Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԻՐԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱՄ ԷԴ 90 ՏՈԿՈՍԸ

Ապրիլ 03,2004 00:00

ԵՍ ԻՐԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱՄ ԷԴ 90 ՏՈԿՈՍԸ Վարչապետի մասին ասում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպելու հերթը ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանինն էր: Շարժառիթը վարկերն ու դրամաշնորհներն ստուգող խորհրդարանական հանձնաժողովի (որի նախագահն է Վ. Հովհաննիսյանը) զեկույցին կրկին անդրադառնալն էր եւ այս համատեքստում ՀՀ վարչապետին մարտահրավեր նետելը: Ինչի մասին էլ որ խոսում էր ԱԺ փոխնախագահը՝ թե՛ քաղաքական հարցերի, թե՛ վարկերի, վերջում հիշում էր վարչապետին՝ բնականաբար բացասական համատեքստում: Պրն Հովհաննիսյանը բացատրեց նաեւ, թե ինչու են այս հարցերին անդրադառնալու համար ընտրել հենց ուսանողների լսարանը. «որովհետեւ մեր կյանքում լիդերների սերնդափոխությունը պետք է ավելի ակտիվ եւ արագ տեմպերով զարգանա, մենք այսօրվա ուսանողների մեջ տեսնում ենք վաղվա երիտասարդ մասնագետներին, ովքեր աշխատելու են ԾԻԳ-երում: Մենք ուզում ենք, որ հակակոռուպցիոն պայքարի մեջ երիտասարդները մեզ հետ լինեն՝ ոմանց (նկատի ուներ, հավանաբար, վարչապետին- Հ. Բ.) մտահոգող հեռուն գնացող նպատակներով, դրա համար էլ ձեզ մոտ եմ եկել: Որովհետեւ այս ձեւով կուտակվող պարտքը դուք եք մարելու»: Ընդհանրապես, Վ. Հովհաննիսյանն էլ, ինչպես ՀՀ նախագահը, կարծում է, որ հիմարություն կլինի չօգտվել մեզ առաջարկվող արտոնյալ վարկերից, սակայն խնդիրն այն է, թե ինչպես են դրանք օգտագործվում: Մի՞թե այնպես, ինչպես ջրային տնտեսությանը տրամադրած ՀԲ 30մլն դոլարանոց վարկը: Վահան Հովհաննիսյանը անդրադարձավ նախ այն խնդրին, թե մոտեցման առումով ճիշտ չէ այս զեկույցը քաղաքականացնել, որովհետեւ հանձնաժողովը աշխատել է որպես մեկ միասնական մարմին, եւ նրա մեջ կուսակցական պատկանելությունն ու քաղաքական հայացքները որեւէ նշանակություն չեն ունեցել: «Եվ պետք չէ զարմանալ՝ այո, մենք այդ անալիզը կատարել ենք հենց կառավարության եւ տարբեր ատյանների տված փաստաթղթերի հիման վրա, պարզապես դրանց նայել ենք ոչ թե հեռվից ու տակը ստորագրել, ինչպես շատ հաճախ անում են մեր կառավարության մեջ, այլ կարդացել ենք ուշադրությամբ»: ԱԺ փոխխոսնակը շարունակում էր ապացուցել, թե որքան աննպատակ են ծախսվել գումարները: Այսպես՝ ծախսերի 27 տոկոսը գնացել է կառավարմանը՝ ոչ արդյունավետ աշխատանքին: Եվ դա՝ աշխարհում ընդունված 2-5 տոկոսի փոխարեն: Այսինքն՝ 8.3 մլն դոլար (այն դեպքում, երբ շինարարական ծախսերը կազմել է գումարի 22 տոկոսը), որից 3 մլն-ը՝ օպերատոր «Էյ Յութիլիթիին», մնացածը բաշխվել է հետեւյալ կերպ. 1.5-ը նորից օպերատորին՝ որպես պարգեւ: Ոչինչ, որ ցուցանիշը «0» էր: 1.2 մլն՝ 15 տոկոսը, գնացել է ԾԻԳ, որի աշխատողների թիվը խիստ ուռճացված է՝ 23 հոգի, որոնք 3 տարի շարունակ ծախսել են տարեկան 250 հազար: Սակայն 2.6 մլն գնացել է խորհրդատվական ծախսերին. այդ դեպքում այն 23 հոգանոց մասնագետների խումբն էլ ինչի՞ համար էր: Բազմաթիվ այլ թվեր բերելուց հետո պրն Հովհաննիսյանն ասաց. «Ես կխնդրեի, որ վարչապետը կամ իրեն խորհուրդ տվող քաղաքացիները այս թվերը մեկնաբանեին՝ այդ 90 տոկոսի տրամաբանության մեջ»: Վերջին ասվածը պատասխանն է ՀՀ վարչապետի այն կասկածին, թե հանձնաժողովի այս զեկույցը 90 տոկոսով կեղծ է: «Ես վստահ եմ, որ կառավարության մեջ ատյաններ կան, որոնք երազում չեն տեսել այդ էքսպերտային մակարդակը, որով աշխատել է մեր հանձնաժողովը: Եվ այն մարդիկ, որոնք վարչապետին (որը վստահաբար զեկույցը չի կարդացել) խորհուրդ տվեցին համաձայնություն չհայտնել եւ 90 տոկոսով հերքել սա, ընդ որում՝ բացարձակապես անհիմն կերպով, առանց որեւէ հիմնավորում բերելու, այդ մարդիկ նրան արջի ծառայություն մատուցեցին, որովհետեւ ես կարող եմ դնել հարցեր, որոնց պատասխանները պիտի այդ մարդիկ տան: Եվ եթե մենք տրամադրված էինք խաղաղասեր կերպով եւ ենթադրում էինք, որ առաջին զեկույցն է, եւ մենք այս մարդկանց կտանք իրենց սխալներն ուղղելու հնարավորություն, ապա հիմա ես իսկապես ջղայնացած եմ, որովհետեւ ՀՀ վարչապետին իսկապես թյուրիմացության մեջ են դրել կամ ինքն է իրեն դրել եւ արտահայտվել է բավականին կոշտ եւ ոչ կոռեկտ կերպով: Ես կարծում եմ, որ նա պետք է առնվազն մանրամասն ուսումնասիրեր մեր զեկույցը, որի հիման վրա էլ կազմեր իր դրական կամ բացասական վերաբերմունքը, էսպես երկնքից վերցնել ու ասել 90 տոկոսի հետ համաձայն չեմ, հիմա ես իրան ցույց կտամ էդ 90 տոկոսը: Եթե նա կամ նրա էքսպերտները կկարողանան ցույց տալ, որ որեւէ տեղ սխալ կա, ես պաշտոնապես ներողություն կխնդրեմ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել