Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԳՈՒՄԱՐՆԵՐ ԷՐ ՎԱՏՆՈՒՄ

Մարտ 24,2004 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԳՈՒՄԱՐՆԵՐ ԷՐ ՎԱՏՆՈՒՄ Այդպես են կառավարում ուրիշի սեփականությունը «ԱրմենՏելի» վերնախավին մոտ կանգնած մեր աղբյուրի տվյալներով, ընկերության աշխատակիցների համար կահույքի ձեռքբերման գործարքի ժամանակ գումարներ են վատնվել: Այդպես էին ժամանակին վարվում խորհրդային մենեջերներից ոմանք Պետպլանից «իջեցված» գումարների հետ: Այս ընկերության ֆինանսական միջոցների տնօրինման արտառոց եւ տարօրինակ նախապատվությունների մասին գրել ենք. ձեթի ներկրում, նվագախմբի ստեղծում, ֆինանսավորում եւ այլն: Մեր մյուս աղբյուրներից կարողացանք նաեւ նշվածը հիմնավորող փաստաթղթեր ձեռք բերել: Ընկերությունը 2003 թվականին գրասենյակային կահույքի կարիք է ունեցել. սեղաններ, գզրոցներ, գրապահարաններ: Ընդ որում, խոսքը հատուկ կահույքի մասին է, որը հարմար ու արդյունավետ կլինի նման ընկերություններում օգտագործելու համար, առավել եւս, որ դատելով ընդունման-հանձնման ակտից, հաշիվ172ապրանքագրից եւ այլ փաստաթղթերից, ընկերությունը վճարել է պահանջվող չափանիշներին համապատասխան: Այդպիսի կահույքի մատակարարման մրցույթ է հայտարարվել, հաղթել է N ընկերությունը: Անցած տարվա սեպտեմբերին կահույքը մատակարարվել է, սակայն մեր աղբյուրի տվյալներով, ընդունման ժամանակ «ԱրմենՏելի»՝ այսինքն պատվիրատուի աշխատակիցները հայտնաբերել են պատվիրված եւ մատակարարված կահույքի, ինչպես նաեւ դրա որակի եւ գնի անհամապատասխանություն: Օրինակ, գնված սեղանների համակարգը ունի շատ պարզ կառուցվածք, չունի ժամանակակից դիզայն, պատրաստված չէ առաջավոր տեխնոլոգիական նյութերով, այսինքն՝ մատակարարված կահույքն ընդունողների գնահատմամբ, ակնհայտ է եղել փաստացի առաքված սեղանների համակարգերի ցածր որակը՝ համեմատած մրցույթին ներկայացված առաջարկի որակատեխնիկական ցուցանիշների հետ: Եթե խնդիրը միայն դիզայնը լիներ, կարելի էր եւ յոլա գնալ: Բայց մասնագետների հաշվարկով, սույն գործարքի արդյունքում «ԱրմենՏելը» նաեւ ֆինանսական կորուստներ է կրել: Մասնավորապես, $14690 գզրոցների համար է ավելի ծախսել, քան դրանք կարժենային իրականում, $1770՝ գրապահարանների համար: Սովորաբար նման պարագայում յուրաքանչյուր ընկերություն պաշտպանում է իր շահերը: Այս դեպքում, չնայած այն հանգամանքին, որ «ԱրմենՏելի» վարչական գլխավոր տնօրեն Քարալամպոս Լումակիսը եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը, մեր աղբյուրների տվյալներով, տեղյակ են պահվել այս ամենի մասին, սակայն վնասը վերականգնելու ուղղությամբ քայլ չեն ձեռնարկել: Ավելին, մեր տեղեկություններով, «ընդդիմացած» աշխատակիցները նույնիսկ պատժվել են: Այս ամենի վերաբերյալ, բնականաբար, խնդրեցինք նաեւ «ԱրմենՏելի» պարզաբանումները: Լրատվական ծառայությունից նախ հերքեցին, որ նման բան կա, այնուհետեւ տեղեկանալով, որ նաեւ փաստաթղթեր ունենք, նշեցին, որ դրանք «ԱրմենՏելի» ներքին խնդիրներն են: Մինչդեռ դժվար է սա «ԱրմենՏելի» ներքին խնդիրը համարել. այս ընկերությունը Հայաստանի պետական բաժնեմաս ունի, մենաշնորհ ունի, որն ստանալու համար երկրի հեռահաղորդակցության ցանցը բարելավելու պարտավորություն է վերցրել։ Որոշ տվյալներով՝ գյուղերը հեռախոսային ցանցով չապահովելու համար մարդիկ են տուժել, որի պայմաններում 15-16 հազար դոլարը էական նշանակություն ունի: Չի բացառվում, որ նման դեպքեր էլի են եղել, պարզապես, հնարավոր է այդ մասին շատ դեպքերում չենք տեղեկանում: Այսպես կառավարում են ուրիշի սեփականությունը: Շուկայական տնտեսությունում առնվազն անհասկանալի է սեփական ֆինանսական միջոցներին այս կերպ վերաբերվելը: Այլապես՝ ընկերությունը, Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, կարող էր մատակարար ընկերությունից պահանջել գումարի տարբերությունը, ինչը, մեր աղբյուրի տեղեկություններով, չի արվել: Եվ բացի այն, որ ընկերության կառավարման այսպիսի մեթոդներից տուժում են սպառողները, պետությունը, փաստորեն, նաեւ խնդիր է առաջանում ներդրումների ներկայացված չափի հավաստիության հետ կապված: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ Թեեւ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը խոստացել էր պատասխանել «Առավոտի» հարցերին, երկուշաբթի նա հրաժարվեց այդ մտադրությունից: Բացը լրացրել ենք մեր աղբյուրների տեղեկություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել