Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐՆ ԱՄՆ-Ի ԲԱՆՏԵՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

Մարտ 10,2004 00:00

ՀԱՅԵՐՆ ԱՄՆ-Ի ԲԱՆՏԵՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ ամենախոշոր ԷնԲիՍի (NBC) եւ ԷյԲիՍի (ABC) հեռուստաընկերությունների Կալիֆոռնիայի կայանների ուշադրության կենտրոնում հայերն էին: Պատճառներից մեկն այն էր, որ այդ օրերին բավականին աղմկահարույց դատավարություն էր ընթանում: Ձերբակալվել էր 5 անձ: Նրանք մեղադրվում էին 30-ից ավելի խոշոր խանութներ թալանելու մեջ: Խմբի ղեկավարը Ջորջ Մուսա անունով մի լիբանանցի արաբ է, իսկ մնացած 5 անդամները հայեր են՝ Սարգիս Բալթաջյան՝ 38 տարեկան, Կարեն Թագվորյան՝ 29 տարեկան, Գեղամ Վերդիյան՝ 54 տարեկան, Տիգրան Սիմոնյան՝ 31 տարեկան: Հանցախմբին հաջողվել էր մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի ծխախոտ, հիմնականում «Dunhill» տեսակի, կրակայրիչներ եւ ոսկեղեն գողանալ: Նրանք իրենց այնքան ապահով էին զգացել, որ խոշոր պահեստ ունեին եւ գողացած իրերը երկար ժամանակ այնտեղից են սպառել: ԱՄՆ-ի ազատազրկման վայրերում, պաշտոնական տվյալների համաձայն, այսօր ավելի քան 14.000 հայ կա: Նրանց մի մասին ԱՄՆ կառավարությունը որոշել էր ազատ արձակել՝ հայրենիք վերադառնալու պայմանով, սակայն մեր հայրենակիցները մերժել են առաջարկը՝ ԱՄՆ-ի ազատազրկման վայրերը գերադասելով «ազատությունից»՝ Հայաստանում: ԱՄՆ ազատազրկման վայրերում հայերի հայտնվելու հիմնական պատճառը կեղծարարությամբ զբաղվելն է: Այս հարցում, որքան էլ ծանր է խոստովանելը, ներքաշված է հայկական եկեղեցին՝ Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ի դեպ, այս եկեղեցին հայտնի է նաեւ նրանով, որ նկուղում «Բինգո» ունի, ինչի շնորհիվ երեկոյան կյանքն ակտիվանում է, իսկ օրվա ընթացքում եկեղեցում հոգեւորականները մեր հայրենակիցներին խորհուրդ են տալիս թանկարժեք զարդեր չկրել, հնարավորինս հնոտիներով ման գալ, որպեսզի կառավարությունից օգնություն ստանան: Այս հանգամանքն չի վրիպում հայերի կողքին բնակվող այլ ազգերի աչքից: Նրանցից մի քանիսը զանգահարել է ԷնԲիՍի հեռուստաընկերություն եւ պատմել հայ հարեւանների եւ հայկական եկեղեցում տիրող իրավիճակի մասին: Գլենդելի ոստիկանության հետաքննչական բաժնի պետը հայերի մասին ավելի լավ կարծիքի է: Կապիտան Ռոնալդ Դեփոփմանի խոսքերով՝ ԱՄՆ 44.000 քաղաքների համեմատ Գլենդելն անվտանգության կղզի է: «Դա ոչ միայն ոստիկանների լավ աշխատանքի շնորհիվ է, այլեւ տեղի հայ համայնքի: Գլենդելի բնակչության մեծամասնությունը հայեր են, սակայն հայերի կողմից կատարված հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների ընդամենը 17 տոկոսն են կազմում: Այստեղ ընդամենը մեկ հայկական հանցավոր խմբավորում կա՝ «Armenian power» անվանումով, որը մեքսիկական հանցավոր խմբավորումների համեմատ շատ թույլ է»,- մեզ հետ հանդիպման ընթացքում ասաց պարոն Դեփոփմանը: Ըստ նրա՝ Գլենդելի ոստիկանությունն այսօր իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է փողոցային հանցագործությունների վրա, որոնց մեջ հիմնականում ներգրավված են մեքսիկացիները: Գլենդելի 1000 բնակչին միջին հաշվով ընկնում է 1,2 ոստիկան: «Խորհրդային Միության փլուզումից հետո ԿԳԲ-ի աշխատակիցները մնացին անաշխատանք: Նրանք, ովքեր կարողացան գալ ԱՄՆ, այսօր հանցագործությունների մեջ են ներքաշված: Ես գիտեմ նման հայեր, որոնք զենքը ձեռքին պարբերաբար գալիս են, դուռդ ծեծում ու ասում. «Ապեր, ես եկել եմ, տուր գնամ, թե չէ կսպանեմ»: Նա, ով մի անգամ արդեն գումար է տվել դրանց, չի կարողանում ձեռքներից պրծնել: Ինչպես իտալական մաֆիան էր իտալացիներին շորթում, այսօր էլ հայերն են հայերին շորթում»,- ասաց Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Բոբ Յուսեֆյանը: ԱՄՆ-ի ազատազրկման վայրերում հայերի հայտնվելու պատճառներից մեկն, ինչպես ասաց Գլենդելի «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Արտաշես Ղասակյանը, այն է, որ նրանք ծնվել են Իրանում, Իրաքում, Լիբանանում, եւ ամերիկյան կառավարությունը նրանց շփոթում է մուսուլմանների հետ: Սեպտեմբերի 11-ից հետո 20-80 տարեկան բոլոր տղամարդիկ, ովքեր ծնվել են մուսուլմանական երկրներում եւ գտնվում են ԱՄՆ-ում, չունենալով մշտական բնակության իրավունք՝ պարտավոր են ներկայանալ ոստիկանություն եւ գրանցվել: «Սեպտեմբերի 11-ից հետո 800 հայ հայտնվել է բանտում, եւ մինչ օրս նրանց որեւէ մեղադրանք առաջադրված չէ: Պատճառն այն է, որ նրանց շփոթել են մուսուլմանների հետ: Այդ մարդիկ չունեն քաղաքացիություն եւ որեւէ կերպ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց Արտաշես Ղասակյանը: ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ամբողջությամբ www.hetq.am էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031