Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՆԵՐՑԻԱՅԻ ԴԵՄ

Մարտ 11,2004 00:00

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՆԵՐՑԻԱՅԻ ԴԵՄ Անդրադառնալով ՀՀ «Քրեական օրենսգրքում» զրպարտության համար սահմանված՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում նախատեսող դրույթին, որի առնչությամբ, ի դեպ, ԵԽ ԽՎ բանաձեւում հատուկ անհանգստություն է արտահայտվել, ՀՀ նորանշանակ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, թե՝ իր մոտեցմամբ, «Արգելքի լեզվով գրված նորմերի թիվը ՀՀ օրենսդրության մեջ պետք է հնարավորինս կրճատվի, որովհետեւ ես գտնում եմ, որ խնդրի լուծումը ոչ թե օրենքի խստության մեջ է, այլ նրա՝ կիրառման: Ցավոք սրտի, մեր պրակտիկան ապացուցում է, որ այդ լեզվով գրված նորմերը կարգուկանոն չեն հաստատում, այլ՝ կարծես, հիմնարար ազատությունների ոտնահարման են տանում, առավել եւս այնպիսի հեղհեղուկ դաշտում, ինչպիսին են ԶԼՄ-ները: Սրանք պետք է լուծվեն այլ հարաբերությունների դաշտում: Բայց միաժամանակ պարտքս եմ համարում հիշեցնել, որ այդ ոլորտում էլ պետք է գործի էթիկայի կոդեքսը, կամ՝ այն պետք է ստեղծվի, եթե չկա»: Նորանշանակ օմբուդսմենը նաեւ անդրադարձավ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքին», որը հակառակ միջազգային կառույցների հորդորների, շարունակում է գործել եւ օգտագործվել որպես՝ խաղաղ ցույցերի եւ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ վարչական պատժամիջոց: Ժամանակին ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հովիկ Ասրյանը նույնիսկ կարծիք էր հայտնել, թե ճիշտ է, որ այդ օրենքի համաձայն մարդիկ պատժվում են: Տիկին Ալավերդյանը համամիտ չէր այդ դիրքորոշմանը: Նա նկատեց, որ մեր օրենսդրությունը նաեւ այդ մասով պետք է համապատասխանեցվի միջազգային ընդունված եւ ճանաչված նորմերին, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հռչակագրին: Հակառակ դեպքում, ըստ նրա, պետք է հրաժարվել այդ կառույցներում ինտեգրվելուց: Իսկ կոնկրետ օրենքի գոյությունը՝ իր առանձին դրույթներով հանդերձ, նա խորհրդային իներցիա որակեց: Ն. Մ. Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել