Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրմուղի նյարդերը տեղի են տալիս

Ապրիլ 29,2004 00:00

Ջրմուղի նյարդերը տեղի են տալիս Երեկ Երեւանի Ջրմուղ-կոյուղու ներկայացուցիչը դատական գործընթացը փորձում էր վերածել տղայական «ռազբորկայի»։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվող Արաբկիր համայնքի աղտոտված ջրից տուժածների հայցն առաջին անգամ բավարարվեց ամբողջությամբ՝ յուրաքանչյուր տուժողի համար դատարանի վճռով (դատավոր՝ Պարգեւ Օհանյան) «Ջրմուղ-կոյուղուց» բռնագանձել 14 հազար դրամ, որքան եւ պահանջվում էր հայցով։ Մինչ այս կայացած չորս դատավարություններից առաջին երեքում վճռվել է հատկացնել յուրաքանչյուր անձին 359, չորրորդում՝ 8700 դրամ։ Գործերը քննել եւ վճիռներ են կայացրել տարբեր դատավորներ։ Արդյունքների տարբերությունը հայցվոր կողմի ներկայացուցիչները մեկնաբանեցին տարբեր կերպ։ Տուժող բնակիչներին սատարող ՀՅԴ «Կոմիտաս» մասնաճյուղի ներկայացուցիչ Հայկակ Հակոբյանը գտնում էր, որ ամեն ինչ պայմանավորված էր դատավորի անձով՝ մեկն առաջնորդվել է Քաղդատօրի 52-րդ հոդվածով, մյուսն անտեսել է այդ հոդվածն ու առաջնորդվել մարդկային տրամաբանությամբ։ Իսկ հայցվորի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը նկատեց. «Պարզապես սկզբում դատավորները կաշկանդված էին 52-րդ հոդվածով, որը թույլ չի տալիս նույն հիմքով հայցի համար կայացնել տարբեր վճիռներ։ Հիշեցնեմ, որ մինչեւ ՀՅԴ-ի սկսած դատավարությունը, նույն հայցով Ջրմուղի դեմ դատ էր սկսել Սպառողների միությունը, ստացել տխրահռչակ 359 դրամ փոխհատուցումն ու չէր բողոքարկել։ Բայց հետո դատավորներն ապացույցների գնահատման մեջ կողմնորոշվեցին Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայով, որը թույլ տվեց առաջնորդվել մարդու օրական ջրի ծախսի համար ընդունված ստանդարտներով եւ կայացնել արդարացի վճիռ»։ Իսկ նույն դատարանի՝ իրարից կտրուկ տարբերվող որոշումները տուժող քաղաքացիներն էլ բացատրում էին այլ կերպ. «Ներքաղաքական իրավիճակը լարված է, իշխանություններն այս պահին փորձում են սիրաշահել ժողովրդին, դրա համար էլ հարցը սկսել են դրական լուծել»։ Այսպես, թե այնպես, փաստաբան Մ. Առուստամյանը արդեն բողոքարկել էր առաջին՝ «359 դրամանոց» վճիռները եւ լիահույս էր, որ մյուս դատերը կշահեն բավարար պայմաններով։ Հիշեցնենք, որ ՀՅԴ գրասենյակ էր դիմել տուժողների 1600-ից ավելի ընտանիք։ Մինչ այս լսվել է շուրջ 50-ի գործը։ Ընդ որում, չնայած տուժողներն իրենց շահերի պաշտպանին լիազորել են նոտարով, սակայն քննվում են միայն այն քաղաքացիների դիմումները, որոնք դատարանում ապահովում են իրենց ֆիզիկական ներկայությունը։ Փաստաբանը դա բացատրեց նրանով, որ մի քանի բնակիչներ հրաժարվել են իրենց հայցից եւ դատարանին կասկածի տեղիք տվել՝ «գուցե այս մարդիկ հորինովի՞ են»։ Ավելին, տեղեկացանք, որ «փոշմանած» բաժանորդներին այդ քայլին դրդել է Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը։ Նաեւ լուրեր տարածել, թե ՀՅԴ գրասենյակն այս դատավարությունից գումար է ակնկալում՝ բնակիչների ստացած փոխհատուցումից մասնաբաժին «պոկելու» ճանապարհով։ ՀՅԴ ներկայացուցիչն «Առավոտին» հատուկ խնդրեց ծանուցել, որ քաղաքացիներն իրենց վճիռներով հանդերձ, պետք է ներկայանան «Ջրմուղ-կոյուղի» ընկերություն։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել