Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀՎ-Ն «ԱՎՏՈՐԻՏԱՐ ՊՈՒՏԻՆ» Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Մարտ 20,2004 00:00

ԿՀՎ-Ն «ԱՎՏՈՐԻՏԱՐ ՊՈՒՏԻՆ» Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջորջ Թենեթը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստել է հատուկ հաշվետվություն՝ նվիրված Ռուսաստանում երկրորդ նախագահական ժամկետի համար Վլադիմիր Պուտինի վերընտրությանը, ուր նշվում է, որ հաջորդ չորս տարիներին Կրեմլը ավելի կոշտ քաղաքականություն կվարի նախկին Խորհրդային Միության հանրապետությունների, հատկապես Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ, հաղորդում է Deutsche Welle-ն: ԿՀՎ վերլուծաբանները կանխատեսում են, որ պուտինյան Ռուսաստանը ակտիվ կերպով կձգտի վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում: Այդ նպատակով նա կօգտագործի մշակութային եւ պատմական կապերը հարեւան պետությունների հետ եւ կվարի տնտեսական էքսպանսիա, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ կփորձի վերականգնել մեծ պետության կարգավիճակը՝ այդ թվում պաշտպանության ծախսերի կտրուկ մեծացման միջոցով: Հաշվետվության մեջ նշվում է, որ 2003 թվականին ռուսական բանակը կրկնակի շատ զորավարժություններ եւ մարտական հրաձգություն է անցկացրել, քան 2002-ին: ԿՀՎ-ն համարում է նաեւ, որ արդեն այս տարի Մոսկվան եւ Վաշինգթոնը կբախվեն լուրջ խնդիրների իրենց հարաբերություններում: Դրանց վատթարացման պատճառներից կարող են դառնալ ԱՄՆ ռազմական ներկայությունը Միջին Ասիայի երկրներում, որոնց Ռուսաստանը համարում է իր ռազմավարական շահերի գոտի, մինչդեռ Միացյալ Նահանգները ծրագրում են ուժեղացնել իրենց ազդեցությունն այդ տարածաշրջաններում: ԿՀՎ զեկուցագրում նշվում է նաեւ, որ հաջորդ չորս տարիների ընթացքում իշխանությունը Ռուսաստանում վերջնականապես կկենտրոնացվի, պետությունը նոր փորձեր կձեռնարկի սահմանափակելու հասարակության քաղաքացիական ազատությունները եւ լիակատար հսկողության տակ կառնի ԶԼՄ-ները ու մեծ բիզնեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել