Լրահոս
Օրվա լրահոսը

Շեյխի դասերը

Մարտ 24,2004 00:00

Շեյխի դասերը Իսրայելական օդուժի կողմից պաղեստինյան «Համաս» շարժման հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինի ոչնչացման փաստը լակմուսի թղթի էֆեկտ ունեցավ, պարզորեն ցուցադրելով, թե դեռեւս որքան հեռու է աշխարհը կամ առնվազն նրա քաղաքակիրթ մասը՝ քաղաքական մշակույթի համընդհանուր սկզբունքների եւ չափանիշների ամրագրման կարեւորության գիտակցումից: Ի լրումն արաբական երկրների, Յասինի չեզոքացման գործողությունը դատապարտողների շքերթին միացան մի շարք եվրոպական երկրներ: Ընդ որում, հետաքրքիր է, որ նրանց թվում էր նաեւ հակաահաբեկչական միջազգային շարժման երդվյալ նվիրյալ Մեծ Բրիտանիան: Մինչդեռ, եթե տեղի ունեցածը «թարգմանում» ենք պարզ, հասկանալի լեզվի, ստանում ենք հետեւյալ պատմությունը: Պաղեստինում գործում է մանուկ հասակից բանականությունից հետեւողականորեն զրկված, զոմբիացված մարդասպանների մի ստվար խումբ, որի անդամները, թքած ունենալով սեփական կյանքի վրա, պարբերաբար արյունալի ահաբեկչական ակտեր են իրականացնում Իսրայելի խաղաղ բնակչության շրջանում: Սակայն աշխարհը, չգիտես ինչու, իր «արդարացի» բողոքի ձայնն է բարձրացնում, երբ ոչնչացվում է ինքնասպան ահաբեկիչների գլխավոր կազմակերպիչն ու «ուղեղային կենտրոնը», մինչդեռ, թվում է, թե պետք է հակառակը լիներ: Ընդ որում, չափազանց զավեշտական են հնչող փաստարկները: «Այժմ բռնության նոր՝ վտանգավոր ալիք կսկսվի», վախեցնում է վախեցած Եվրոպան, ստիպելով մտածել, որ բացառապես ահաբեկչությունների կազմակերպմամբ զբաղված Յասինի ողջության օրոք ահաբեկչությունների հին ալիքը պակաս վտանգավոր էր: «ԱՄՆ-ն ինքը, դեմ լինելով «արտադատարանային» հաշվեհարդարներին, չի ցանկանում դատապարտել Յասինի սպանությունը»,- տարակուսում է Ռուսաստանն այն պարագայում, երբ որեւէ քիչ թե շատ «թռփոշ» չեչեն գրոհայինի՝ մոսկովյան հատուկ ծառայությունների կողմից սպանվելու լուրը շաբաթներով չի իջնում ռուսական «թոփ-նյուս»-ի վերին հորիզոնականներից: Միանգամայն տեղին է այս ֆոնի վրա վերհիշել Պուտինի հայտնի արտահայտությունը. «Ահաբեկիչների նկատմամբ ոչ մի ներողամտություն. պետք եղած դեպքում՝ կվերացնենք զուգարանում»: Թերեւս կոռեկտ չէ շոշափված թեմայի տրամաբանությունը տարածել նաեւ Հայաստանի ներքին իրականության վրա, սակայն չափազանց մեծ է այդ բանն անելու գայթակղությունը: Պետականորեն հռչակված հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում երբեմն «անհրաժեշտաբար» մանր ու միջին չինովնիկներ են պատժվում, որոնք, սակայն, ընդամենը ձեւավորված արատավոր համակարգի «անսասան» տրամաբանության զոհերն են: Մինչդեռ գլխավոր կոռուպցիոներների գլխից մազ չի պակասում, քանի որ դա չի համատեղվում մեր ազգային շահերի հետ եւ սպառնում է նորին մեծություն կայունությանը: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել