Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻՈՎ

Մայիս 05,2004 00:00

ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻՈՎ «Իշխանությունն ավելի լավ է նախապատրաստվում հանրահավաքին, քան ընդդիմությունը»՝ այս եզրակացությունը բարձրաձայնեց գործընկերներիցս մեկը՝ տեսնելով, թե ինչ քանակի զինտեխնիկա էին երեկ կուտակել նախագահի նստավայրի մերձակայքում: Միայն 4 ջրցան մեքենա կար, չնայած առանց այդ էլ անձրեւ էր գալիս՝ պակասեցնելով ջրանետների «օգտակար գործողության գործակիցը»: 2-3 փշալարերով մեքենա կար, իսկ ոստիկաններով ու զինվորներով ավտոբուսներն ուղղակի տասնյակից ավելի էին, որոնք տեղակայված էին ե՛ւ Բաղրամյան պողոտայում, ե՛ւ Դեմիրճյան փողոցի աջ ու ձախ նրբանցքներում: Եվ այս ամենը միայն նրա համար, որ հայտնի էր դարձել, թե հանրահավաքից հետո երթ անելու մտադրություն կա: Սակայն երթի մասնակիցները չգնացին դեպի նախագահի նստավայր: Ընտրեցին այլ երթուղի՝ Հայաստանի ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն, որոնց առջեւ վանկարկելով պահանջեցին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներ Վաղարշակ Հարությունյանին, Արամազդ Զաքարյանին, Սուրեն Սուրենյանցին, Աշոտ Զաքարյանին եւ Ժորա Սափեյանին: Ըստ Ալբերտ Բազեյանի՝ այս վանկարկումներով փորձում էին ոգեւորել իրենց կալանավորված գործընկերներին, որոնք պահվում են այդ մեկուսարաններում: Ցուցարարները նաեւ «ամո՛թ» էին գոռում ու պահանջում դադարեցնել քաղաքական հետապնդումները: Հատկանշական է, որ ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԱ աշխատակիցները ուշադրությամբ հետեւում էին ցուցարարներին եւ ցուցադրաբար նույնիսկ տեսանկարահանում ու լուսանկարում էին՝ թերեւս հետո այդ տեսագրությունների հիման վրա երթի մասնակիցներին ձերբակալելու համար: Երբ խոսքը ոչ թե օլիգարխների թիկնապահ «սափրած գլուխների», այլ խաղաղ ցուցարարների մասին է՝ մեր իրավապահները շատ արագ են կարողանում պարզել այն մարդու անուն-ազգանունը եւ հասցեն, որը պատկերված է լուսանկարում կամ տեսագրության մեջ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել