Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում օրինագծի դեմ աշխատում են

Ապրիլ 07,2004 00:00

ԱԺ-ում օրինագծի դեմ աշխատում են Իսկ «ԱրմենՏելը» տեղյակ չէ իր գործունեությունը կարգավորող օրինագծից ԱԺ մեր աղբյուրի հաղորդմամբ, «ԱրմենՏելը» լոբբինգ է սկսել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ: Հիշեցնենք, սա հենց այն օրենքն է, որով ընկերությունը վերջնականապես զրկվում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում ունեցած իր մենաշնորհային դիրքից: Հայտնելով «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու իր որոշման մասին, կառավարությունը նշեց նաեւ դա օրենքով ամրագրելու ընթացակարգը: Այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ մտավ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» անունով, որի կարգավորման առարկան ու մոտեցումները, ի դեպ, նաեւ միջազգային կառույցների պահանջով է հիմնավորել կառավարությունը: Օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Բայց մինչ օրս «ԱրմենՏելը» դրա վերաբերյալ հրապարակային տեսակետ չի հայտնել: Օրինագիծը նախատեսում է, որ հեռահաղորդակցության շուկան կհայտնվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «տիրույթում»: Թեեւ մինչ այս էլ հեռահաղորդակցության շուկան կարգավորվում էր կապի նախարարի հրամաններով, բայց այժմ օրինագծով սահմանվում են նաեւ սկզբունքներ, համաձայն որոնց, գերիշխող օպերատորը հնարավորություն չի ունենա չարաշահել իր դիրքը: Սրանցից հատկապես առանցքային են փոխկապակցման վերաբերյալ դրույթները, համաձայն որոնց, «յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է պահանջի հիման վրա փոխկապակցել հանրային հաղորդակցության իր ցանցը որեւէ այլ օպերատորի հանրային հաղորդակցության ցանցի հետ»: Ընդ որում, նշվում են նաեւ փոխկապակցման սկզբունքները. օրինակ, այն «պետք է տրամադրվի այնպես, որ հանրային հեռահաղորդակցության ցանցերից յուրաքանչյուրի բոլոր հաճախորդները կարողանան հաղորդակցվել հանրային հաղորդակցության մյուս ցանցերի բոլոր հաճախորդների հետ կամ ստանալ ծառայություններ մյուս ցանցերից»: Այս դրույթները, փաստորեն, այլ օպերատորի՝ մեր հեռահաղորդակցության շուկայում «ինտեգրվելու» ժամանակ բացառում են «ԱրմենՏելի» կողմից կամայական կամ ընտրովի մոտեցման հնարավորությունը: Օրինագիծը նաեւ սահմանում է, որ այդ շուկայում գերիշխող օպերատորը չի կարող մերժել իր ծառայությունները, ենթակառուցվածքները որեւէ այլ օպերատորի կամ ընկերության, պարտավոր է այդպիսի հարցերում հավասար մոտեցումներ ցուցաբերել, հակառակ դեպքում պարտավոր է ապացուցել, որ մերժել է իր հնարավորություններն սպառված լինելու պատճառով: Մի խոսքով, այս բոլոր դրույթները «ԱրմենՏելին» զրկում են մենաշնորհից, բայց հետաքրքիրն այն է, որ օրինագծի վերաբերյալ տեսակետ հայտնելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան, «ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ օրինագիծը պաշտոնապես չեն ստացել, այդ պատճառով մինչ այժմ տեսակետ չեն հայտնել: Ընդհանրապես, ընդունված է, որ շահագրգիռ սուբյեկտն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում օրինագծերի մշակման ընթացքում: Ուստիեւ, քանի որ օրինագիծն էլ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, ընկերությանը «հասանելի» է օրինագիծը, որը հետագա գործունեության համար ճակատագրական է լինելու: Թե արդյոք դրա դեմ լոբբինգ իրականացնու՞մ են, չպատասխանեցին, ինչը կարող է վկայել կամ «ճամպրուկային տրամադրության», կամ իրականացնելու, կամ սեփական բիզնեսի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի մասին: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել