Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Մայիս 05,2004 00:00

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ Օրերս Անգլիայի Հարոգեյթ քաղաքում անցկացված փողային նվագախմբերի միջազգային փառատոնից վերադարձավ կրթության եւ գիտության նախարարության միջազգային մրցույթների դափնեկիր «Արարատ» փողային նվագախումբը։ Հանդիպեցինք նվագախմբի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր Պետրոս Ժամկոչյանին։ – Ինչպե՞ս էր կատարվել փառատոնին ձեր մասնակցության ընտրությունը։ Մեծ ռիսկ չէ՞ր փողային երաժշտության ավանդույթներով հարուստ նման երկրում հանդես գալը։ – Հանրահայտ սաքսոֆոնահար, միջազգային մրցույթների ժյուրիի անդամ Յան Պիկը, երբ երեք տարի առաջ Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, սաքսոֆոնահարների միջազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ Ալեքսանդր Մանուկյանի հրավերով գտնվում էր Երեւանում, ցանկություն էր հայտնել լսելու փողային որեւէ նվագախմբի։ Պարոն Մանուկյանը հյուրին ներկայացրեց մեր նվագախումբը, որին հաջորդեց այս փառատոնին մեր մասնակցության հրավերը։ Այո, մեծ ռիսկ էր ներկայացնել Հայաստանը փողային երաժշտության ավանդույթներով հարուստ Անգլիայում։ Թե ինչ աստիճանի է սիրված ու տարածված փողային երաժշտությունն այնտեղ, բերեմ մեկ օրինակ. փոքր Հարոգեյթ քաղաքը, ուր անցկացվում էր փառատոնը, անգամ Անգլիայի քարտեզի վրա չի երեւում։ Այդուհանդերձ, այնտեղ գործում են երկու պետական ու յոթ ինքնագործ փողային նվագախմբեր։ – Ո՞վ կամ ովքե՞ր ֆինանսավորեցին ուղեւորությունը։ – Ֆինանսի առյուծի բաժինը հոգացին իրենք՝ անգլիացիները, ինչպես նաեւ ՀՀ-ում Գերմանիայի ու Լեհաստանի դեսպանատները։ – Հայկական կողմից հոգացող չգտնվե՞ց։ – Ցավով պետք է նշեմ, որ տարբեր մակարդակների ու հարթությունների վրա գտնվող անհատներին ու կազմակերպություններին փաստորեն չհետաքրքրեց Հայաստանի մասնակցությունը հեղինակավոր այդ փառատոնին։ Աջակցեց միայն Կենտրոն թաղապետարանը։ Ֆինանսի սուղ լինելու պատճառով ուղեւորվեցինք ավտոբուսով։ Վեցօրյա տանջալից ճանապարհ կտրելով, հասնելուն պես, ընդամենը մի քանի ժամ հանգստից հետո մասնակցեցինք առաջին համերգին։ – Քանի՞ երկիր էր մասնակցում փառատոնին եւ, ինչպես տեղեկացված ենք, դա միայն փառատոն չէր։ – Այո, դա մրցույթ-փառատոն էր։ Մասնակցում էին չորս երկրներից (Կանադա, Շվեդիա, Անգլիա, Հայաստան) տասը փողային նվագախմբեր։ Փառատոնի բացումը կայացավ շքերթի ձեւով։ Հարոգեյթ քաղաքի կենտրոնական փողոցներով, երաժշտության ուղեկցությամբ ժողովրդին ներկայանալով, անցան փառատոնի մասնակից նվագախմբերը, որը վերածվեց իսկական տոնակատարության։ Հաջորդ օրը քաղաքի կենտրոնական՝ 1200 տեղանոց մշակույթի կենտրոնում, որը լեփ-լեցուն էր հանդիսականով, ժյուրիի առջեւ ելույթով ներկայանալու համար յուրաքանչյուր նվագախմբի տրված էր 13 րոպե։ Մենք հանդես եկանք Գրիգոր Հախինյանի «Սյուիտի» ու Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Լեզգինկայի», «Սուսերով պարի» կատարումներով։ Հուրախություն մեզ, արժանացանք «Լավագույն նվագախումբ» տիտղոսին։ Տոնի վերածվեց նաեւ գալա համերգը։ Պատկերացնո՞ւմ եք, բեմում ելույթ ունեցավ 500 հոգանոց փողային նվագախումբը։ Փառատոնի ավարտից հետո հրավիրվեցինք Լոնդոն։ Ելույթ ունեցանք Սուրբ Եղիշե եկեղեցում, որին ներկա էին Անգլիայում ՀՀ դեսպանն ու դեսպանատան աշխատակիցներ։ – Մեզ մոտ փողային երաժշտությունը հնչում է առիթից առիթ։ Մոտակա առիթը մայիսի 9-ն է։ Չի՞ կարելի, արդյոք, հնարավորինս շատ հնչեցնել փողային երաժշտություն։ – Կուզեի փողային երաժշտությունը չհնչեր միայն առիթից առիթ։ Չէ՞ որ մենք էլ ունենք այս ոլորտում ավանդույթներ։ Կարծում եմ, սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի հետ, ինչպես նաեւ մենահամերգներով, պետք է հաճախ ելույթ ունենան փողային գործիքներ նվագող հայ երաժիշտները։ Իսկ բարձրակարգ երաժիշտներ ունենք։ Տեղեկացնեմ, որ այսօր կավարտվի Երեւանի պետկոնսերվատորիայի կողմից Հայաստանում առաջին անգամ անցկացվող փողային գործիքներով նվագող երաժիշտների մրցույթը, որին մասնակցում են եւ մեր նվագախմբի արտիստներ Դավիթ Թադեւոսյանը, Կարեն Սարգսյանը, Վահրամ Դավթյանը, Արման Պեպանյանն ու Արշավիր Իսահակյանը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել