Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը» վերականգնվեց

Մայիս 04,2004 00:00

Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը» վերականգնվեց Վիոլետա Գեւորգյանը կրկին հանդես եկավ Աղունի դերում՝ Թեքեյան թատերախմբի կազմում: Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» վիպակի հիման վրա դրամատիկական թատրոնում «Մեծ աշխարհի մեր անկյունը» բեմադրությունը 1982-87թթ. ամենադիտվող եւ սիրված ներկայացումն էր: Վիոլետա Գեւորգյանի անկրկնելի Աղունին դիտելու էին գալիս Հայաստանի տարբեր ծայրերից: Վարպետի Ծմակուտը, որ «Հայաստանից էլ դենն է, աշխարհից էլ», դարձել էր երկրագնդի կարեւորագույն կետերից մեկը: Թեքեյան Մշակութային միությունը հրաշալի նվեր արեց երեւանցի թատերասեր հասարակությանը. մայիսի 2-4-ը Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում վերականգնեց ժամանակին ամենահնչեղ ներկայացումը: Ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանն աշխատել էր ոչինչ չփոխել նախկին բեմադրության մեջ: Եվ ամենակարեւորը. նույնն էր Աղունը՝ Վիոլետա Գեւորգյանը: 20-րդ դարի վերջին 700 անգամ Աղունի դերը կատարած Վիոլետա Գեւորգյանն այս անգամ ընդամենը 3 ներկայացում է խաղալու, եվ հետո վերադառնալու է ԱՄՆ, որտեղ նա հիմա բնակվում է: Սակայն, Վիոլետան դեռ երկար կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ, որպես միակ եւ անկրկնելի Աղուն: Հրանտ Մաթեւոսյանի հանճարեղ գործի ցանկացած բեմադրություն արդեն իսկ տոն է, որովհետեւ, երբ ստեղծագործությունը կատարյալ է, բեմադրիչին եւ խաղացողներին քիչ բան է մնում անելու. ընդամենը՝ չփչացնել: Համենայն դեպս, մայիսի 2-ին Պատանի հանդիսատեսի թատրոն եկած թատերասերները ստացան իրենց սպասվելիք տոնը, իրենց մի բուռ աշնան արեւը: Իսկ Վիոլետա Գեւորգյանի խաղն այնքան բնական էր, որ պահ առ պահ մոռանում էիր, թե դահլիճում ես, իսկ բեմի վրա դերասան է խաղում: Թվում էր, թե դիմացդ իսկական Աղունն է՝ դառն անցյալով, բայց ուժեղ, կայացած, սիրով լի, քնքշանքն ու կոպտությունը միահյուսած, իր մեջ կրող Աղունը: «Սիմոնս քեզնից սեր չտեսավ»՝ ասում էր նանին Աղունին, ու հանդիսատեսը տարակուսում էր՝ բա սա սեր չի, ի՞նչ է, այ նանի: Այսօր կկայանա ներկայացման վերջին (ո՞վ գիտե, գուցե առայժմ՝ վերջին) բեմադրությունը՝ Վիոլետա Գեւորգյանի մասնակցությամբ: Սակայն Թեքեյան թատերախումբը մտադիր է այս ներկայացումը դարձնել խաղացանկային: Իհարկե, Վիոլետա Գեւորգյանի մեկնումից հետո Աղունի դերը կվստահվի մեկ ուրիշին: Դերը՝ դեր, բեմադրությունը՝ բեմադրություն, բայց չպետք է մոռանալ, որ «Աշնան արեւի» մեջ ամենակարեւորը հենց ստեղծագործությունն է: Եվ բնական է, որ չպետք է մոռացվի Հրանտ Մաթեւոսյանի հիշատակը: Իսկ նրան հարգելու լավագույն ձեւը, թերեւս, Վարպետի հեղինակային իրավունքների նկատմամբ երկյուղածությունը պահպանելն է: Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը այս առիթով ասաց. «Անչափ ողջունելի է, որ Վիոլետա Գեւորգյանի վերադարձը նշանավորվեց ներկայացման վերականգմամբ եւ ցուցադրմամբ: Միարժեք լավ քայլ է արվել: Ցանկալի է, որ ներկայացումը լիովին վերականգնվի, եւ խաղացանկում ունենա իր լիիրավ տեղը: Սակայն կա նաեւ հեղինակային իրավունքների խնդիրը: Ինչ խոսք, այս երեք ներկայացման համար մենք այդ խնդիրը չենք բարձրացնի: Սակայն, հետագայում, ներկայացումների, հյուրախաղերի, եթե լինի՝ հեռուստաբեմադրության, եւ այլ բեմադրությունների դեպքում անհրաժեշտ է, որ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի եւ գրողի ժառանգորդների հետ կնքվի հեղինակային եւ հարակից իրավունքների ժամանակավոր փոխանցման պայմանագիր: Հուսով ենք, որ այդ կապակցությամբ որեւէ խնդիր չի առաջանա, եւ ամեն ինչ կլուծվի քաղաքակիրթ մակարդակում, ըստ օրենքի»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31