Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոսից դուրս եկած» կղզին

Մարտ 20,2004 00:00

«Փոսից դուրս եկած» կղզին 640 հազար բնակչություն ունեցող Կիպրոսում Հայաստանի պետական կամ որ նույնն է՝ տնտեսական այրերի համար պատվից ցածր կլինի, եթե ասենք՝ հանրապետության տնտեսական աճն առնվազն 12%-ից փոքր թիվ կազմի։ Իսկ եթե այդ ցուցանիշը (Աստված չանի) հանկարծ միանիշ ստացվի՝ ենթադրենք՝ 9%, ապա մեր տնտեսության ստրատեգները նման դաժան նվաստացման հաստատ չեն դիմանա։ Այդպիսի թասիբն, ինչ խոսք, գովելի է, քանզի վերջիվերջո այն իր հիմքում ժողովրդի կենսամակարդակի բաձրացման անկեղծ դրդիչներ ունի։ Սակայն, ցավոք, այդ թասիբ կոչեցյալն իր համար չգիտես ինչու թիրախ է ընտրել այնպիսի հարաբերական եւ անդեմ բնութագրիչ, ինչպիսին տնտեսական աճն է՝ արտահայտված տառացիորեն ոչինչ չասող թվերով։ Որպեսզի մեր ասածն ամրապնդենք իրականությամբ, փոքր-ինչ խոսենք աշխարհի ամենապստիկ երկրներից մեկի՝ Կիպրոսի ու առավելապես այդ կղզու հունական հատվածի մասին։ Տնտեսական աճի տեմպերով Կիպրոսը Հայաստանից խիստ ետ է մնում։ Այդ բնութագրի տարեկան ցուցանիշն այստեղ կազմում է ընդամենը 4-4,2%։ Սակայն, «չնայած դրան», մարդիկ այստեղ անհամեմատ լավ են ապրում, իսկ կղզու սրընթաց բարգավաճման մասին օտարերկրացիները տեղեկանում են ոչ թե պաշտոնական տեղեկագրերից, այլ տեսնում են իրենց սեփական աչքերով։ Եվ, այնուամենայնիվ, մի քիչ տեղեկագրություն։ Կիպրոսը զբաղեցնում է 9251 քառ. կմ տարածք, այսինքն մոտ երեք անգամ պակաս, քան Հայաստանը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ տարածքի շուրջ 35%-ը օկուպացված է թուրքական բանակի կողմից, ապա հունական հատվածի ինքնարտահայտման համար, համաձայնեք, գրեթե տեղ չի մնում։ Դրանով հանդերձ, Կիպրոսի ընդամենը 640 հազար բնակչություն ունեցող հունական հատվածի տարեկան պետբյուջեն կազմում է ավելի քան 9 մլրդ ամերիկյան դոլարին համարժեք կիպրական ֆունտ։ Վերջապես՝ մի ցուցանիշ եւս, որն առավել քան առարկայորեն է արտացոլում միջին վիճակագրական կիպրացու բարեկեցության աստիճանը։ Մեկ շնչին ընկնող ազգային եկամուտն այստեղ կազմում է մոտ 17 հազար եվրո։ Փաստորեն, շուրջ երեք տասնամյակ գտնվելով փաստացի պատերազմական վիճակում, Կիպրոսի իրապես ազատ (եւ ոչ՝ դեկլարատիվ) շուկայական սկզբունքների վրա հիմնված տնտեսությունը, սկզբնապես լինելով ջախջախված վիճակում, այնպիսի հզոր զարգացում է ապրել, որ կղզու բնակիչների համար ապահովել է Եվրամիության անդամ երկրներին համարժեք, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ նրանցից շատերին գերազանցող կենսամակարդակ։ Երբ մի կիպրացի մատուցողի մոտ քսան անգամ հարցրինք, թե ինչ է մտածում նա Կիպրոսի վերամիավորման մասին, վերջինս անկեղծորեն պատասխանեց. «Ազնիվ խոսք, ինձ եվրոպական ֆուտբոլն ավելի շատ է հետաքրքրում, քան այդ հարցը»։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել