Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԻԿԱ ԵՌՕՐՅԱՆ ՆՈՐՄԱԼ ԿԸՆԹԱՆԱ»

Ապրիլ 22,2004 00:00

«ԱՌԱՋԻԿԱ ԵՌՕՐՅԱՆ ՆՈՐՄԱԼ ԿԸՆԹԱՆԱ» Խոստանում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակ մեղադրում են ընդդիմությանը իշխանատենչության մեջ։ Ասվում է, որ ընդդիմությունը գաղափարազուրկ է ու միակ ձգտումը իշխանության գալն է, եւ ընդդիմության շարժումը շատերի կողմից ընկալվում է որպես աթոռակռիվ։ Իրականում իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերը եւս զուրկ չեն այդ «բարեմասնությունից», եւ նրանք եւս պայքարում են հանուն «աթոռի պահպանման»։ Ստացվում է, որ գաղափարները այս դեպքում եւս երկրորդական են եւ թիվ մեկ խնդիրը իշխանությունը պահելն է։ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ մեր երեկվա զրույցում ներկայացրինք վերը արտահայտված դիտարկումը, որին պրն Թորոսյանը համաձայն չէր։ Վերջինիս հակափաստարկը հետեւյալն էր. «Նախ ասեմ, որ հանրապետականները ոչ երեկվա, ոչ այսօրվա եւ ոչ էլ վաղվա ընդդիմությանը երբեք չեն մեղադրել եւ չեն մեղադրելու, որ ուզում են իշխանություն ունենալ։ Որովհետեւ ցանկացած կուսակցության նպատակն է ծրագրեր առաջադրել եւ իշխանության գալով այդ ծրագրերն իրականացնել։ Հակառակ դեպքում անհեթեթ է որեւէ կուսակցության գոյությունը»։ Տիգրան Թորոսյանը այս թեմայի շրջանակներում հարկ համարեց անդրադառնալ մի քանի տասնյակ այլ կուսակցությունների, որոնք առիթը բաց չեն թողնում գլուխ գովել, որ իրենք ոչ իշխանության մեջ են եւ ոչ էլ՝ ընդդիմության. «Մի բան, որը անհեթեթ է։ Եթե իշխանության մեջ չես՝ ինքնաբերաբար ընդդիմության մեջ ես։ Եթե դրանից էլ ես հրաժարվում, ի՞նչ ես անում ընդհանրապես քաղաքական ասպարեզում»։ ԱԺ փոխնախագահին հարցրինք նաեւ, թե որքան ժամանակ է կոալիցիան պատրաստվում «բոյկոտել» խորհրդարանի աշխատանքը, արդյո՞ք առաջիկա եռօրյան տեղի կունենա։ Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ. «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ եռօրյայում, բացառություն էր եւ այդպիսին էլ պետք է մնա խորհրդարանի աշխատանքում։ Առաջիկա եռօրյայում ես համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա, համոզված եմ, որ այս եռօրյայում անպայման պետք է ընդունվի «Հանրահավաքների, ցույցերի, երթերի մասին» օրենքի նախագիծը՝ լիարժեք իրավական հարթություն ապահովելու նման քաղաքական միջոցառումների համար։ Ինչը օգտակար կլինի ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության համար։ Ընդդիմության համար, որ լիարժեքորեն պաշտպանված լինի իր իրավունքը՝ սահմանադրական իրավունքը իրացնելու տեսակետից։ Իշխանության համար, որ մինչեւ վերջ ամենայն մանրամասնությամբ հստակ կանոնակարգված լինի՝ ով ի՞նչ պետք է անի, որպեսզի ավելորդ մեղադրանքներ չհնչեն»։ Տիգրան Թորոսյանը կարեւորեց երկրի հիմնական կառույցների բնականոն աշխատանքը. «Սա եւ կայունությունն է ապահովում, եւ ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը պատրաստ են եւ պարտավոր են իրենց հարաբերությունները ճշտել այդ կառույցներում»։ Տիգրան Թորոսյանին հիշեցրինք, որ ամիսներ առաջ, երբ ԵԽ-ն պարզապես պարտադրել էր պատժել 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ կեղծիքներ եւ ապօրինություններ իրականացրած մարդկանց, ինքը՝ պրն Թորոսյանը մեր թերթին տրված հարցազրույցում ասել էր, թե պատրաստվում է դիմել դատախազին՝ այդ մասին տեղեկություն ստանալու համար։ Երեկ փորձեցինք ճշտել՝ ստացվե՞լ է որոշակի տեղեկություն։ Մանավանդ, կոալիցիայի առաջարկած երկխոսությանը «Արդարություն» դաշինքը հարկ կհամարի անդրադառնալ միայն այն դեպքում, երբ կպատժվեն նախագահական ընտրությունների ժամանակ կեղծիքներ իրականացրած անձինք, ինչպես նաեւ կդատապարտվեն ապրիլի լույս 13-ի գիշերը բռնություններ կատարածները։ Երեկ փորձեցինք ճշտել՝ կա՞ արդեն այս ամենի մասին ինֆորմացիա, որը հնարավորություն կտա երկխոսության սկսմանը։ Ըստ պրն Թորոսյանի. «Մեր գործընկերները սայլը դնում են եզից առաջ՝ նման նախապայմաններ ձեւակերպելով։ Հիշեցնեմ, որ կոալիցիայի առաջարկությունները շատ ավելի լայն են, այնտեղ ձեւակերպումներ կան, որոնք շատ ավելի կարեւոր են եւ միայն պատգամավորի գործունեության հետ չեն կապված։ Հաջորդ հարցը եւս շատ կարեւոր է՝ երկխոսության օրակարգը մենք բաց ենք թողել։ Կարծում եմ, կոալիցիայի առաջարկությունը շատ ավելի լուրջ է, քան մեկնաբանվում է»։ Իսկ 2003-ի մեղավորներին պատժելու մասին պրն Թորոսյանը դատախազությունից կհետաքրքրվի առաջիկայում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել