Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքները եւ համայնքները կհամագործակցեն

Մայիս 19,2004 00:00

Քաղաքները եւ համայնքները կհամագործակցեն Վերջերս Փարիզում ստեղծվել է «Միավորված քաղաքներ եւ տեղական ինքնակառավարում» միջազգային կազմակերպությունը, որի նպատակն է պաշտպանել եւ զարգացնել ժողովրդավարությունը տեղական ինքնակառավարման մարմիններում: Միջազգային այս կազմակերպությանն անդամակցում են 100-ից ավելի երկրներ, որոնց թվում եւ Հայաստանը: Մայիսի 2-5-ը Փարիզում տեղի է ունեցել կազմակերպության հիմնադիր ժողովը: Մեր երկրից մասնակցել են Նոր Նորքի թաղապետ,Հայաստանի համայնքների միությունից առաջադրված ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը եւ Ավագանիների միության նախագահ Արայիկ Հովհաննիսյանը, որոնք էլ ընտրվել են գործադիր բյուրոյի անդամ: Ընտրվել է 3 համանախագահ: Այս տարի, թաղապետի տեղեկացմամբ, կազմակերպությունը կնախագահի Փարիզի քաղաքապետը: Ինչպես Դավիթ Պետրոսյանն է վկայում, հիմնադիր ժողովում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, սպիդի դեմ պայքարին, ահաբեկչությանը, թրաֆիքինգին վերաբերող թեմաներ: Նրա խոսքերով, կազմակերպությունում ընդգրկված երկրները կհամագործակցեն տնտեսական, առողջապահական, մշակութային, հոգեւոր եւ այլ ոլորտներում: Ըստ պարոն Պետրոսյանի, միջազգային հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դեր ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ «նրանք ավելի մոտ են կանգնած քաղաքացուն եւ ավելի լավ են պատկերացնում նրա խնդիրները»: Բացի այդ, թաղապետը հավաստիացնում է, որ կազմակերպության հիմնական առաքելություններից մեկն էլ աշխարհում խաղաղություն հաստատելն է: Պարոն Պետրոսյանը կարեւորեց նաեւ այն, որ այսուհետեւ մասնակից երկրների քաղաքները կամ համայնքները հնարավորություն կունենան համագործակցել եւ գործնական կապեր հաստատել իրենց պետություններից անկախ: Նրա խոսքերով, միջազգային այս կազմակերպությանն անդամակցող երկրների միջեւ փորձի փոխանակումը հնարավորություն կընձեռի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը կայացած եւ ժողովրդավար դարձնելու: Թեեւ Դ. Պետրոսյանը նշեց, որ ԱՊՀ երկրներից տեղական ինքնակառավարումը ամենակայացածը Հայաստանում է: «Միավորված քաղաքներ եւ տեղական ինքնակառավարում» կազմակերպության ստեղծմանը մեծ աջակցություն են ցուցաբերել Միացյալ ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային բանկը եւ այլ միջազգային կազմակերպություններ: Ըստ Դ. Պետրոսյանի, այս այցելության ժամանակ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հոլանդիայի Հերցոդենդոշ քաղաքի իշխանությունների հետ՝ համագործակցելու տնտեսական եւ մշակութային ոլորտներում: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել