Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ «ՄԱՈՒԳԼԻՈՒՄ»

Մայիս 25,2004 00:00

ԻՆՉՊԵՍ «ՄԱՈՒԳԼԻՈՒՄ» ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը բավականին բարկացրել է հայ հանրապետականներին։ Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հարկ համարեց մատնացույց անել ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունների ընտրական, ետընտրական գործընթացները եւ ամերիկացիներին «խորհուրդ» տվեց իրենց խնդիրներով զբաղվել։ Մեկ այլ հանրապետական՝ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ զեկույցում՝ «ՀՀ ներքաղաքական իրավիճակի առնչությամբ ձեւակերպումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը»։ Ավելին, ԱՄՆ-ի այդ քայլը նա որակել է «Հայաստանին իր վերահսկողության տակ առնելու փորձ»։ Իշխանության մաս կազմող հանրապետականների նման հայտարարությունները, ի՞նչ հնարավոր ազդեցություններ կարող են ունենալ Հայաստանի վրա։ «Ազատական առաջադիմական» կուսակցության նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների կառույցի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ «շատ ծանր»։ Պրն Հովհաննիսյանին առավել զարմացրել է այն, որ զեկույցի հրապարակումից հինգ օր հետո հանրապետության նախագահը հայտարարում է, թե դեռ չի ծանոթացել զեկույցին։ Եթե վերաբերմունքն այդպիսին է, Հ. Հովհաննիսյանն առաջարկում է պարզապես հրաժարվել ԱՄՆ-ից տարբեր խողովակներով ստացվող տարեկան 100 մլն դոլարից, որն, ի դեպ, պետբյուջեի 20%-ն է կազմում։ «Այդ փաստաթղթին ոչ թե ծանոթանալ է պետք, այլ լուրջ ուսումնասիրել եւ հետեւություններ անել։ Այն շատ ավելի լուրջ է, քան Գալուստ Սահակյանն է պատկերացնում,- ասաց պրն Հովհաննիսյանը,- 18-20 թթ. հո՞ չեն, բոլորին պատերազմ հայտարարե՞նք»։ «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանի կարծիքով, քանի որ Հայաստանի ընդհանուր քաղաքականությունը ռուսամետ է եւ իշխանությունները ձգտում են Ռուսաստանի միջոցով Հայաստանում դիկտատուրա հաստատել, ուստի՝ «իրենց ուտող-ուրացողի պես են պահում»։ Ըստ Ե. Աբգարյանի, անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ը մոտավորապես 11 մլրդ 600 մլն դոլար է տրամադրել Հայաստանին։ Ուստի, պրն Աբգարյանը կարծում է, որ ԱՄՆ-ի նմանօրինակ բարձրաստիճան կառույցները կարող են իրենց թույլ տալ նկատել, որ ժողովրդավարության հաստատման համար տրամադրվող գումարներն ամենեւին էլ նպատակին չեն ծառայել։ Առավել եւս, որ ԱՄՆ տարբեր կառույցների կողմից նման քննադատությունները նորություն չեն։ «Մեր իշխանությունը «Մաուգլի» մուլտֆիլմի Շակալի դերն է գրավել։ Թվացյալ վագրի առաջն ընկած՝ ուրիշներին հայհոյելով ման են գալիս։ Փաստորեն, հանուն դիկտատուրայի՝ գերտերություններին էլ են դեմ դուրս գալիս»,- ասում է Ե. Աբգարյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել