Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԴԱՊԵՏԸ ԿԱԼԱՆՎԱԾ Է

Մայիս 06,2004 00:00

ԳՆԴԱՊԵՏԸ ԿԱԼԱՆՎԱԾ Է Իսկ ԵԿՄ-ն անտարբերության է մատնել Արցախյան պատերազմի վետերան Աշոտ Զաքարյանին Ավելի քան մեկ ամիս է, ինչ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք կառավարական պարգեւների՝ այդ թվում՝ «Արիության համար» եւ «Շուշին ազատագրված է» մեդալների արժանացած գնդապետ Աշոտ Զաքարյանը կալանավորված է եւ գտնվում է Նուբարաշենի մեկուսարանում: 1990-94թթ. փայլուն մարտական ուղի անցած եւ դեռ 1989-ին Շիրակի դաշտավայրում առաջին ինքնապաշտպանական ջոկատի հիմնադիր, ՀՀ-ում միակը՝ Ֆրանսիայի Ժանդարմերիայի ակադեմիան գերազանցությամբ ավարտած, անբիծ կենսագրություն եւ փայլուն բնութագիր ունեցող այս մարդուն իշխանությունները մեղադրում են խուլիգանության մեջ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Իսկ նախապատմությունը հետեւյալն է. փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորները մեկնել էին Գյումրի՝ ընտրողների հետ հանդիպման: Տեղի իշխանությունների եւ իրավապահների, ավելի մեղմ ասած, թողտվության արդյունքում ընդդիմության գործիչների վրա ձվեր էին նետվել, հետո՝ իշխանություններին սատարող եւ հանրահավաքի դեմ բողոքող, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «Բոշի մայլի» կանանց հաջողվել էր քաշքշուկ սարքել հանրահավաքի մասնակիցների միջեւ: Խառնաշփոթի պահին, հարբած վիճակում հանրահավաքի եկած հաշմանդամ ազատամարտիկ Արթուր Սահարյանը մոտեցել էր արդեն անջատված բարձրախոսին՝ պաշտպանելու իշխանություններին: Ա. Զաքարյանն իր ցուցմունքների եւ՝ դեպքի ժամանակ նրա կողքին եղած պատգամավորների վկայությամբ, փորձել էր խմածի ձեռքից խոսափողը վերցնել եւ նրա ձեռքից բռնելով հարթակից մի կողմ քաշել: Հենց սա էլ դարձել էր Շիրակի մարզի ԵԿՄ Գյումրիի տարածքային բաժանմունքի նախագահ Ա. Զաքարյանի դեմ քրգործ հարուցելու առիթ՝ ոչ ավել, ոչ պակաս, ամբաստանելով հաշմանդամ ազատամարտիկ ծեծելու մեջ: Սա այն դեպքում, երբ հարուցված քրգործի նախաքննության փուլում, այսպես կոչված՝ «տուժողի» դատաբժշկական փորձաքննությամբ որեւէ վնասվածք, այդ թվում նաեւ բռնության հետքեր նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել: Փոխարենը, ինչպես Ա.Զաքարյանի պաշտպան Սոս Գրիգորյանն ասաց, ազատամարտիկի ցուցմունքը՝ որպես միակ վկա, հաստատել է ոստիկանության մի աշխատակից: Ի դեպ, հարկ է շեշտել, որ ՀՀ-ի կողմից վավերացված Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի համաձայն, եթե անձին մեղադրող ցուցմունքները հիմնված են միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա, ապա՝ դա արդար դատաքննություն չի կարող համարվել եւ որակվում է իբրեւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: Ինչ վերաբերում է Ա.Զաքարյանին մեղսագրվող երկրորդ դրվագին՝ իբր, նա խանգարել է քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակցին՝ Տիգրան անունով մեկին բերման ենթարկելու, եւ դա արձանագրվել է, որպես՝ իրավապահին դիմադրություն ցույց տալու փաստ, ապա՝ տեղին է բառացիորեն մեջբերել օրերս ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հիշյալ հայտարարությունը. «Եթե ոստիկանին ծեծի են ենթարկել եւ նա չի եղել ոստիկանական համազգեստով, ապա քաղաքացուն չեն կարող դատապարտել…»: Պաշտպան Ս. Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն դիմել է Վճռաբեկ դատարան՝ Ա. Զաքարյանի կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու մասին Շիրակի մարզի առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների անօրինական եւ չհիմնավորված որոշումները բողոքարկելու համար: Ընդ որում՝ երկու դեպքում էլ դատարանների հիմնավորումն այն է եղել, թե Ա. Զաքարյանը «ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գտնվող գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խուսափել քրեական պատասխանատվությունից»: Մինդեռ, պաշտպանի դիտարկմամբ, կայացված որոշումներից ոչ մեկում նշված չէ, թե Ա.Զաքարյանի վարքագծի այդ ո՞ր հատկանիշները նկատի ունենալով է դատարանն արձանագրել այդ փաստը: Ավելին, ըստ նրա, Վերաքննիչ դատարանի որոշումը նաեւ հակասում է ՀՀ Քրդատօր-ի 135 եւ 136 հոդվածների պահանջներին եւ պետք է փոփոխվի, որովհետեւ Ա.Զաքարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ: «Նրա բնութագիրն ունեցող անձին հասարակությունից մեկուսացնելու ոչ մի անհրաժեշտություն չկար»,- վստահեցրեց գնդապետի պաշտպանը՝ հավելելով, թե Ա.Զաքարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես են եկել նաեւ ԱԺ երեք պատգամավորներ: Իսկ իշխանություններն այս առնչությամբ իրենց ինքնատիպ մոտեցումն ունեն: Նրանք գտնում են, որ Ա.Զաքարյանը, որ 1995-2003-ի սկզբներին եղել է ՌՈ համակարգում ամենաօրինակելի՝ Գյումրիի կայազորի Ռազմական ոստիկանության պետը, անպայման պետք է մեկուսացվի, թեեւ՝ նրա պաշտպանի ասելով, կան նախադեպեր, երբ անգամ մարդասպանության կամ դա կատարելու փորձի համար մեղադրվող անձնանց նկատմամբ անգամ կալանք չի կիրառվում: Ա. Զաքարյանին կալանավորելու փաստը նրա զինակիցները համարում են հերթական վրեժխնդրություն՝ հիշեցնելով, որ 2003-ի սկզբներին՝ չդավաճանելով իր համոզմունքներին եւ չցանկանալով մաս կազմել նախագահական ընտրակեղծիքներին, գնդապետն իր զեկուցագրի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Նվազագույնը տարակուսանքի է արժանի նաեւ ԵԿՄ-ի կեցվածքը: Երբեմնի հոխորտացող, իսկ այսօր իշխանությունների կողմից վերահսկելի այս կազմակերպությունն արդեն որերորդ անգամ լռելյայն շրջանցում է ԵԿՄ անդամներին, տարածքային բաժանմունքների ղեկավարներին ակնհայտ շինծու մեղադրանքներով կալանավորելու եւ դատապարտելու փաստերը: Ա.Զաքարյանի դեպքում ԵԿՄ-ն զլացել է անգամ մի միջնորդագիր ներկայացնել իր զինակցի նկատմամբ գոնե խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել