Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմուկ չսիրողներն ընդդեմ ստրիպտիզ բարի

Մայիս 04,2004 00:00

Աղմուկ չսիրողներն ընդդեմ ստրիպտիզ բարի Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանում շարունակվեց Թումանյան փողոցի 13 շենքի բնակիչների հայցի քննությունը ընդդեմ «Յոժիկ» ստրիպտիզ-բարի։ Գործը դատարանում է գտնվում այս տարվա մարտի 20-ից։ Նախորդ շաբաթ նիստը հետաձգվել էր պատասխանող, բարի տնօրեն Լյոնա Աղաջանյանի ցանկությամբ։ Երեկ դատարան էին ներկայացել եւ դատավոր Պարգեւ Օհանյանին իրենց լիազորագրերը հանձնեցին հայցվոր եւ պատասխանող կողմերի փաստաբանները։ 65 բնակիչների անունից ստրիպտիզ բարի դեմ հայց է ներկայացրել ԵՊՀ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանը, նրանց փաստաբանն է Էմմա Մանուկյանը, իսկ բարի ներկայացուցիչն է Նաիրա Չիքիլիզյանը։ Հայցվոր բնակիչները հոգնել են այս բարի «հաճախորդների մեքենաների աղմուկից, ձեռքի հեռախոսներով խոսակցություններից, հարբած զրույցներից, գոռում-գոչյուններից»։ Նրանք պնդում են, որ ամիսներ շարունակ գիշերները խանգարվել է իրենց հանգիստը։ «Բարից եկող թմբուկների ձայնը վիբրացիա է ստեղծում բնակարաներում, վտանգելով մեր առողջությունը»,- ասում է Լ. Չուգասզյանը։ Բարի ներկայացուցիչը՝ Նաիրա Չիքիլիզյանը նախ դատարանից խնդրեց հետաձգել նիստը 10 օրով, որովհետեւ «չեմ հասցրել պատշաճ ծանոթանալ գործի նյութերին եւ համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել»։ Նա նաեւ առարկեց տեսանկարահանմանը, պատճառաբանելով. «Այս գործն այն գործը չէ, որ պետք է հրապարակվի։ Նոր է սկսվում դատաքննությունը եւ չեմ ցանկանում, որ հեռուստացույցով պախարակիչ հարց լինի»։ Դատավոր Պարգեւ Օհանյանը նկատեց, սակայն, որ «ամեն մի հակառեկլամ ռեկլամ է»։ Պատասխանողները դատարանին ներկայացրին Կենտրոնի թաղապետարանի պաշտոնական տեղեկանքը. «Թաղապետարանը բարի գործունեության թույլտվությանը չի առնչվել»։ Դատարանը կոչ արեց կողմերին հաշտության։ Հայցվոր կողմը նկատեց, որ ստրիպտիզցիներին տրվել էր այդ հնարավորությունը. նրանք մինչեւ հունվարի 15-ը պետք է կատարեին ձայնամեկուսացման աշխատանքները, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։ Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 20-ը։ Տեղեկացնենք, որ հայցում թումանյանցիները պահանջում են բարը մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես փակել։ Չփակելու դեպքում հետեւանքների ողջ պատասխանատվությունը դնելով չփակողների, այն է՝ աղմուկը պաշտպանողների վրա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31