Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍ՝ ՔՎԵԱՐԿԵ՛Ք ՄԻԱՍԻՆ

Մայիս 25,2004 00:00

ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍ՝ ՔՎԵԱՐԿԵ՛Ք ՄԻԱՍԻՆ Կոալիցիոն ուժերը կրկին հանդիպեցին նախագահին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը կրկին հանդիպել է կոալիցիոն քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ «Ժողպատգամավոր» խմբի եւ ՄԱԿ խմբակցության ղեկավարների հետ։ Վերջին շրջանում այս ֆորմատով հանդիպումները դարձել են ավանդական։ Հանդիպումներին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները որեւէ արտառոց բան չեն տեսնում սրանում, բացատրելով, որ նախագահը կոալիցիայի չորրորդ կողմն է։ Սակայն լրագրողները նկատել են, որ նախագահը սկսեց առավել ակտիվ մասնակցել կոալիցիայի, ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավորի» հետ հանդիպումներին այն պահից սկսած, երբ երկրում լարվեց ներքաղաքական իրավիճակը։ Հանդիպումները մեկ ուրիշ փաստով եւս տարբերվում են կոալիցիայի սովորական աշխատանքային նիստերից՝ դրանք տեղի են ունենում նախագահականում, այն դեպքում, երբ մինչ այդ կոալիցիայի նիստերը տեղի էին ունենում կուսակցությունների գրասենյակներում։ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տարածված հաղորդագրությունը՝ նախագահ, կոալիցիա, ՄԱԿ եւ ԺՊ հանդիպման մասին, խիստ ժլատ է՝ քննարկվել են ԱԺ եռօրյայի օրակարգի հետ կապված հարցեր, անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, Ռոբերտ Քոչարյանը պատմել է վերջին շրջանի իր ուղեւորությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են՝ ՀՀԿ-ից վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Տիգրան Թորոսյանը, ՀՅԴ-ից՝ Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը եւ Սամվել Բալասանյանը, ԺՊ-ից՝ Կարեն Կարապետյանը, ՄԱԿ-ից՝ Գուրգեն Արսենյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մեզ հայտնեց, որ հանդիպման ժամանակ նախագահը տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան մի քանի հանդիպումների մասին. «Իսկ հետո քննարկվեցին աշխատանքային հարցեր։ Մասնավորապես, կոալիցիայի ներկայացուցիչները տեղեկացրին ընդդիմության հետ երկխոսության ընթացքի մասին։ Շեշտվեց, որ ընդդիմությունը փաստորեն մերժեց կոալիցիայի հետ երկխոսության բոլոր փորձերը, այն դեպքում, երբ կար հստակ առաջարկ, ձեւավորվել էր երկխոսության օրակարգ։ Արդյունքում՝ որոշվեց ամփոփել այս առաջին փուլը։ Ըստ ամենայնի, կլինի ինչ-որ հայտարարություն այդ մասին»։ «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ընթացք կունենա ընդդիմություն-կոալիցիա ճակատագիրը, հետագա ի՞նչ քայլեր կլինեն, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Հետագա քայլերի մասին որոշում կայացնելու համար կոալիցիան հավանաբար դեռ կհանդիպի։ Սակայն ակնհայտ է արդեն այսօր, որ ընդդիմություն-կոալիցիա հարաբերությունները հասել են ինչ-որ կետի, երբ արվեցին բոլոր հնարավոր քայլերն ու առաջարկությունները եւ որոնք բոլորն էլ պաշտոնապես մերժվեցին»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը հանդիպումը գնահատեց որպես հերթական աշխատանքային. «Նման հանդիպումներ բազմիցս եղել են։ Հանդիպման ժամանակ քննարկվեց խորհրդարանի ներկա իրավիճակը, օրենսդրական խնդիրները, նաեւ՝ խորհրդարանի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու հարցեր։ Մասնավորապես կարեւորվեց այն, որ այսօր մեզանում ձեւավորվում է օրենսդրական բազիսը, բայց տեսադաշտից դուրս են այն օրենսդրական ակտերը, որոնք միմյանց հակասում են։ Ես ընդունում եմ նախագահի այդ կարծիքը եւ գտնում եմ, որ իրոք մենք տեսադաշտից բաց ենք թողել այն իրողությունը, որ որոշ օրենսդրական ակտեր հակասում են միմյանց եւ դա տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս»։ Կարեն Կարապետյանի փոխանցմամբ՝ ներքաղաքական հարցեր առանձնապես չեն քննարկվել։ Իսկ քննարկվե՞լ է, արդյոք, խորհրդարանում ընդդիմության բացակայության հարցը. «Այդ հարցի մասին մենք խոսում ենք ամենուրեք. ե՛ւ փողոցում, ե՛ւ տանը։ Այդ հարցին հպանցիկ անդրադարձ է եղել»։ ՄԱԿ (Միացյալ աշխատանքային կուսակցություն) խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ամենաինքնատիպ պատասխանը տվեց հանդիպման մանրամասները ճշտելու մասին մեր հարցին. «Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որի վերաբերյալ նախագահի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել։ Մենք հետեւյալ սկզբունքի կրողն ենք՝ եթե նախագահի հետ հանդիպումների ավարտին չի հայտարարվում այն մասին, որ հանդիպումը կոնֆիդենցիալ բնույթ չուներ, մենք դրա մասին չենք խոսում»։ Իր այս պահվածքը պրն Արսենյանը բնորոշեց որպես «պետական էթիկա»։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում կոալիցիայի բոլոր նիստերը, որոնք տեղի են ունենում նախագահականում՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, մասնակցում են նաեւ ՄԱԿ-ը եւ ԺՊ-ն։ Գուրգեն Արսենյանը ասաց, որ իրենք ոչ բոլորին են մասնակցել, իսկ մասնակցել են, «որովհետեւ մենք քաղաքական ուժ ենք, որը պաշտպանել է նախագահի ծրագիրը։ Ու երբ քննարկվում են ծրագրային հարցեր, մենք գտնում ենք, որ ճիշտ չի, երբ քննարկվում է առանց մեզ»։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, ԱԺ ազգային անվտանգության, ՆԳ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի փոխանցմամբ եւս, քննարկվել են օրինաստեղծ աշխատանքին առնչվող հարցեր։ Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք վերջին շրջանում չափազանցված չէ օրինաստեղծ աշխատանքի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Չէ, չափազանցված չէ, բնական աշխատանքային պրոցես է»։ Իսկ ներքաղաքական իրավիճակի մասին խոսակցություն եղե՞լ է. «Ընդհանուր»՝ եղավ ՕԵԿ-ի ներկայացուցչի ժլատ պատասխանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել