Լրահոս
Օրվա լրահոսը

Խելահասության կանխավարկած

Ապրիլ 07,2004 00:00

Խելահասության կանխավարկած «Բոլոր ձվերը նետված են. ոչինչ այլեւս չի խանգարում իշխանություններին պարել»: Քաղաքում տարածված այս կատակը միանշանակ վկայում է այն բանի մասին, որ հասարակական կարծիքը վերջին ժամանակաշրջանի ընդդիմության հանրահավաքներում սադրանքներն ու անկարգությունները վերագրում է իշխանությանը: Եվ դրա համար, ինչ խոսք, հիմքեր կան: Որքան էլ պաշտոնական քարոզչությունը փորձի համոզել, որ երկուշաբթի օրը «Նաիրի» կինոթատրոնի մոտ լրագրողների վրա հարձակվել են «ընդդիմադիր ընտրազանգվածի ներկայացուցիչները», դա համոզիչ չի թվում: Բարեբախտաբար, թերթերում տպագրված են այդ մարդկանց լուսանկարները, «Կենտրոն» հեռուստաընկերությունը ցուցադրել է համապատասխան տեսաժապավենը: Ո՞ր խելամիտ մարդը կհավատա, որ նրանք հանրահավաքի շարքային մասնակիցներ են: Պարզ չէ՞, որ այդ հաստավիզ եւ թիկնեղ երիտասարդները հատուկ են ուղարկված հանրահավաքի՝ սադրանքներ կազմակերպելու նպատակով: Ծայրահեղ երեսպաշտ է թվում Երեւան քաղաքի ոստիկանության պետ Ներսես Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ «չարտոնված հանրահավաքի ընթացքում, մեզ հասած տեղեկատվությամբ, եղել են հակադիր կարծիքներ ունեցող քաղաքացիների ընդհարման եւ վիճաբանության առանձին դեպքեր, ինչն անխուսափելի է նման պայմաններում»: Եզական արտաքինով այն երիտասարդը, որը նպատակաուղղված հարձակվել էր «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի վրա՝ նկարահանումը թույլ չտալու համար, որեւէ բանավեճի մեջ չի մտել մեր լրագրողի հետ, պարզապես ծեծել է կնոջը եւ գետնով տվել մեր ֆոտոխցիկը: Այդ հանցագործի նկարը տպագրված է մեր թերթում: Գտեք նրան եւ դատեք՝ «հակադիր կարծիքի» մասին հեքիաթներ պատմելու փոխարեն: Ովքե՞ր են նրանք, այդ հաստավիզները՝ «օրգանի» աշխատողներ, որեւէ օլիգարխի թիկնապահներ, թե որեւէ կուսակցության պատկանող սադրիչներ, դժվար է ասել: Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը չի նրանց ուղարկում հանրահավաքներ խանգարելու: Նախագահ Քոչարյանին պարզապես ձեռնտու չեն նման միջադեպերը: Մանավանդ, որ նա գիտե, թե որքան նրբազգաց է Արեւմուտքը լրագրողների հանդեպ բռնությունների նկատմամբ: Ավելի հավանական է, որ դա այս կամ այն նախարարի, մարզպետի, թաղապետի կամ օլիգարխի անձնական նախաձեռնությունն է՝ ավելի բարձր ղեկավարության առաջ միավորներ հավաքելու նպատակով: Իսկ նախագահն այս ամենին իր մասնակից չլինելը կարող է շատ հեշտ ապացուցել՝ հետամուտ լինելով, որ լուսանկարներում եւ տեսաժապավեններում պատկերված «բուղաները» պատժվեն օրենքի ամենայն խստությամբ: Կրկնում եմ՝ կա լուսանկարը, կա հանցագործությունը, եւ կա մեր հայտարարությունն այդ հանցագործության մասին (օրինակ՝ այս տեքստը): Խոսքն իրավապահ մարմիններինն է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Լուսանկարում պատկերված է այն երիտասարդը, որը գնդապետ Նազարյանի հայտարարությամբ «հակադիր կարծիքներ» էր արտահայտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել