Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ են, բայց՝ էնտուզիաստ

Մայիս 15,2004 00:00

Քիչ են, բայց՝ էնտուզիաստ Իրավապաշտպանները շարունակում են պայքարը «Քաղաքացիական կամքը հանուն եւ ընդդեմ» հասարակական կազմակերպությունների ֆորումը երեկ հրապարակեց մայիսի 11-ի հավաքի արդյունքները։ «Մեզ պետք չէ փշալարված ազատություն» եւ «Վախ կամ ազատություն» կարգախոսներով համախմբվել է 80 հասարակական կազմակերպություն եւ փորձում է հասնել Հայաստանում ժողովրդավարության մշակույթի հաստատմանը եւ որ «քաղաքական դաշտում հասարակությունը դառնա թելադրողը»։ Որոշվել է գործել երեք ուղղություններով։ Օրենսդրական դաշտ՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, քարոզարշավ այն պաշտոնյաների դեմ, ովքեր մասնակից են օրենքի խախտումներին (օրինակ՝ փոխոստիկանապետ Վարյանը), ապօրինի ծառահատումների դեմ պայքար։ Քաղաքացիական հասարակություն, տեղեկատվություն եւ իրազեկում ուղղություններով էլ կկազմակերպվեն այցելություններ մարզեր՝ քաղաքացիական ակտիվության բարձրացման եւ մարդկանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելու նպատակով։ Նաեւ՝ հեռուստատեսային թոք-շոուներ, պիկետներ, որոնցից մեկն արդեն ամեն օր կազմակերպվում է գլխավոր դատախազության մատույցներում, թատերական ակցիաներ՝ ցույց տալու համար, թե այսօր Հայաստանում ինչպես են անցնում դատը, կառավարության նիստը եւ այլն։ Ի դեպ, նպատակներից մեկն էլ Հանրային հեռուստատեսությունը իրապես հանրային դարձնելն է։ Նախաձեռնողները հասկանում են, որ իրենք քիչ են, բայց «սա հասարակական բողոք արտահայտելու նախադեպ է ստեղծում եւ այլ ճանապարհ չկա»։ Հասկանում են նաեւ, որ արդյունք կլինի, եթե ակցիաները շարունակական լինեն։ Բացի նշված ֆորումից, որին ֆինանսապես աջակցել է «Համաշխարհային ուսուցում» կազմակերպությունը, ամեն ինչ արվել է «էնտուզիազմով եւ մեր սեփական միջոցներով»։ Մինչդեռ նախատեսված քայլերը ֆինանսներ են պահանջում։ Մեր այս դիտարկմանը նախաձեռնողները պատասխանեցին, թե էնտուզիազմ էլի կա եւ եթե ՀԿ-ները իրենց փոքրիկ բյուջեներից փոքրիկ գումարներ տան այս նպատակին, «կունենանք փոքրիկ, բայց կայուն բյուջե»։ Ի դեպ, մայիսի 11-ի ֆորումը ֆինանսավորելու խնդրանքով նախաձեռնողները դիմել էին եւ ԱԺ, եւ կառավարություն։ Արթուր Բաղդասարյանը դեռ լռում է, իսկ Անդրանիկ Մարգարյանը խնդրանքը մերժել է օրենքով սահմանված ժամկետում, բայց՝ ֆորումից օրեր անց։ Իսկ նախաձեռնողները քայլերն իրականացնելիս պետական կառույցներից կրկին ֆինանսական աջակցություն են խնդրելու։ Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31