Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՅՔԱՐԻ ՄԵՐ ՁԵՎԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՆ ԵՆ»

Մայիս 15,2004 00:00

«ՊԱՅՔԱՐԻ ՄԵՐ ՁԵՎԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՆ ԵՆ» Երեկ հայտարարեց Արամ Զ. Սարգսյանը Տասնօրյա դադարից հետո միացյալ ընդդիմությունը երեկ Մատենադարանի մոտ կրկին հանրահավաք անցկացրեց։ Հանրահավաքին նախապատրաստվել էր նաեւ իշխանությունը՝ արդեն ավանդական դարձած միջոցներով։ Բաղրամյան պողոտայում շարված էին մեր ունեցած-չունեցած բոլոր չորս ջրցան մեքենաները, փշալարերը, երիտասարդ զինվորներով լեցուն մեքենաներ եւ ավտոբուսներ։ Զինվորական մեքենաների շքերթ էր շարված նաեւ նախագահական նստավայրին հարող եւ Դեմիրճյան փողոցներում։ Սակայն ջրցան մեքենաների, փշալարերի եւ զինվորական ուժի միջամտության կարիք չզգացվեց, որովհետեւ ընդդիմությունը երեկ երթ անցկացնելու ցանկություն չուներ։ Հանրահավաքից առաջ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ բարձրախոսների հետ կապված։ Չորս ոստիկաններ արգելում էին, որպեսզի դրանք միացվեն հոսանքին։ Ի վերջո, ԱԺ պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը զանգահարեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ մի քանի րոպեից բարձրախոսները միացվեցին։ Երեկվա հանրահավաքում մի շարք նորություններ կային։ Եվ առաջին կարեւոր նորությունն այն էր, որ ընդդիմության լիդերների խոսքը համեմատաբար ավելի կառուցողական էր ու ծրագրային։ «Ազգային միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իր խոսքում կարեւորեց հետեւյալը. «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանության», նաեւ Կոմկուսի ծրագրերի համադրմամբ ստեղծված հակաճգնաժամային ծրագրի իրականացման հենց առաջին օրվանից դուք բարեփոխումներ կզգաք ձեր ընտանիքներում»։ «ԱՄ» անդամ Գագիկ Թադեւոսյանը եւս իր խոսքում հայտարարեց, թե ընդդիմությունը ծրագիր ունի եւ իրականացնելու է։ Արտաշես Գեղամյանը երեկ. մեկ ուրիշ նորարարությամբ եւս հանդես եկավ, նա առաջարկեց, որ ընդդիմության երեք լիդերների՝ Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի եւ Արամ Զ. Սարգսյանի հետ միասին հանրահավաքի մասնակիցների առաջ ձեռք-ձեռքի տված կանգնեն միացյալ ընդդիմության մյուս լիդերները եւս։ Ինչը եւ կատարվեց։ Երեկվա հանրահավաքի հաջորդ նորարարությունն այն էր, որ ելույթ ունեցողները առավել մանրամասնում էին Ռոբերտ Քոչարյանի հեռացման ուղիները։ Վիկտոր Դալլաքյանը նշեց. «Ռ. Քոչարյանի հեռացման երեք ճանապարհ կա՝ Միլոշեւիչի, Շեւարդնաձեի եւ Չաուշեսկուի ճանապարհները։ Մենք կողմնակից չենք, որպեսզի Քոչարյանը հեռանա Չաուշեսկուի կամ Միլոշեւիչի ճանապարհով։ Մենք կողմնակից ենք, որպեսզի նա հեռանա քաղաքակիրթ ճանապարհով՝ Շեւարդնաձեի ճանապարհով, այսինքն՝ ժողովրդի ճնշման պարագայում։ Սա է մեր ճանապարհը»։ Հանրահավաքի մասնակիցներին մանրամասն տեղեկություն տրվեց ընդդիմություն-կոալիցիա երկխոսության եւ դրա վախճանի մասին։ Ալբերտ Բազեյանը, որը վարում էր հանրահավաքը, հայտարարեց, որ հանրապետությունում սկսվել է նախագահացուների փնտրտուք. «հայ ժողովուրդը թույլ չի տա, որ իրեն ղեկավարի որեւէ դրածո, հայ ժողովուրդը իր ազատ կամքով ինքն է ընտրելու նախագահ։ Կան մարդիկ, որոնք կարիերիստական մղումներ ունեն, լողում են ընդդիմության եւ իշխանության հարթությունում, մեկ այս թեւում են, մեկ՝ այն թեւում»։ Ընդհանրապես երեկ ելույթ ունեցողներից մի քանիսը, մասնավորապես՝ Արտաշես Գեղամյանը, Գագիկ Թադեւոսյանը, Ալբերտ Բազեյանը ակնհայտորեն քարկոծում էին «ՆԺ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին։ Ելույթ ունեցավ նաեւ Արտաշատում ապրիլի 12-ից հետո տուժած Գրիշա Վիրաբյանը։ Վերջինս իր դժգոհությունը հայտնեց բռնություններ իրականացրած ոստիկաններից եւ ասաց, թե նրանք պետք է պատասխան տան իրենց կատարած հանցանքների համար։ Հանրահավաքի վերջում ելույթ ունեցան «Հանրապեություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւ «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե ընդդիմության առաջ փակված են քաղաքական գործունեության բոլոր ճանապարհները՝ ընտրությունների արդյունքները կեղծվել են, խորհրդարանում ընդդիմության համար նորմալ աշխատանքային պայմաններ չեն ապահովված. «մեզ մնում է երրորդ ճանապարհը՝ հանրահավաքները, ցույցերը, որոնց իշխանությունները պատասխանեցին բռնություններով, բանտարկություններով, ջրցան մեքենաներով, փշալարերով, ճանապարհները փակելով ու ծեծուջարդով»։ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը այսօր պատերազմ է հայտարարել բոլորին. «սկսած ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանից, վարչապետ Անդրանիկ Մարգարյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով ու Թոխմախի Մհերով։ Նա հանուն իր աթոռը պահելու պատրաստ է պաշտոններ բաժանել, բռնել, դատել, ցրել ԱԺ-ն։ Պատրաստ է շքանշաններ բաժանել, խոստումներ տալ, միայն թե ինքը մնա իր աթոռին։ Ու դրանով իսկ պատերազմ է հայտարարել մեզ՝ բոլորիս»։ Ընդհանրապես Արամ Սարգսյանի խոսքը երեկ նվիրված էր բացառապես Ռոբերտ Քոչարյանին։ Ժողովրդին հուսադրող խոսք եւս ասվեց. «Դուք մի մտածեք, որ հանրահավաքի գալով ոչինչ չեք անում, դուք շատ մեծ գործ եք անում։ Սրանով ենք մենք սասանում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, սրանով է, որ մենք ասում ենք՝ Քոչարյան, հեռացիր»։ Ժողովուրդն այս նախադասությունից հետո երկար ժամանակ չէր հանդարտվում եւ կրկնում էր այն։ Ըստ Արամ Սարգսյանի «Քոչարյանի համար երկխոսություն ասվածը նշանակում է ասիական կեղտոտ բազար։ Մարդ են ուղարկում, որն ինձ ասում է՝ հայտարարի, որ հոկտեմբերի 27-ի հետ Ռ. Քոչարյանը կապ չունի, վաղը եղբորդ բաց կթողնենք։ Հայտարարի, որ միտինգներ, երթեր չեք անի, ու բաց կթողնենք Վաղարշակ Հարությունյանին, Սուրեն Սուրենյանցին, Արամազդ Զաքարյանին, Աշոտ Զաքարյանին։ Էս է իրենց առաջարկածը»։ «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եզրափակելով հանրահավաքը, ասաց, որ ընտրությունները կեղծած, բռնություններ իրականացրած մարդիկ պահասխանատվության պետք է ենթարկվեն «եւ սա սակարկության առարկա լինել չի կարող»։ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «մենք այսօր տեսնում ենք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի դժվարացնեն, անհնարին դարձնեն մեր երկխոսությունը (ձեռքով ցույց տվեց իրենց եւ ժողովրդին.- Մ. Ե.), բայց այդ ազնիվ երկխոսությունը միշտ շարունակվելու է։ Այո, սա է մեր ճանապարհը՝ միասնական, համախմբված, խաղաղ ճանապարհով մենք հասնելու ենք մեր երկրում փոփոխությունների»։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 21-ին, մինչ այդ ընդդիմությունը կայցելի մարզեր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել