Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԿՈՆՈՄԻՍՏԻ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ

Մարտ 24,2004 00:00

«ԷԿՈՆՈՄԻՍՏԻ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ «Հայաստանի քաղաքական դաշտն առաջիկայում մնալու է խիստ բեւեռացված»,- կանխատեսում է բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» պարբերականի հետազոտական խումբը մի քանի օր առաջ հրապարակված վերլուծությունում: Բրիտանացի փորձագետները փորձել են կանխատեսել, թե արդյոք Հայաստանում կկրկնվի՞ վրացական «վարդերի հեղափոխությունը» եւ պատասխանել, թե երկրորդ նման հեղափոխություն չի լինի: Պատճառն, ըստ «Էկոնոմիստի» հետեւյալն է՝ Ռոբերտ Քոչարյանն անձամբ միգուցե թե ժողովրդականություն չի վայելում ՀՀ-ում, բայց քաղաքական դաշտի նկատմամբ նրա վերահսկողությունը շատ ավելի ուժեղ է, քան Էդուարդ Շեւարդնաձեինը: Հետազոտող խումբը նաեւ մատնանշել է, որ եթե Հայաստանի իշխող կոալիցիայի ներսում նույնիսկ տարաձայնություններ ծագեն եւ ՕԵԿ-ը կամ ՀՅԴ-ն դուրս գան այս դաշինքից՝ ՀՀԿ-ն, միեւնույն է, բավարար ազդեցություն ունի խորհրդարանում եւ տեղական մարմիններում՝ իշխանությունը պահելու համար: Գլխավոր տարբերությունը Վրաստանի համեմատ՝ այնտեղ առաջատար ընդդիմադիր ուժերը միավորեցին իրենց ջանքերը, իսկ Հայաստանի ընդդիմության ներսում պայքար է ընթանում առաջնորդի դերը ստանձնելու համար եւ տարաձայնություններ կան մարտավարական հարցերում, ինչը, ըստ բրիտանացի վերլուծաբանների՝ թուլացնում է Քոչարյանին իշխանությունից զրկելու ընդդիմության ջանքերը: «Էկոնոմիստը» նաեւ փաստել է, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում այնքան զարգացած չէ, որքան Վրաստանում, ինչը սահմանափակում է հայ հանրության հնարավորությունը տեր կանգնելու իր իրավունքներին եւ հաշիվ պահանջելու նախագահի վարչակազմից ու կառավարությունից: Եվ վերջապես՝ Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի՝ չկան անկախ էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ «Ա1+»-ին եթերից զրկելուց հետո. բոլոր լրատվամիջոցները այս կամ այն կերպ կապված են իշխող ուժերի հետ կամ կենսականորեն են շահագրգռված, որ պահպանվի ստատուս-քվոն: Բրիտանացի վերլուծաբանների եզրակացությամբ՝ «Ռոբերտ Քոչարյանն, ի տարբերություն իր վրացի պաշտոնակցի, կպահպանի իշխանությունը, չնայած Հայաստանում մնալու են լարվածության տարրեր»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի Հուսով ենք, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը գրազ կգա նաեւ «Էկոնոմիստի» վերլուծաբանների հետ, թե նրանք սխալվում են իրենց կանխատեսումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել