Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվերով սպանություն

Ապրիլ 08,2004 00:00

Պատվերով սպանություն Մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Օշական գյուղում սպանվեց 47-ամյա գործարար Յուրի Գրիգորյանը։ 2 օր առաջ տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ դարձավ Փաստաբանների միջազգային միության անդամ Լիպարիտ Սիմոնյանը։ Վերջինս հայտնի է մի քանի աղմկահարույց քրեական գործերից: Պրն Սիմոնյանը պաշտպանել է ռազմական ոստիկանության աշխատակիցներ Արշակ Մանուկյանին եւ Արտակ Նիկողոսյանին, Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրվող Գրիգոր Պետրոսյանին («Մզդր»), Եղվարդի 2002թ. սպանության գործով Ռոբերտ Ղազարյանին։ Երեկ Լ. Սիմոնյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ դեպքին մասնակցել են Օշականի բնակիչներ Սաշիկ Մելիքյանը, Թադեւոս Փիրզիկյանը, Խաժակ եւ Գրիգոր Բադալյանները, բարձրաստիճան ոստիկան Աշոտ Միրիջանյանի փեսան՝ Արտակ Մկրտչյանը։ Փաստաբանը, որը ծանոթացել է գործի նյութերին, հայտնեց, որ Սաշիկ Մելիքյանին եւ Թադեւոս Փիրզիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-8 կետերի համաձայն. պատվերով սպանության, որը մի խումբ անձանց կողմից կազմակերպվել է, շահադիտական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով։ Լ. Սիմոնյանը տեղեկացրեց նաեւ, որ վերոնշյալ երկուսը փախուստի մեջ են եւ Աշտարակի դատախազի ավագ օգնական Բաբայանի կողմից հայտարարված է հետախուզում: Տուժողի կինը՝ Ելենա Գրիգորյանը նախաքննության մարմնին հայտնել էր, որ 2001թ., երբ տղան՝ Արտակը, պատրաստվում էր բուհ ընդունվել, Սաշիկ Մելիքյանը («Թուրք» մականունով) փորձել է իր «թրի տակով» անցկացնել նրան։ Երբ երեխան չի ենթարկվել, նրանք «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հարձակվել են Արտակի անձնական օգտագործման 2110 մակնիշի «Ժիգուլի» ավտոմեքենայի վրա։ «Այդքան քաշքշուկների նպատակը ամուսնուցս փող կորզելն էր։ Ամուսինս ասաց, որ Մելիքյանի ուզած գումարն այնքան ահռելի է, որ ես ամբողջ կյանքս պետք է Յակուտսկում աշխատեմ, որ կարողանամ նրա ուզածը տալ»,- գրել էր իր բողոքում Յուրիի այրին։ Մարտի 28-ին նախ Յուրիի վարորդի, ապա նրա վրա, դավադրաբար թաքնված, քարերով հարձակվում են Խաժակն ու Գրիգորը եւ ոտքով հարվածում մեջքին։ Նրանք ջարդում են նաեւ Յուրիի ավտոմեքենան։ Այդ վիճակով գործարարը գալիս է տուն: «Այդ ամենից հետո նա եղբոր՝ Հարութի հետ միասին գնացին, որ մեքենան բերեն։ Երկու ժամից իմացա, որ ամուսնուս մահացած տեղափոխել են հիվանդանոց»,- նախաքննական մարմնին հայտնել է տուժողի իրավահաջորդը։ Փաստաբան Լ. Սիմոնյանը ասաց նաեւ, որ սպանությունը կատարվել է ինչպես ավտոմատով, այնպես էլ որսորդական հրացանով։ Նախկինում դատված Սաշիկ Մելիքյանը զբաղվում էր ռեկետով: Նա նպատակ ուներ «հարկային դաշտ բերել» նաեւ Յուրի Գրիգորյանին: Սպանված գործարարը շինարար էր եւ բարի համբավ ուներ: Նա իրականացրել էր գյուղի ջրամատակարարման գծի վերանորոգման աշխատանքները եւ երազում էր տեղի մանկապարտեզը վերանորոգել: Յուրիի մահը սգացել եւ ցավակցական հեռագրեր են ուղարկել Յակուտսկի քաղաքապետը, Յակուտիայի ԱԺ նախագահը, ԳԱԱ նախագահը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել