Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԿՓԼՈՒԶՎԵ՞Ն

Մարտ 10,2004 00:00

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԿՓԼՈՒԶՎԵ՞Ն «Հարակրթության պետական կրթակարգի» նախագծի հեղինակային խումբը վերջերս ճիգ ու ջանք չի խնայում ապացուցելու, որ նոր կրթակարգը հասարակական պահանջմունքի արդյունք է՝ կրթակարգի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելով մի շարք հիմնախնդիրների առկայությամբ, որոնցից առաջինը դիտվում է առաջին դասարան ընդունվող երեխաների մեկնարկային տարբեր մակարդակ ունենալը։ Եվ որպեսզի միասնական մակարդակ ստեղծվի, հանրակրթական բարեփոխման ռազմավարական խնդիրներում (5-րդ կետ) նախատեսված է. «Վերանայել նախադպրոցական կրթության կազմակերպման քաղաքականությունը՝ պետության դերի ուժեղացման առումով։ Ապահովել հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատության՝ մանկապարտեզի ավարտական խմբի ընդգրկումը պարտադիր կրթության համակարգ՝ ֆինանսավորումը կատարելով պետական բյուջեի միջոցների հաշվին»։ Նախադպրոցական կրթության եւ դաստիարակության հիմնախնդիրներին անծանոթ ընթերցողին թվում է կամ կարող է թվալ միայն, թե այդ համակարգը, վերջապես, լուրջ ուշադրության է արժանացել։ Կարող է թվալ միայն, որովհետեւ կրթակարգի հեղինակների հիշողությունը դավաճանում է իրենց, նրանք մոռացել են անցյալ դարի 80-ական թվականների կեսերին վեց տարեկան երեխաների ուսուցումը հանրակրթական դպրոցում կազմակերպելու ձախողված փորձը։ Սա՝ խորհրդային շրջանում, երբ փորձ արվեց 6 տարեկանների համար դպրոցում ապահովել քնելու, հանգստի եւ խաղի բավարար պայմաններ։ Իսկ այժմ (ըստ նոր կրթակարգի) 5 տարեկանը եւ փլուզված, օպտիմալացված դպրոցը իր բազում պրոբլեմներով, որտեղ վերջին 10 տարում անգամ չի լուծվել ջեռուցման խնդիրը։ Եթե վստահելու լինենք «Կրթության զարգացման 2001-05թթ. պետական ծրագիր» ՀՀ օրենքին (իսկ չվստահելու պատճառ չունենք), ապա 2000թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ նախադպրոցական հիմնարկների թիվը նվազել է 21%-ով, իսկ երեխաների ընդգրկվածությունը՝ 18%-ով։ Իսկ ի՞նչ է կատարվել 2000 թվականից հետո, կարելի է միայն կռահել, մանավանդ որ, 2000թ. մանկապարտեզներում ընդգրկված էր 53200 երեխա՝ տվյալ տարիքային համակազմի 21%-ը։ Կարծում եմ՝ անթույլատրելի է մանկապարտեզի ավարտական խմբի ընդգրկումը պարտադիր կրթության համակարգ։ Դա վերջնականապես կփլուզի նախադպրոցական հիմնարկները՝ մեծ վնաս պատճառելով դպրոցին։ Գուցե դա էլ ուզում են մեր պետական այրերը։ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ Մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել