Լրահոս
Օրվա լրահոսը

«Միավորվածները» սատարեցին Ռ. Քոչարյանին

Ապրիլ 27,2004 00:00

«Միավորվածները» սատարեցին Ռ. Քոչարյանին Եվ բացահայտեցին «ՀՀՇ-ի ականջները» Երեկ Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության առաջնորդ Յուրի Մանուկյանը լրագրողներին ներկայացրեց միավորվածների հերթական խոսքը։ Այն նախորդների գեղարվեստականացված ձեւն էր։ Այս կոնտեքստում ՀՄԿԿ հայտարարությունում գրված է. «Այս լարված պայմաններում ամեն մի քաղաքական -պետական գործիչ, ամեն մի կուսակցություն եւ հասարակական կազմակերպություն իրավունք չունի նախապատվություն տալ նեղ կուսակցական կամ այլ եսասիրական խնդիրներին, այլ պարտավոր է առաջնորդվել միայն ու միայն ժողովրդի ու պետության գերագույն շահերով»։ «Դո՞ւք էլ եք երկխոսության կոչ անում» հարցի պատասխանն այսպիսին եղավ. «Անիմաստ է երկխոսությունը, եթե այն վերջնագրերով է պայմանավորված։ Խորհուրդ ենք տալիս ընդդիմություն խաղացող ընկերներին՝ ձերբազատվել այդ բարդույթից»։ Իսկ իշխանությունների մասով ընկեր Մանուկյանը լռեց՝ հավատարիմ մնալով «կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքին։ Հայտարարությունում՝ Հայաստանում սոցիալիստական համակարգը, Քոչարյանին պաշտպանելով, վերականգնելու չափից ավելի ուտոպիստական ֆոնի ներքո, ՀՄԿԿ-ն դրսեւորել է «ՀՀՇ-ի եւ հհշածին ուժերի» նկատմամբ իր սրտում կուտակված ողջ մաղձը։ Ըստ այդմ, ժողովրդին «միայն դժբախտություն եւ աղետ» բերած ուժերը, «որքան էլ տարօրինակ է, մնացին անպատիժ»։ Միավորված կոմունիստական դատողությամբ՝ «անպատժելիության մթնոլորտից թեւ առած այդ ուժերն այսօր օգտագործելով ժողովրդից գողացված միջոցները, ինչպես նաեւ Արեւմուտքի որոշ ուժերի ֆինանսական շռայլ ներարկումները եւ կրկին քողարկվելով հայրենասիրական կոչերով ու այս անգամ արդեն հակաղարաբաղյան կարգախոսներով, ձգտում են ռեւանշի, որը նորից երկիրը կնետի քաոսի մեջ»,- իշխանական ճամբարներից արմատներ առնող հանրահայտ այս միտքը նման ձեւակերպում է ստացել։ «Լիքը խնդիրներ ունենք, պիտի աշխատենք, ոչ թե մարդ փոխենք»,- սոցիալիզմ կառուցելու հեռանկարով տոգորված արտահայտվեց Յու. Մանուկյանը։ Սույն հայտարարության՝ ընդդիմությանը հարվածող հատվածներին միացան նաեւ «Կանայք հայոց աշխարհի» եւ «Հայրենիք» կուսակցությունները։ Վերջինների գոյության եւ գործունեության մասին տեղեկությունները սկսվում եւ ավարտվում են ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված լինելով։ Իսկ նախագահի ժամանակավոր բացակայությունն, ըստ ընկեր Մանուկյանի՝ «իր հետքը չի թողնի։ Գոյություն ունեն ուժեր, որոնք սահմանադրության շրջանակներում իրենց աշխատանքը կկատարեն»։ 13-ի դեպքերը ՀՀՇ-ական բռնությունների ընդդիմախոսների որակմամբ՝ «էդ կառույցները (ոստիկանություն- Ն. Գ.) կան, որ Հայաստանում կարգուկանոն պահպանեն»։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել