Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ՝ վաստակավոր, դրսում՝ ժողովրդական

Մարտ 26,2004 00:00

Այստեղ՝ վաստակավոր, դրսում՝ ժողովրդական Օրերս լրանում է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Դավթյանի ծննդյան 55 եւ բեմական գործունեության 30 տարին։ Հոբելյանական տարին հենց սկզբից Արաքս Դավթյանը սկսեց երկարատեւ համերգային շրջագայությամբ ԱՄՆ։ Կոստա Մեսսա ու Պալմ Սպրինգս քաղաքներում նրան ընկերակցեց Մոսկվայի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանդին Օրբելյանի ղեկավարությամբ։ Համերգները կազմակերպել էր Lisa Sapinkopf Artists ընկերությունը։ Ամերիկյան լրատվամիջոցները նշել են երգչուհու լայն դիապազոնի, լավ երանգավորված, միշտ ամուր ու հավասար հնչող ձայնը, որը հնարավորություն է տալիս ունկնդրին մատուցել ամենատարբեր երկեր՝ հարազատ մնալով դրանց բովանդակությանն ու տրամադրությանը։ Սա հայ ունկնդրի համար նորություն չէ։ Նորություն էր հետեւյալը. համերգային բուկլետներում, ազդագրերում Ա. Դավթյանը ներկայացված էր ՀՀ ժողովրդական արտիստուհի։ «Արդեն տարիներ շարունակ ԽՍՀՄ քաղաքներում եւ արտերկրում ինձ ներկայացնում են ժողովրդական արտիստուհի՝ առանց նախօրոք համաձայնեցնելու»,- «Առավոտին» ասաց երգչուհին։ Ըստ նրա, դրսում համոզված են, որ նա վաղուց ժողովրդական արտիստուհի է։ «Առավոտի» դիտարկմանը՝ երեւի դա գալիս է ոչ թե հայրենիքում, այլ արտերկրում հաճախակի ելույթներից, Ա. Դավթյանը հակադարձեց. «Ես ոտքից գլուխ հայ երգչուհի եմ, հետեւաբար վաղուց հայտնված կլինեի «այնտեղ»։ Երբ երեւանյան համերգասրահները միաժամանակ վերանորոգվում էին, ես հանդես եմ եկել նույնիսկ «Մոսկվա» կինոթատրոնի բեմում»։ Անդրադառնալով ամերիկյան շրջագայությանը, երգչուհին նշեց, որ հանդես է եկել զուտ հայկական երգացանկով՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Նարեկացի, Ա. Խաչատրյան եւ այլն։ Խնդրեցինք համեմատել այնտեղի ու այստեղի հոնորարները։ Ա. Դավթյանի խոսքերով. «Իմաստ չունի համեմատելը՝ հասկանալի պատճառով (դա ծիծաղ կառաջացնի)։ Միայն կցանկանայի, որ Հայաստանի բյուջետային քաղաքականությունը այնքան օպտիմալ լիներ, որ տեսադաշտից մշակույթը գրամ անգամ դուրս չմնար։ Պարզ մի օրինակ՝ մեզ մոտ ժամանած հյուրերը առաջին հերթին հետաքրքրվում են, թե երեկոյան ո՞ւր գնալ։ Նրանց նախ հետաքրքրում է ազգային մշակույթը, հետո նոր՝ ռեստորաններն ու զվարճանքի վայրերը։ Ճիշտ կլիներ առաջին հերթին՝ «եթե ոչ արտահերթ», արվեստագետներին լավ աչքով նայելը»։ Մեզ հետ 2003թ. ունեցած հարցազրույցում երգչուհին տեղեկացրել էր, որ ավարտվել են իր մասնակցությամբ Ղազախստանում նկարահանված «Վոկալ զուգահեռներ» երաժշտական ֆիլմի աշխատանքները։ Նշված ֆիլմի ճակատագրով մեր հետաքրքրությանը Ա. Դավթյանն ասաց. «Չգիտեմ ինչու է ձգձգվում ֆիլմի էկրան բարձրանալը, բայց ինձ համար հաճելի էր աշխատել ռեժիսոր Ռուստամ Խամդամովի, հայտնի կոնտրտենոր Էրիկ Կուրմանգալիեւի, դերասանուհի Ռենատա Լիտվինովայի հետ»։ «Առավոտին» հասած լուրերն այն մասին, որ Ա. Դավթյանը երգիչներ է պատրաստում ոչ միայն Երեւանի կոնսերվատորիայում, այլեւ Մոսկվայում, երգչուհին չհերքեց՝ նշելով, որ իր մոսկվացի սանուհիներից Լոլիտա Սեմենինան Վիոտտիի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է ու Մեծ թատրոնի մեներգչուհի, Ելենա Ֆուրնոսովան՝ անցյալ տարի Չիլիում կայացած վոկալիստների մրցույթի դափնեկիր։ Զրույցի վերջում երգչուհին տեղեկացրեց, որ Երեւանի պետկոնսերվատորիայում պատրաստում է մեկից ավելի (ստույգ թիվը չնշեց) ուսանողներ, որոնք այս տարի կմասնակցեն միջազգային մրցույթների։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել