, բայց այս տարի որոշել է որեւէ ապրանքի կամ ծառայության շուկան հետազոտման տակ վերցնել միայն այն դեպքում, երբ այդ շուկայում կարձանագրվի օրինախախտման դեպք։ Թե չէ, «30-ից ավելի շուկա ենք ուսումնասիրել, բայց ոչ բոլոր տեղերում ենք հայտնաբերել խախտումներ, իսկ այդպես աշխատելն արդյունավետ չէ»։ Խախտումների դեպքերն ի հայտ կգան տնտեսվարող սուբյեկտների բողոքներով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031