Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱԿՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ, ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԲԱԶՄԱՆԱՆՔ»

Մայիս 05,2004 00:00

«ՓԱԿՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ, ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԲԱԶՄԱՆԱՆՔ» Բողոքեց հանրահավաքի մասնակիցներից մեկը Երեկ ընդդիմության հերթական հանրահավաքից առաջ «Առավոտը» փորձում էր պարզել, թե ինչպես է Հայաստանում իրականացվում մարդու հիմնական ազատություններից մեկը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը: Մասիսի Պետավտոտեսչության կետի մոտ մենք ականատես եղանք, թե ինչպես էին թվով 11 ոստիկաններ իրար ետեւից կանգնեցնում ավտոբուսներն ու «ՌԱՖ»-երը, նաեւ՝ այլ մեքենաներ։ «Զննումը» տեւում էր բավական երկար։ Ու երբ մենք մոտեցանք ավտոճանապարհային ոստիկաններին՝ հետաքրքրվելու, թե ինչո՞ւ են այդքան մանրազնին ստուգում կատարում, ոստիկանները խուսափում էին մեր հարցերին պատասխանել, ասելով, թե տեղեկատվություն իրենք տալ չեն կարող առանց «02»-ի։ Ի վերջո, գտնվեց մեկ պատասխան եւս. «կանգնեցնում ենք սպիտակ համարանիշով մեքենաները եւ զգուշացնում, որ դրանց ժամկետն անցած է»։ Պետավտոտեսչության մոտ կանգնած ավտոբուսներից մեկի մեջ ոչ թե սովորական երթուղային ուղեւորներ էին, այլ սգո արարողությունից վերադարձողներ։ Կանայք սարսափելի հուզված էին. «այսպես էլ բան կլինի, չեն թողնում մեր հանգուցյալի մահը սգանք, արդեն ինչքան ժամանակ է պահել են այստեղ»։ Մեր հաջորդ երթուղին դեպի Աբովյան քաղաք էր։ Այստեղ եւս ոստիկանական մեքենաները սովորականից շատ էին։ Ոստիկաններն իրենց առատությունը բացատրում էին այսպես. «միջոցառումների օրերին ավելի ուշադիր ենք աշխատում»։ Աբովյանի տարածքում ինքներս որեւէ միջամտության կամ արգելքի ականատես չեղանք։ Սակայն ավելի ուշ՝ արդեն հանրահավաքի եկածներից շատերը պատմում էին, թե ինչպիսի արկածներով են հասել Երեւան։ Արտաշատից եկածներից մեկը պատմեց (անունը չենք հրապարակում իր խնդրանքով). «մենք Արտաշատից գալիս էինք «ՊԱԶ» ավտոբուսով։ Հասանք Մրգավան՝ գազի խողովակների մոտ մեքենան կանգնեցրին Պետավտոտեսչության աշխատողները եւ Մխչյանի թաղային ոստիկան Գագոն։ Հարցրին՝ ո՞ւր եք գնում, պատասխանեցինք՝ «քառասունք»։ Իրենք էլ թե՝ մենք ձեզ ճանաչում ենք։ Մինչ իրենք կմոտենային մյուսներին, մենք՝ 7-8 հոգով փախանք։ Մյուսներին տարան Արտաշատի ոստիկանական բաժին»։ Փակված ճանապարհներից բողոքողներից մեկը նկատեց. «Ստացվում է, որ մարդիկ միտինգների օրերին հարսանիք ու թաղում անելու իրավունք չունեն, թե չէ հանգուցյալով, հարսով ու փեսայով կտեղափոխվեն բաժին»։ Ըստ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանի՝ «Վանաձորի ՀԺԿ կառույցի ղեկավար Ֆրունզե Թովմասյանին երեկ առավոտյան միկրոավտոբուսից իջեցրել են Սպիտակի Պետավտոտեսչության մոտ եւ ետ են ուղարկել։ Ապրիլի 3-ի երեկոյան տարածքի քրեականի պետ Հովիկ Մովսեսյանը 10 ոստիկանների հետ այցելել է Արտաշատի ՀԺԿ կառույցի ղեկավար Արամայիս Բարսեղյանի տուն։ 15 րոպե դուռը անընդհատ բախել են եւ պահանջել, որ բացեն։ Արամայիս Բարսեղյանը տանը չի եղել, կինը հրաժարվել է դուռը բացել։ Պնդել են, որ տիկին Բարսեղյանն ասի, թե որտե՞ղ է Արամայիս Բարսեղյանը։ Ի վերջո՝ հեռացել են»։ Ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ հասնող տեղեկատվությունից եւս մեկը. «առավոտյան փակ է եղել Արմավիրի մայրուղին՝ Մեծամորի եւ Մրգաշատի մոտ։ Չեն աշխատել երթուղային միկրոավտոբուսները։ Մեզ պատմեցին, որ առավոտյան երկու ուսանողական ավտոբուսներ՝ Հոկտեմբերից, Արմավիր քաղաքից եւ Շենավան ու Նոր Կեսարիա բնակավայրերից եկող, ոստիկանները կանգնեցրել են եւ ետ ուղարկել։ Մեծամորի ավտոտեսուչների մոտ մեկ «վիլիս» եւ մեկ ոստիկանական մեքենա փակել են ճանապարհը, բոլոր մեքենաներին կանգնեցրել են եւ շատերին իջեցրել են ու ետ ուղարկել։ Այս մասին պատմել է երկրապահ Հովհաննես Սիմոնյանը, որը հնգօրյա կալանքից նոր էր ազատվել, եւ երեկ մի կերպ կարողացել էր հասնել Երեւան»։ Հոկտեմբեր գյուղի բնակիչ Անահիտ Քոթանջյանի պատմությունը եւս նույնատիպ է՝ ավտոբուսը կանգնեցրել եւ ետ են ուղարկել ու իրեն մի կերպ է հաջողվել պատահական մեքենայով հասնել Երեւան։ Ապրիլի 3-ին ոստիկանները փնտրել են «Հանրապետություն» կուսակցության Արմավիրի խորհրդի ղեկավար Ազատ Գրիգորյանին։ Դուստրիկ Մխիթարյանի փոխանցմամբ՝ Ազատ Գրիգորյանին կանչել է Արմավիրի ոստիկանության վարչության պետը եւ խիստ տոնով հրահանգել՝ չբացակայել տնից։ Իսկ հաջորդ օրը բազմիցս այցելել են Ազատենց տուն եւ փնտրել նրան։ Մարտունի-Երեւան մայրուղում եւս տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ են կանգնած եղել եւ ստուգել են երթեւեկողներին։ Նաիրիի տարածաշրջանում՝ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին ի թիվս այլ «ստուգվողների», ստուգվել է նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Ծատուրյանի ավտոմեքենան եւ հավաստիանալով, որ պրն Ծատուրյանը պատգամավոր է, նրան թույլատրել են գալ Երեւան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել