Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ու Եվրախորհուրդն իրար լավ չենք հասկացել»

Մայիս 06,2004 00:00

«Մենք ու Եվրախորհուրդն իրար լավ չենք հասկացել» Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԽ ԽՎ բանաձեւի՝ մասնավորապես վարչական կալանքի վերաբերյալ հատվածներին: Ըստ նախարարի, «վարչական կալանք» տերմինը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից, երբ ոստիկանության բաժնի պետը իրավունք ուներ ինքնուրույն սահմանել նման կալանք: Եվ որն անգամ Խորհրդային միության վերջին տարիներին բնորոշ չէր, եւ վերացավ: Այժմ միայն դատական կարգով է հնարավոր սահմանել նման կալանք: «Հիմնական անհամապատասխանությունը, որ այսօր առկա է եւ ինչի վերաբերյալ մենք դեռեւս չենք կարողացել Եվրախորհրդի փորձագետներին ներկայացնել մեր դիրքորոշումը, այն է, թե արդյո՞ք սա վարչական կալանք է: Իրականության մեջ սա վարչական կալանք չէ, ավելի ճշգրիտ՝ այն պետք է կոչվեր դատական կալանք, որովհետեւ դատական պրոցեսով տրվող կալանք է. օրենքը շարունակում է գործել, եւ բանաձեւը չի կարող կասեցնել օրենքի գործողությունը»: Իսկ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը, նախարարի կարծիքով, արմատապես վերանայման կարիք ունի: Դրա շուրջ աշխատանքներն սկսվել են դեռեւս անցյալ տարի եւ կպահանջվի եւս մի քանի ամիս: Հնարավոր մոտեցումներից մեկը կլինի՝ ներկայացնել «Վարչական իրավախախտումների մասին» գործող օրենքում փոփոխություն, ինչը եւ Կառավարությունը պատրաստվում էր անել, «սակայն բազմաթիվ քննադատությունների հետեւանքով ձեռնպահ մնացինք: Պատրաստվում ենք շատ շուտով եվրոպական փորձագետների հետ քննարկել, ներկայացնել մեր դիրքորոշումը եւ գտնել այնպիսի լուծումներ, որոնք, ըստ իրենց, եւս կհամապատասխանեն ներկայիս զարգացման տենդենցներին»: Վերադառնանք ԵԽ ԽՎ բանաձեւին: Դավիթ Հարությունյանի տպավորությամբ, փաստաթղթում ոչ բոլոր փաստերն են հստակ շարադրված կամ շատ դեպքերում առնվազն ոչ ճշգրիտ են շարադրված, «ինչն ինքնին փոքր-ինչ նվազեցնում է փաստաթղթի արժեքը»: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի մասով պրն Հարությունյանն ասաց. «Այստեղ եւս բանաձեւում առկա է քննադատություն, սակայն կարծում եմ, որ բանաձեւն ընդունելիս որեւէ մեկը հոգ չի տարել ծանոթանալ երրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծին:Մենք սկզբունքորեն պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն՝ այդ օրենքի հետ կապված, սակայն իմ անձնական կարծիքը հետեւյալն է. օրենքն ինքնին պարունակում է բավարար երաշխիքներ, որ թույլ են տալիս պրակտիկորեն անարգել անցկացնել այդ միջոցառումները»: Եվ ըստ նախարարի, մեծ ցանկության դեպքում, ամենաժողովրդավարական օրենքն էլ կարելի է նեղ մեկնաբանել, փոխարենը պետք է հասկանալ յուրաքանչյուր տերմինի իրավական բովանդակությունը, եւ օրենքն այդքան սահմանափակող չի թվա: Ընդհանուր առմամբ, ԵԽ ԽՎ «նման փաստաթղթի» առկայությունը նախարարին մտահոգում է. «Ես իսկապես չէի ուզենա, որ Հայաստանը դառնար Եվրախորհրդի քննարկման առարկա», մյուս կողմից՝ «մենք պետք է փորձենք առավելագույն դրականը քաղել այդ փաստաթղթից եւ կատարել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովենք մեր երկրում ժողովրդավարության զարգացումը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել