Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋԸ ՎԱԽԻՑ Է ԳՈՌՈՒՄ

Մարտ 23,2004 00:00

ԱՐՋԸ ՎԱԽԻՑ Է ԳՈՌՈՒՄ Այս զուգահեռին արժանացավ պաշտպանության նախարարի սպառնալիքն ընդդիմության հասցեին, թե «կտեսնենք՝ ով ում է սատկացնելու»: «Ով փորձի անօրինական ճանապարհով իշխանություն փոխել՝ օրենքի ամբողջ ծավալով ստանալու է: Եվ ուզում եմ զգուշացնել բոլոր այն դուրսպրծուկներին, ովքեր անձնական վիրավորանքներ են հասցնում, ովքեր ասում են՝ սատկացնելու ենք, ովքեր ասում են՝ ջարդելու ենք. ուրեմն՝ ժամանակը կգա եւ կտեսնենք, թե ով ում է սատկացնելու»,- «Այբ-ֆե»-ին ասել էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ընդդիմադիր գործիչներից փորձեցինք պարզել, թե արդյոք «սատկացնելու» այս սպառնալիքը ստիպե՞լ է, որ նահանջեն առաջիկա ամիսներին իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրերից: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան. «Նախ՝ իշխանությունն արդեն իսկ անօրինական է վերցված եւ խոսքը այժմ Հայաստանի իշխանական համակարգն օրինականացնելու մասին է: Ինչ վերաբերում է հայհոյանքներին՝ միշտ կտրականապես դեմ եմ եղել դրանց՝ լինի դա իշխանության, թե ընդդիմության կողմից: Իսկ սպառնալիքները չեն խոսում իմաստնության կամ իրավիճակը ճիշտ հասկանալու մասին: Կարծում եմ, որ որեւէ մեկին չեն վախեցնում նման սպառնալիքները»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյան. «Ես հարիր չեմ համարում քաղաքական բանավեճի ընթացքում նման արտահայտություններ օգտագործելը, ինչպիսիք են սատկացնելը, ջարդելը կամ ջարդուփշուր անելը: Քաղաքական բանավեճի արվեստն ախոյանիդ քաղաքականության սնանկությունը մատնանշելն է, իսկ ավելի գրագետ դրսեւորումը՝ օգնության ձեռք մեկնելը ֆիասկո ապրած քաղաքական գործչին, մասնավորապես մատնացույց անելով իր խոցելի տեղերը, ինչը եւ ես միշտ աշխատել եմ անել պրն Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավիճելիս: Մասնավորապես՝ ինձ ցավ է պատճառում, որ մինչ օրս էլ նա պատիվ չի պահանջել ու դատի չի տվել նրանց, ովքեր հրապարակեցին, թե Սերժ Սարգսյանը խոշոր գումարներ է տանուլ տվել Մոնտե-Կառլոյի կազինոյում: Եվ ինձ համար անհասկանալի է մնում, թե ինչու մեր համարձակ ՊՆ նախարարն այդպես էլ ընթացք չտվեց 2003-ի մայիսին իր հասցեին արված այն հայտարարությանը, որի համաձայն՝ ինքը Հայաստանում կաշառակերության եւ կոռուպցիայի կնքահայրն է: Ահա այսպիսի բարիդրացիական հարցականներով եմ ուզում, որ է՛լ ավելի ամուր լինի մեր պաշտպանության նախարարը: Իսկ եթե նա չի գտնում այդ հարցերի պատասխանը՝ ավելորդ եմ համարում գռեհիկ ինչ-որ արտահայտությունների հակադարձելու միջոցով փորձել վերջինիս ապացուցել, թե նա այլեւս անելիք չունի քաղաքական ասպարեզում»: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյան. «Սերժ Սարգսյանն իրականում ճիշտ է. ուղղակի այդ բառերն արտասանելիս պետք է հիշեր, որ Հայաստանում իշխանությունն անօրինական ձեւով փոխվել է 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ու այդ փոփոխության ժամանակ ե՛ւ լուտանքներ էին թափում, ե՛ւ սպառնալիքներ: Նաեւ որոշակի քայլեր էին արվում՝ դրանք իրականացնելու ուղղությամբ՝ մարդկանց ձերբակալում, բռնություններ գործադրում եւ այլն: Այդ տեսակետից՝ ոչ այն ձեւերով, որոնք նա է մատնանշում, այլ ցանկացած նորմալ պետությանը բնորոշ մեթոդներով պետք է իրո՛ք պատժվեն նրանք, ովքեր անօրինական փոխել են իշխանությունը»: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան. «Անընդունելի են նման հայտարարությունները թե՛ իշխանավորների, թե՛ ընդդիմության կողմից եւ քաղաքականությանն անհարիր»: Հայկոմկուսի քարտուղար Խորեն Սարգսյան. «Ինձ շատ է վրդովեցրել այդ պատասխանը, որ հնչել է Հայաստանի պաշտպանության նախարարի բերանից: Այդ պաշտոնյան իրավունք չունի՛ խառնվելու ներքին քաղաքականությանը՝ նրա գործը երկրի անվտանգությունը պաշտպանելն է արտաքին վտանգից: Ինչ վերաբերում է «սատկացնելու» սպառնալիքին՝ մեր մեծերը մի խոսք ունեն, թե արջը միշտ էլ վախից է գոռում. թեեւ չէի ցանկանա իրեն այդ հզորությունը վերագրել այս համեմատությամբ: Իսկ ինչ վերաբերում է այս ձեւերով քաղաքական ուժերին վախեցնելու փորձերին՝ համենայն դեպս, կոմունիստական կուսակցությունը վախենում է միայն նրանից, որ երկիրը դատարկվում է: Ուստի իշխանափոխություն է հարկավոր՝ այլապես ինչքան ուշանա այն, այնքան շատանալու են Հայաստանը լքողները: Ով կասկածում է՝ թող մեկ անգամ այցելի ՕՎԻՐ, ու տեսնի երեխաները ձեռքներին հերթի մեջ սպասողներին»: Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել