Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊ-ն արջի՞ կողմից է

Մայիս 18,2004 00:00

ՎՊ-ն արջի՞ կողմից է Թեեւ ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվությունը հաստատվեց 80 կողմ ձայներով՝ առանց «դեմ»-երի եւ «ձեռնպահ»-ների՝ հետո արտահայտվեցին վերապահություններ, որոնք էլ խնդրեցինք մեկնաբանել ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին:- ՀՀԿ խմբակցության ղեկավարը հաշվետվությունն անվանեց միտինգ: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավարը նշեց, թե «հավասար ուսումնասիրություններ չեն արվել բոլոր բնագավառներում»: Համամի՞տ եք այս գնահատականներին: – ՀՀԿ խմբակցության ղեկավարի որակումը թերեւս վերաբերում էր քննարկումներին, որ վերածվեցին միտինգի: Բայց մեր ներկայացրած փաստերը միտինգային չէին: Պատգամավորներին տրված իրավունքն է փաստերի գնահատականներն իրենց ցանկացած ձեւով ներկայացնելու եւ ելույթ ունենալու: Այդ ամենը Վերահսկիչ պալատի, նրա ներկայացրած ֆինանսական հաշվետվության ու փաստերի հիման վրա արված վերլուծության հետ ընդհանրապե՛ս կապ չունի: Ինչ վերաբերում է հավասար մոտեցումներին՝ խորհուրդ կտայի, որ նորից նայեն ուսումնասիրությունների արդյունքները, մեր կազմած տեղեկանքները: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների եւ վերահսկողության իրականացման սկզբունքներ, չափանիշներ կան, որոնցով ենք մենք առաջնորդվել: Չգիտեմ, թե ինչու դատաիրավական բարեփոխումների առնչությամբ նման աղմուկ եղավ. երեւի պատճառն այն էր, որ արդարադատության նախարարը ելույթ ունեցավ կառավարության անունից եւ խոսեց միայն այդ ծրագրի մասին: Նման թերություններ մենք արձանագրել ենք նաեւ այլ վարկային ծրագրերում: Ուղղակի արձագանքը համարժեք չէր: – Արդարադատության նախարարն իր վերջին ասուլիսում խոստացավ պատժել իրեն կոռուպցիայի մեջ մեղադրել փորձողներին: Պատրա՞ստ եք հակափաստարկներ ներկայացնել դատարանում: – Բայց նախարարը պետք է նորից ընթերցի մեր հաշվետվությունը, որտեղ չենք գրել, թե ով է կոռումպացված կամ որտեղ ինչ չարաշահումներ են կատարվել: Մենք ընդհանրապե՛ս չենք օգտագործել չարաշահում բառը հաշվետվության մեջ, այլ գրել ենք, թե նպատակային ու արդյունավե՞տ են օգտագործվել վարկային միջոցները, թե՞ ոչ, եւ հիմնավորել ենք: Վարկը վերցրել ենք 4 տարվա համար, 3-րդ տարին արդեն ավարտվում է, բայց ոչինչ չի կատարվել ծրագրի բաղադրիչների մեծ մասի ուղղությամբ, որ հիմնականում վերաբերում են դատաիրավական բարեփոխումներին: Իսկ թե եղել են չարաշահումներ կամ քրեորեն հետապնդելի այլ գործողություններ՝ արդեն մե՛ր գործը չէ: – Արդարադատության նախարարության պաշտոնյաներն անընդհատ այդ հարցը տալիս են, թե ՎՊ-ն մե՞ր կողմից է, թե՞ արջի՝ նկատի ունենալով Համաշխարհային բանկը: – Բայց իրե՛նք են ավելի շատ մեջբերումներ անում Համաշխարհային բանկի եզրակացություններից: ՀԲ-ն էլ է մատնանշել նույն խնդիրը, տվել նույն գնահատականները եւ արտահայտել մտահոգություններ, որ ոչինչ չի արվել ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ եւ ծրագրի իրականացման տեմպերը շատ ցածր են: Արդարադատության նախարարն էլ չի հերքում դա: – Ծրագիրը հաջողվել է եւս 18 ամսով երկարաձգել՝ գուցե այդ ընթացքո՞ւմ իրականացվեն բոլոր կիսատ մնացած դատաիրավական բարեփոխումները: – Եթե 18 ամսով երկարացրել են՝ ուրեմն, ծրագիրը լա՞վ է իրականացվել: Այսինքն, վարկի գումարներն այժմ պետք է օգտագործվեն եւս 18 ամիս ծրագրի իրականացման գրասենյակ պահելու, աշխատակիցներին բարձր աշխատավարձ վճարելու, մեքենաների եւ այլնի համար: Սա՞ է ծրագրի արդյունավետ իրականացումը: – Հաշվետվությունը գնահատվեց Դավիթ Հարությունյանի եւ Արթուր Բաղդասարյանի նախագահական հավակնությունների համատեքստում: Եվ եզրակացություն արվեց, թե քանի դեռ ՎՊ-ի ղեկավարը քաղաքական ուժի ներկայացուցիչ է՝ բացառված չէ, որ այս կառույցն օգտագործվի իբրեւ գործիք նման հավակնություններում: – Իրոք եղան նման մեկնաբանություններ: Բայց պիտի հայտնեմ, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի վերահսկողությունը մենք ավարտել ենք այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանն ընտրվեց ԱԺ նախագահ: Եվ բնականաբար՝ չի եղել որեւէ թելադրանք կամ պահանջ ԱԺ նախագահի կողմից ո՛չ այդ ծրագրի, ո՛չ մնացած խնդիրների առնչությամբ: Զրույցը վարեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել