Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴՄԻՈՒՄՈՎ ՍՈՒՐՃ ԿԽՄԵ՞Ք

Ապրիլ 28,2004 00:00

ԿԱԴՄԻՈՒՄՈՎ ՍՈՒՐՃ ԿԽՄԵ՞Ք Միգուցե կապարով կամ օսլայո՞վ եք նախընտրում Շուկայում այս պարունակության աղացած սուրճի փաթեթներ, իրոք, գոյություն ունեն: Եվ մի շարք ընկերություններ այսօր սուրճ են արտադրում, իրացնում, լայնածավալ գործունեություն իրականացնում՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց արտադրանքը չի համապատախանում ՀՀ պետական ստանդարտներին: Ավելի կոնկրետ՝ սուրճի անվան տակ սպառվող իրենց արտադրածը խմելու ենթակա չէ: Մեր հավաստի տեղեկություններով, անգամ դա հաստատող փորձագիտական եզրակացություններ կան: Պետստանդարտը չէ, որ պատվիրել է այդ փորձաքննությունները: Թե ումն է սուրճերը փորձաքննության ենթարկելու նախաձեռնությունը, առայժմ մեզ հայտնի չէ, սակայն եզրակացություններն արդեն պատրաստ են, ընդ որում՝ ամենաուշագրավ գնահատականներով: Այդ փաստաթղթերին, ըստ մեզ հասած տեղեկությունների, համապատասխան ընթացք է տրվելու: Այդ եզրակացություններում միակ մխիթարական կետն այն է, որ սուրճերը համապատասխանում են սննդային ապրանքներին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, ինչը տվյալ դեպքում էական նշանակություն չունի: Այսպես՝ մեր աղբյուրի տվյալներով, փորձաքննության են ուղարկվել քսանից ավելի տեսակի սուրճեր, որոնցից բացասական եզրակացություններ են ստացվել տասից ավելիի վերաբերյալ: Ավելի ստույգ՝ փորձագետները որոշել են, որ դրանք ոչ լիարժեք ապրանքատեսակ են եւ սպառման համար ոչ պիտանի սննդամթերք, ընդ որում դրանցից մի քանիսը՝ բավականին հայտնի ֆիրմաների արտադրության: Առայժմ խախտումներ թույլ տվող ֆիրմաների անունները չենք նշում: Մեր աղբյուրի վերլուծությամբ, առկա են մի քանի տեսակի խախտումներ: Դրանցից ամենավտանգավորը թունավոր նյութերի առկայությունը կամ նորմայի գերազանցումն է: Սուրճերից շատերում առկա են կապար (Pb) եւ կադմիում (Cd) թունավոր նյութերը, որոնք նորման գերազանցում են երկու, ութ, տասը, տասնհինգ եւ ավելի անգամ: Մասնագետների վկայությամբ, այդ թունավոր նյութերի մշտական օգտագործումը առաջացնում է աղեստամոքսային տրակտի, մարսողության, լյարդի ցիրկուլյացիայի, երիկամների ֆունկցիաների խանգարում, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղ: Ամենավտանգավորն այն է, որ այդ ծանր մետաղները մուտագեն հետեւանքներ են ունենում: Փորձագետները հայտնաբերել են նաեւ օսլա, որի պարունակությունը սուրճերի մեջ ընդհանրապես նախատեսված չէ: Հասկանալի է, որ օսլան հենց այնպես չեն վերցրել եւ խառնել սուրճին: Պարզ է, որ այն սուրճի մեջ հայտնվել է որպես հացահատիկ, որը բոված եւ աղացած վիճակում չի տարբերվում սուրճից: Այստեղից էլ ռեբուսի պատասխանը, թե ինչպես են ֆիրմաները կարողանում 100 գրամանոց սուրճը վաճառել 150-200 դրամով, եւ եկամտի այդ շրջանակներում «տեղավորել» ապրանքի ինքնարժեքը, հարկերը, տրանսպորտային ծախսերը, եւ եկամուտ էլ ստանալ: Սուրճերից մեկում էլ գերազանցել են մոխրայնությունը, պակասեցրել կոֆեինի զանգվածային մասը: Խախտումների մյուս տեսակը թերի մակնշումներն են. փաթեթների վրա հիմնականում բացակայում է արտադրման ժամկետը, տեսակը: Մեր աղբյուրը հաղորդեց, որ այս փորձաքննությունները պատվիրելիս նախաձեռնողները չեն էլ պատկերացրել կամ ակնկալել, որ նման բացահայտումներ կանեն: Այժմ պարզելով, որ հայտնաբերվածը յուրաքանչյուրի առողջությունն է վտանգում, պատրաստվում են անգամ հրապարակել դրանց արդյունքները, ինչը սկանդալ է խոստանում, ընդհուպ մինչեւ իրավական հետեւանքները: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել