Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՆ ԵՆ ՏԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԻՍ

Մարտ 11,2004 00:00

Ո՞Ր ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՆ ԵՆ ՏԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԻՍ «Առավոտի» այն տեղեկատվությունը, որ ցմահ դատապարտյալներին տեղափոխելու են Գորիս, երեկ հաստատեց արդարադատության նախարարության մամուլի պատասխանատու Արա Սաղաթելյանը։ «Այո, համաձայն ծրագրվածի, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող 53 ցմահ դատապարտյալների մի մասը պետք է տեղափոխվի՝ կալանքը կրելու «Գորիս» ՔԿՀ, այնտեղ, ուր այդ դատապարտյալների համար արդեն իսկ ստեղծված են համապատասխան պայմաններ։ Նորոգված են խցերը (փայտյա հատակով), առանձնացված սանհանգույցով»։ Առաջին էտապը մեկ շաբաթ առաջ սկսվել է՝ 4 դատապարտյալ տեղափոխվել է Գորիս։ «Առավոտի» այն հարցին, թե ինչ սկզբունքներ են գործելու Գորիս տեղափոխելու ընտրության համար, Ա. Սաղաթելյանը պատասխանեց. «Գործում է համապատասխան հանձնաժողով, որը եւ կազմակերպում եւ վերահսկում է հիշատակված գործընթացի անցկացումը»։ «Առավոտի» այն հարցին էլ, թե հնարավո՞ր է, օրինակ, որ ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը (որն ընդամենը վարորդ էր «27»-ի գործով) հայտնվի Գորիսում, ասել է թե՝ վատ պայմաններում, իսկ նույն պատժաչափով դատապարտված ոճրագործ Կարեն Հունանյանը վայելի ԿԳԲ-ի մեկուսարանի «ջերմությունն ու հմայքը», Ա. Սաղաթելյանը պատասխանեց. «Նախարարության վարչակազմն ինքն է որոշում, թե որտեղ պահվի դատապարտյալը»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել