Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վիճակի՞ ենք լինել մեր ապագայի տերը

Մայիս 04,2004 00:00

Ի վիճակի՞ ենք լինել մեր ապագայի տերը «Բազեներ» բացատրում են, թե ինչու էին «ջերմ ընդունելություն» կազմակերպել Շ. Քոչարյանի եւ Ա. Գեղամյանի համար: Շաբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած պիկետի հեղինակները, ինչպես ընդունված է ասել, բազեականներն էին: Սրանում, իհարկե, ոչ ոք կասկած չուներ: Սակայն ուսանողների շրջանում լուրեր էին պտտվում, թե կազմակերպիչներն ի սկզբանե ուսանողներին տեղյակ չեն պահել, թե իրականում ինչու են գնում օդանավակայան, եւ խաբեությամբ են 4-5 ավտոբուս ժողովուրդ հավաքել՝ Ա. Գեղամյանին ու Շ. Քոչարյանին հայհոյելու՝ վերջիններիս «ոչ հայանպաստ գործելաոճի համար»: Պիկետին մասնակցած տարբեր բուհերի ուսխորհուրդների մի քանի անդամներ մեզ հետ զրույցում, բնականաբար, հերքեցին վերջին վարկածը, սակայն նրանցից ոչ ոք զարմանալիորեն չէր ուզում հրապարակել իր անունը: Զրուցեցինք նաեւ միջոցառման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Զուռնաչյանի հետ: Վերջինս նշեց, որ ԵՊՀ-ից օդանավակայան ուղեւորվելիս իրենց են միացել նույնիսկ պատահական անցորդներ, երբ իմացել են նրանց մտադրության մասին: Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր Գեղամյանին ու Շ. Քոչարյանին ազգի թշնամի են համարում: Ի վերջո, նրանց թիվը, ըստ բազեականների, «5 ավտոբուս էր», իսկ ըստ մեր տեղեկությունների՝ մոտ 100, որովհետեւ ավտոբուսները լիքը չեն եղել: Մեր այն հարցին, թե լինելով Եվրախորհրդի անդամ, արդյոք Հայաստանը պարտավոր չէ՞ հաշվետու լինել Եվրոընտանիքին, պրն Զուռնաչյանը պատասխանեց, որ չի կարելի սեփական երկրի ներքաղաքական հարցերը քննարկել թշնամիների (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի) ներկայությամբ: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Ադրբեջանը ոչ պակաս խնդիրներ ունի իր երկրում, սակայն դրսում այդ հարցերը երբեք չի քննարկում, եւ մեկ միասնական դիրքորոշում է ներկայացնում: Նրանց մտահոգում է նաեւ այն, որ Ա. Գեղամյանը ԵԽԽՎ վեհաժողովում երկրի տնտեսական աճի, աղքատության ու երկրի բնակչության մասին խոսելիս իր ելույթում ներկայացրել է ոչ պաշտոնական թվեր: «Կարեւորելով Հայաստանի ինտեգրումը եվրոպական կառույցներին եւ մեր երկրի քաղաքական կուրսը դեպի միացյալ Եվրոպա, այնուամենայնիվ երիտասարդները վստահ են, որ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները եւ հայ ազգի ապագան պետք է լուծվեն միմիայն հայ ժողովրդի կամոք եւ Հայոց պետության ջանքերով»,- ասվում է նախաձեռնող խմբի պատրաստած հաղորդագրության մեջ: Խումբը նաեւ կոչ է անում խստորեն դատապարտել վերոնշյալ «ապազգային քաղաքական գործիչների»՝ Հայաստանի վրա «մարդ բերելու» քաղաքականությունը: Քանզի «հայ ժողովուրդը ի վիճակի է ինքը լինել իր ապագայի տերը»: Երիտասարդության այլախոհ հատվածը չի կիսում բազեականների կարծիքը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի նախագահ Արարատ Միրզոյանը մեզ հայտնեց խմբի տեսակետը՝ նախ նշելով, որ Եվրախորհրդի առաջ Հայաստանը պատասխանատու է՝ որպես նրա անդամ: Բացի այդ, Ա. Միրզոյանի կարծիքով, անհարկի շահարկվում է նաեւ «դրսից մարդ բերել» արտահայտությունը: «Չէ՞ որ մենք միջազգային հանրության մի մասնիկն ենք»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել