Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԿԱՇԿԱՆԴՎԵՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԸ

Մայիս 22,2004 00:00

ԿՐԿԻՆ ԿԱՇԿԱՆԴՎԵՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԸ Ձերբակալվածների շղթան երկարում է Երեկ առավոտից կրկին խոչընդոտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ «Արդարություն» դաշինքի երեկվա տեղեկանքում նշված է, որ իշխանությունները մայիսի 21-ին եւս շարունակում են իրականացնել ԵԽ ԽՎ 2004 թ. ապրիլի թիվ 1374 բանաձեւին հակասող միջոցառումներ։ Անհապաղ չի դադարեցվել վարչական կալանքների պրակտիկան, կատարվել են նոր ձերբակալություններ։ «Մայիսի 21-ին, վաղ առավոտից խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը, փակվել են Երեւան մտնող գրեթե բոլոր մայրուղիները։ Հանրապետությունում ուսանողների տեղաշարժը խստիվ սահմանափակված է, թույլատրվում է միայն ուսանողական տոմսերով։ Մասնավորապես՝ Չարենցավան, Աբովյան, Լուսակերտ, Եղվարդ, Սպիտակ, Վանաձոր եւ այլն։ Տրանսպորտի բոլոր միջոցների վարորդներին արգելել են դուրս գալ աշխատանքի (խստացվել է ՀՀ Սահմանադրության հոդված 22-ը եւ ԵԽ ԽՎ բանաձեւի 9 բ կետի պահանջները)»,- գրված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։ Մինչ երեկվա հանրահավաքի սկիզբը արդեն բազմաթիվ ձերբակալվածներ ու զգուշացվածներ կային։ ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի երկու որդիներին՝ Արամին եւ Տիգրանին Արաբկիրի ոստիկանությունից կանչել էին զրույցի։ «ԱՄ» Արմավիրի կառույցի ղեկավար Մյասնիկ Թադեւոսյանին 10-օրյա կալանքի են ենթարկել։ «Հանրապետություն» կուսակցության Արմավիրի կառույցի ղեկավար Ազատ Գրիգորյանին եւ նրա տեղակալ Պողոս Աբրահամյանին առավոտյան տարել են ոստիկանություն։ Ի դեպ, վերջինիս 10-օրյա կալանքի ժամկետը լրացել էր երկու օր առաջ եւ երեկ առավոտյան կրկին կալանել են։ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակից հայտնեցին նաեւ, որ երեկ առավոտ ոստիկանական բաժանմունքներ են տարվել Աշտարակից՝ Վարդան Մալխասյանը, Արարատից՝ Արսեն Հակոբյանը (ութօրյա կալանք), Սարգիս Գրիգորյանը, որին մի քանի ժամից բաց են թողել՝ ոստիկանական բաժանմունքում պահելով նրա ավտոմեքենան։ Երեւանի Մաշտոցի տարածքից ոստիկանություն են տարել Արտուշ Աքուշյանին։ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից երեկ, ժամը 16-ի սահմաններում ոստիկանություն են տարել հանրահավաքի մշտական մասնակից, 70-ամյա Վարդան Վարդանյանին։ Նույն Վարդանաշեն գյուղում ոստիկանները պարտաճանաչ, օրվա տարբեր ժամերի այցելել են կուսակցության մի քանի ակտիվիստների տներ։ Ակտիվիստները հասկանալի պատճառներով փախել են։ Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Երասխավան գյուղում։ Ամբողջ գիշեր պաշարված է եղել Նահապետ Թումանյանի տունը։ Այս մասին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում մեզ պատմեց ինքը՝ պրն Թումանյանը։ Վերջինիս տանը երեք անչափահաս երեխա կա, կինը, նաեւ՝ տարեց մայրը, որի մյուս որդին անհետ կորել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ, 1992-ին։ Ինքը՝ Նահապետ Թումանյանը, ԵԿՄ եւ Մահապարտների գումարտակի անդամ է։ Նրան նաեւ սպառնացել են՝ «բռնելու ենք, վրադ քրգործ սարքենք»։ Երասխավան գյուղի բնակիչներից մի քանիսը երեկ մեզ հայտնեցին, որ երկուշաբթի օրվանից իրենց գյուղը նման է պաշարված բերդի։ 7-8 ավտոմեքենաներով շրջապատված է գյուղը եւ փաստորեն ելումուտը դադարեցված է։ Գյուղացիներից մի քանիսը, որոնց հաջողվել էր ճեղքել օղակը, ասացին նաեւ ավտոմեքենաների մի քանի պետհամարանիշեր՝ 28-555 («ԳԱԶ-2410»), 28-675 («07» մակնիշի ավտոմեքենա), 28-542 (սպիտակ գույնի «06»), 43-777 («Նիվա» մակնիշի մեքենա), նաեւ մի քանի «64» թվով սկսվող պետհամարանիշ ունեցող սպիտակ «Նիվա»-ներ, որոնց համարները երասխավանցիք չէին կարողացել տեսնել։ Ի դեպ, վերջիններս չէին ֆիքսել նաեւ պետհամարանիշի մեջտեղում գտնվող տառերը։ Նորագավիթ գյուղում ոստիկանները երեք օր շարունակ ոստիկանական բաժանմունքում են պահում 15-ամյա Զոհրապ Բաղդասարյանին եւ ստիպում են, որ վերջինս խոստովանի, թե իրեն 500 դրամ են տվել եռագույն դրոշը հանրահավաքների ժամանակ պահելու համար։ ՀԺԿ գրասենյակից հայտնեցին, որ երեկ օրվա առաջին կեսին կանգնեցրել են Գավառից եկող ավտոբուսը, ուղեւորներին իջեցրել են, մեքենան տարել ոստիկանություն, իսկ մարդիկ ոտքով են հասել Երեւան։ Արդեն հանրահավաքի ժամանակ ՀԺԿ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Ստեփան Մինասյանը մեզ հայտնեց, որ Վարդենիսից եկող 35-519 պետհամարանիշով «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը եւս կանգնեցրել են՝ տարել ոստիկանություն, եւ մարդիկ ոտքով են հասել Երեւան։ ՀԺԿ Արտաշատի կառույցի անդամ, Դիտակ գյուղի բնակիչ Արտակ Աբրահամյանի կուսակցական տոմսը վերցրել է ոստիկան Հովիկ Մովսիսյանը եւ չի վերադարձնում։ ՀԺԿ Արտաշատի կառույցի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արամայիս Բարսեղյանի տունը երեկ առավոտ եւս գրեթե պաշարվածի կարգավիճակում է եղել։ Ոստիկանները բավականին երկար ծեծել են դուռը, Արամայիս Բարսեղյանի կինը չի բացել այն, ասելով, որ ամուսինը տանը չէ։ «Հյուրերը» մի քիչ էլ հարեւանի տանն էին սպասել, ու ձեռնունայն հեռացել։ «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակում մինչ երեկվա հանրահավաքի սկիզբը եւս բազմաթիվ փաստեր են արձանագրվել մարդկանց ձերբակալելու եւ ճանապարհները փակելու մասին։ Վանաձորի կառույցի ղեկավար Արամ Ռեւազյանը տեղեկացրել է, որ իրենց Երեւան ուղեւորվող ավտոբուսը Աշտարակի պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են եւ արգելել գալ Երեւան. «Եթե դուք էս պահին ավտոբուսով անցաք, վաղը մենք աշխատանքից կզրկվենք»,- հանրահավաքի եկողներին ասել են ոստիկանները։ Ի վերջո, «կալանվել է» եւս մեկ ավտոբուս եւ մարդիկ Երեւան են հասել ոտքով։ Երեւանի Դավիթաշեն համայնքի «ԱՄ»-ի կառույցի զբաղեցրած տարածքի տիրոջը ոստիկանները երեկ պարտադրել են, որ այդ տարածքի դռան վրայից հանվի «Ազգային միաբանություն» կուսակցության մասին ազդարարող ցուցավահանակը եւ պահանջել են, որ այդ տարածքում մարդիկ չհավաքվեն. «Սա ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնութագրել, եթե ոչ կուսակցության գրասենյակը փակելու կոպիտ օրինակ»,- երեկ մեզ ասաց «ԱՄ» կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը։ Հանրահավաքից հետո, կեսգիշերին մոտ փորձեցինք պարզել՝ կա՞ն նոր ձերբակալվածներ։ «ԱՄ» կուսակցության գրասենյակի հեռախոսները լռում էին։ «Հանրապետություն» եւ ՀԺԿ գրասենյակներից ասացին, որ առայժմ՝ ժամը 22:30-ի դրությամբ ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել