Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՈՔ ԹՈՂ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԻ ԵՐԿԻՐԸ»

Մայիս 14,2004 00:00

«ՈՉ ՈՔ ԹՈՂ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԻ ԵՐԿԻՐԸ» Ասում է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը – Ընդդիմությունը կոալիցիայի հետ բանակցությունների մեկ օրակարգ է առաջարկել, այն է՝ 2003թ. նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկումը։ Դուք համաձա՞յն եք այս օրակարգով երկխոսության, եթե ոչ՝ ի՞նչ դիրքորոշում ունի «Ժողպատգամավորը» հարցի կապակցությամբ։ – Մենք կարծում ենք ընդդիմության առաջարկի ձեւակերպման մեջ որոշակի փոփոխությունների կարիք կա։ Այնտեղ մասնավորապես գործածված է «ճգնաժամ» բառը, որը, կարծում եմ, մի քիչ կոշտ ձեւակերպում է։ Կարելի է այն ձեւակերպել ավելի մեղմ՝ ստեղծված իրավիճակի քննարկում։ Կարծում եմ, ներկայացված ընդհանուր հարցից երկխոսության ընթացքում կբխեն մի քանի ենթահարցեր, որոնք եւս կքննարկվեն։ «Ժողպատգամավորի» դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կողմ ենք ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ցանկացած քայլի, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների, Ընտրական օրենսգրքի, տեղական ինքնակառավարման եւ այլ խնդիրների շրջանակում ծավալվող քննարկումներին։ Եթե հիշում եք, մենք ժամանակին բազմիցս շեշտել ենք, որ թեպետ ԱԺ աշխատանքները բոյկոտելը պառլամենտարիզմին բնորոշ ձեւ է, սակայն կոնստրուկտիվ աշխատանքի համար խորհրդարանում անհրաժեշտ է երկու կողմերի ներկայությունը։ Մենք կարող ենք, չէ՞, ասել՝ քանի որ իշխանություն չունենք, այս խնդիրները, իշխանություն, քոնն են, եւ մտնենք դեմագոգիայի դաշտ։ Կրկնում եմ՝ պրոբլեմները բոլորինս են եւ մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի դրանք հաղթահարվեն։ Նույնն ասում ենք նաեւ ընդդիմությանը՝ պրոբլեմները ոչ միայն իշխանությանն են, այլեւ երկրինն ու ժողովրդինը եւ պետք է համատեղ հաղթահարել դրանք։ Եվ թող ոչ մեկը չսեփականաշնորհի այս երկիրը։ Երկիրը բոլորինս է եւ մտահոգված ենք հավասարապես։ – Կոալիցիայի անդամ երեք քաղաքական ուժերը ներկայանում են որպես նախագահի լիազորներ։ ԺՊ-ն եւ ՄԱԿ-ը նույնպես մասնակցում են ընդդիմություն-կոալիցիա կոնսուլտացիաներին։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս երկու ուժերը նույնպես նախագահի լիազոր-ներկայացուցիչներ են։ – Եթե զուտ տեսականորեն դիտարկենք, ապա իշխանությունը կոալիցիան է, եւ կոալիցիոն ուժերն են իրենց վրա պատասխանատվություն վերցրել, ձեւավորել կառավարություն, ԱԺ-ում հանդես են գալիս որպես միասնական մարմին։ Ընդդիմություն եւ դիմություն առճակատման խնդիրն իրենց հարաբերությունների խնդիրն է։ Բայց մենք չենք կարող մի կողմ քաշվել։ Մենք միշտ հայտարարել ենք, որ այդ հարաբերությունները պետք է շտկվեն։ Եթե ընդդիմությունը բոյկոտում է պառլամենտը, ապա այստեղ անելիք ունի եւ դիմությունը, եւ ընդդիմությունը։ Խորհրդարանում պետք է կարծիքների բախում լինի, որպեսզի արդյունքում ծնվի ճշմարտությունը։ Ի սկզբանե, երբ ԺՊ-ն հայտարարեց երկխոսության անհրաժեշտության եւ բոյկոտի վնասների մասին, երկու կողմից էլ մեզ սկսեցին քննադատել։ Ի վերջո հասկացան, որ մեր մոտեցումները ճիշտ են։ Եվ այսօր չկա որեւէ քաղաքական ուժ, որը հայտարարի, թե երկխոսության անհրաժեշտություն չկա կամ էլ՝ առանց ընդդիմության պառլամենտը նորմալ կգործի։ – Կարծիք կա, որ իշխանությունն ու ընդդիմությունը երկուստեք երկխոսության իմիտացիա են ստեղծում, այդպիսով փորձելով հայավարի խաբել Եվրախորհրդին։ Իրականում կողմերը շատ լավ գիտեն, որ երկխոսությունից ոչինչ չի ստացվի։ Դուք՝ որպես ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ի՞նչ եք կարծում, կարելի՞ է իմիտացիաներով խաբել Եվրախորհրդին։ – Ապագան ցույց կտա՝ սա երկխոսությո՞ւն է, թե՞ դրա իմիտացիա։ Բոլոր դեպքերում՝ փաստը դրական է։ Որովհետեւ քննարկումների ժամանակ հարաբերությունները մեղմանում են, լինում են դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչները ընդունում են իրենց սխալները։ Լինում են նաեւ կոմպրոմիսային մոտեցումներ ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Դեռեւս չեմ համարում, որ կոնկրետ երկխոսության համար ռեալ հիմքերը դրված են, բայց փաստն ինքնին դրական է։ – Երբ հանրահավաքային շրջանը նոր-նոր էր սկսվել, դուք հայտարարեցիք, որ հանրահավաքները կազդեն տնտեսության զարգացման եւ ներդրումների հոսքի վրա։ Հիմա հանրահավաքների շղթան երկարում է։ Դուք շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին։ – Այո, ես ունեմ փաստեր, որ լուրջ կապիտալ ներդրումների ցանկություն կա եւ այդ ցանկությունը առայժմ սառեցվել է։ Եվ ընդհանրապես, անընկալելի է, երբ իշխանության մեջ գտնվող որոշ մարդիկ պնդում են, թե քանի որ մեր տնտեսությունը աճ ունի, որեւէ բան չի կարող ազդել դրա վրա։ Անվիճելի է, որ ցանկացած քաղաքական անցուդարձ իր բացասական ազդեցությունն է ունենում տնտեսության վրա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել