Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԻ ՇՇՈՎ ԶԱՎԹՈՒՄ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 20,2004 00:00

ՋՐԻ ՇՇՈՎ ԶԱՎԹՈՒՄ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Սրա մեջ էր մեղադրվում ՀԺԿ անդամ Էդգար Առաքելյանը, մինչեւ դատախազությունը կվերանայեր նրան առաջադրված մեղադրանքը: 24-ամյա լուսակերտցի Էդգար Առաքելյանը հայտնի դարձավ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ոստիկանության կատարած նկարահանումների շնորհիվ, որոնք անընդհատ ցուցադրվում էին բոլոր ալիքներով, թե ինչպես է մի երիտասարդ պլաստիկե շշով ետեւից հարվածում ոստիկանին: Պարզաբանենք, որ տուժողը ոստիկանության փոխգնդապետ Սահակ Մարտիրոսյանն էր, որը, բնականաբար, չի ստացել որեւէ վնասվածք, եւ այս ամենն էլ գործի նյութերում որակվել է իբրեւ «առողջության համար ոչ վտանգավոր բռնություն»: Սակայն սկզբնապես ամեն ինչ այդքան անմեղ տեսք չուներ: Էդգար Առաքելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ապրիլի 17-ի որոշման մեջ, որ կայացրել է գլխավոր դատախազին առընթեր հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Ա. Թարվերդյանը՝ նշվում է, թե ապրիլի 12-ի «չարտոնված» հանրահավաքում նա արել էր «պետական իշխանությունն ու սահմանադրական կարգը փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» (թեեւ այդ հանրահավաքում նա ելույթ չէր ունեցել), իսկ հետո՝ Բաղրամյան պողոտայում կատարել «Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի ու մյուսների կողմից պետական իշխանությունը յուրացնելուն՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ»: Ավելի ստույգ, ըստ որոշման՝ «հանրահավաքի կազմակերպիչների հրահրմամբ, առանձին մասնակիցների հետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ դիմել է բռնությունների՝ ագրեսիվ տրամադրված խմբերին ոգեկոչելու (մեր քննիչները զուրկ չեն ստեղծագործական ձիրքից.- Ա. Ի), իրադրությունն ապակայունացնելու, խառնաշփոթ-իրարանցում եւ անկառավարելի վիճակ ստեղծելու համար»: Ուշագրավն այն է, որ Էդգար Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել ե՛ւ երբ իրեն մեղադրել են այս ամենի՝ իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու եւ իշխանությունը զավթելու մեջ, ե՛ւ հետո, երբ 10-15 տարվա ազատազրկում ենթադրող մեղադրանքը մայիսի 5-ին վերանայվել է, եւ այժմ հանքային ջրի շշով խփելու համար նրան սպառնում է 5 տարվա բանտարկություն: Թե ինչպես է նա «խոստովանել» չարած բաները՝ թերեւս պարզ դառնա երեքշաբթի սկսվելիք դատավարության ընթացքում: Փաստաբանների միջազգային միության անդամ Թադեւոս Ալեքսանյանն Էդգար Առաքելյանի պաշտպանությունը ստանձնել է մայիսի սկզբից, ուստի չէր կարող պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք նախաքննության մարմինը ջրի շշից բացի՝ որեւէ հիմք ունե՞ր պնդելու, թե այդ երիտասարդը յուրացրել եւ բռնազավթել է իշխանությունը: «Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչել միայն մի բանում, որ հարվածել է «Ջերմուկի» շշով, բայց չի իմացել՝ արդյոք դա ոստիկա՞ն էր, թե՞ ոչ, քանի որ տեսել է միայն կամուֆլյաժը:- ասաց պրն Առաքելյանը:- Իսկ իր արարքն էլ պատճառաբանում է այսպես, որ երեսին գազ են փչել, վահանով հարվածել դեմքին. «Ատամներս որ թափվեցին բերանիս մեջ՝ ցավ զգացի, ու խփեցի»: Նշենք, որ Էդգար Առաքելյանին ԱԱԾ մեկուսարանում այցելել են «Կարմիր խաչի» ներկայացուցիչները, եւ արձանագրել բռնության հետքերը: Էդգար Առաքելյանի մորաքույրը՝ Լուսակերտի ՀԺԿ տարածքային կազմակերպության ղեկավար Գոհար Ալեքսանյանը հարցրեց. «Եթե մեկին խփում են՝ իրավունք չունի՞ պաշտպանվելու»: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի գիշերը ոստիկանները չէին խնայում ո՛չ կանանց, ո՛չ տարեցներին: Եվս մի ուշագրավ մանրամաս պատմեց պաշտպան Թադեւոս Ալեքսանյանը. «Նախաքննության ընթացքում փորձել են հաստատել, թե նա կատարել է որեւէ կուսակցության ղեկավարի հանձնարարություն: Հարցեր են եղել, թե հնարավո՞ր է, որ «Արդարության» կամ «ԱՄ» ղեկավարներն իրեն հանձնարարած կամ վճարած լինեն հանրահավաքին մասնակցելու համար: Մի պահ այն վարկածն էր առաջադրվել, թե այդ հարվածով նա ցանկացել էր խմբերին մղել ավելի ակտիվ գործողությունների: Սակայն նման ապացույցներ ձեռք չեն բերվել»: Արդեն հայտնել ենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատավոր Ռուբիկ Ներսիսյանը մայիսի 14-ին հրաժարվել էր գրավով կալանքից ազատել Էդգար Առաքելյանին, թեեւ վերջինս բնութագրվում է դրականորեն, ծառայել է ԼՂՀ-ում, աշխատում է «Շողակն» գործարանում եւ այլն: Քանի որ դատարանի որոշումն ավելի ուշ տրամադրվեց, միայն այժմ պարզվեց, որ դատավորն ուղղակի համակարգչից հանել էր խափանման միջոցի վերաբերյալ հին՝ ապրիլի 17-ի որոշումը եւ հավելել դրույթներ, որոնք չեն բխում Քրեական դատավարության օրենսգրքից: Ասենք, մերժումը հիմնավորել է ՔԴՕ 137 հոդվածով, թե «դատարանը խափանման միջոց կարող է ընտրել կամ փոխել միայն դատարանի վարույթում գտնվող քրգործով», մինչդեռ այդ հոդվածում նշված է հակառակը, թե կալանավորման մասին որոշում կայացնելուց հետո էլ «դատարանը կարող է պաշտպանական կողմի միջնորդությամբ վերանայել գրավի» մասին որոշումը: Դատավորն անգամ չէր արձանագրել, որ Էդգար Առաքելյանի մեղադրանքը վերաորակվել է, եւ էլի նշել էր իշխանության յուրացման հոդվածը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել