Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՏՐԻԽՆԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ»

Մայիս 06,2004 00:00

«ՇՏՐԻԽՆԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ» Վլ. Սպիվակովը կերտեց Զարեհ Սահակյանցի դիմանկարը Աշխարհահռչակ ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը երեկ Ա. Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ մենահամերգով՝ նվիրված հայ անվանի ջութակահար, ալտահար, դիրիժոր ու մանկավարժ Զարեհ Սահակյանցի ծննդյան 70-ամյակին։ Վ. Սպիվակովը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցին։ – Երբ անդրադառնում են Զարեհ Սահակյանց արվեստագետին, ոչինչ չի ասվում Սահակյանց -մարդու մասին, որի նշանակությունն արվեստի համար, ոչ պակաս, գուցե եւ ավելի՞ կարեւոր է։ – Իրավացի եք։ Իմ համերգային ծրագրում ընդգրկել էի դասական այն կոմպոզիտորների ստեղծագործություններից, որոնց ապրած տարիները, իհարկե՝ հատվածաբար, կարելի է զուգահեռել Զարեհ Հայկովիչի կյանքին։ Ընդհանրապես, լսելով ցանկացած կոմպոզիտորի երկ, ամբողջովին երեւում է թե հեղինակի եւ թե կատարողի՝ որպես մարդու, նրանց էությունը, անգամ՝ նեգատիվ գծերը։ Ծրագիրը կարելի էր խորագրել՝ «Շտրիխներ դիմանկարի համար»։ Ստեղծագործությունների հեղինակների անունները թվարկելուց ու փոքր-ինչ մեկնաբանելուց անգամ երեւում է Սահակյանց մարդը։ Այսպես. Բրամս՝ էֆեկտներից հեռու, բայց ներքին հագեցվածություն ու բովանդակություն։ Շնիտկե՝ ժամանակի ոգու լիակատար զգացողություն։ Նշեմ. հնչած ստեղծագործության հերոսը դառնում է կյանքի ցինիզմի զոհ։ Արվո Պյարտով՝ հոգեւորի աննախադեպ խոր ընկալում։ Շտրաուս՝ կյանքը հիանալի է, ինքնին երջանկություն։ Այն պետք է սիրել ու ընդունել իբրեւ ճակատագրի նվեր։ Այսպիսին էին եւ Զարեհ Սահակյանցի կյանքն ու ապրած տարիները։ Նրա հետ ծանոթությունս կայացել է 60-ականների վերջին, երբ դեռ ուսանող էի։ Հետագայում դառնալով Սահակյանց ընտանիքի անդամ (Զ. Սահակյանցի դուստրը՝ Սաթին, Վ. Սպիվակովի կինն է), համոզվեցի, որ ես զգացել ու ընդունել եմ Սահակյանց մարդուն այնպես, ինչպիսին նա կար։ Նրա մարդկային որակն ու հնչեցրած երաժշտությունը այնպես համահունչ էին։ Իսկ ջութակը կհամեմատեի հզոր հնչողության ու արտասովոր լայն դիապազոնի նվագախմբի հետ։ Ջութակահարի ձեռքերում այն հնչում էր ինտոնացիոն մաքրությամբ, հմայում շնչառության հավասարությամբ, արտահայտիչ ֆրազավորմամբ։ Տեխնիկական դժվարություններ, թվում է, գոյություն չունեին նրա համար։ Զարեհ Հայկովիչի մեկնաբանմամբ, ստեղծագործությունը ունկնդրին էր ներկայանում ավարտուն ու, որ ամենակարեւորն է, թվում էր, միայն այդպես, այդ ռիթմով, այդ հնչերանգով եւ տեմբրային այդ գունավորմամբ կարող էր այն կատարվել։ Երաժշտի կողմից ստեղծագործությունների ոճի ու գեղարվեստական մտահղացման խոր ընկալումը, նրբաճաշակ գեղարվեստական մեկնաբանությունը, արտիստական խառնվածքը, ամենակարեւորը՝ բարեկիրթ, ազնվական մարդու նրա տեսակը ապահովում էին Զարեհ Հայկովիչի համերգների բարձր մակարդակը։ Իսկ բեմում, ինչպես կյանքում, կամ հակառակը՝ մշտապես տարերքի մեջ, անսպառ էներգիա, ծայրաստիճան արտահայտչականություն, ինքնանվիրում։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել