Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ

Մայիս 26,2004 00:00

Խորհրդարանը դարձավ մեկ տարեկան

Մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ եւ ապօրինություններ կատարած անձանցից ոչ ոք դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել։ Թեպետ սա շարունակում է մնալ ե՛ւ ԵԽ ԽՎ եւ միջազգային այլ հեղինակավոր կառույցների պահանջը։ Մեկ տարի առաջ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած լուրջ խախտումների առնչությամբ ասել է. «Հուսով եմ, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին այդ դեպքերի համար, կհայտնաբերվեն եւ կենթարկվեն պատասխանատվության։ Եվ չի լինի վերադարձ՝ ակնհայտ անպատժելիության այն մթնոլորտին, որը վախենամ թե զարգացել է նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ։ Սա վատ է, պարզապես վատ»։ Վատ, թե լավ, մեր խորհրդարանն արդեն մեկ տարեկան է։ Եվ ինչպես մեկ տարի առաջ, առաջին նիստի օրը խորհրդարանից բացակայում էին ընդդիմադիր խմբակցությունները, այնպես էլ երեկ՝ խորհրդարանը բառացիորեն կիսադատարկ էր։ Ընդդիմադիր խմբակցությունները՝ «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունը» բացակայում էին բոյկոտի պատճառով, բայց ամենեւին հասկանալի չէր, թե ինչո՞ւ են բացակայում իշխանական թեւի ներկայացուցիչները։ Ու երբ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատգամավորներին շնորհավորեց ԱԺ-ի մեկամյակի կապակցությամբ, նրան ուշադիր լսում էին միայն ՕԵԿ-ը, հատուկենտ հանրապետական, ՄԱԿ եւ «Ժողպատգամավոր» ներկայացնող պատգամավորներ։

«Առավոտը» երեկ փորձում էր հենց խորհրդարանից ստանալ մեկ տարվա աշխատանքի գնահատականը։ Մեր բոլոր զրուցակիցները հարցը լուրջ էին ընդունում եւ նրանց պատասխաններում ինքնաքննադատության նշույլ անգամ չկար։ Խորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ «Հանրապետականի» ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատականը հետեւյալն է. «Կարծում եմ, այն խնդիրները, որ դրված էին իշխանության եւ կոալիցիոն ուժերի վրա, այս մեկ տարվա ընթացքում լուծվել են։ Անցած մեկ տարին ես արդյունավետ եմ գնահատում»։ Մեր բոլոր զրուցակիցներին հարցնում էինք նաեւ՝ հնարավո՞ր է, որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի լուծարել այս խորհրդարանը։ Գալուստ Սահակյանը մեր հարցը տեսական գնահատեց եւ փաստորեն ժխտեց նման հնարավորությունը։

Այս օրերին խորհրդարանում շարունակվում են շշուկները ԱԺ աշխատանքները բոյկոտած պատգամավորներին աշնանը մանդատներից (այսինքն նաեւ՝ անձեռնմխելիությունից) զրկելու հավանականության մասին։ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պատասխանը մեր այս հարցին իրոք տեսական էր. «Կանոնակարգ-օրենքի պահանջն է, որ յուրաքանչյուր նստաշրջանից հետո, քվեարկությունների արդյունքների հիման վրա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նման հարց է քննարկում։ Եթե լինում են դեպքեր, երբ պատգամավորը բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից, ապա հարցը քննարկվում է նաեւ ԱԺ նիստում։ Այդ քննարկումները կլինեն աշնանը եւ պատգամավորներն իրենց վերաբերմունքը ցույց կտան»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի խոսքում եւս ինքնաքննադատությունը իսպառ բացակայում էր. «Ես արդյունավետ եմ համարում ԱԺ-ի մեկ տարվա գործունեությունը, որովհետեւ խորհրդարանի հիմնական առաքելությունը օրինաստեղծ գործունեությունն է եւ գնահատականը պետք է տրվի այս տեսանկյունից»։

Հրայր Կարապետյանի կարծիքով, ԱԺ օրինաստեղծ աշխատանքը ընդդիմադիր երկու խմբակցությունների բացակայությունից չի տուժել։ «Ճիշտն ասած, չեմ կարծում, որ նման բան կլինի (ընդդիմադիրները կզրկվեն մանդատից.- Մ, Ե.), որովհետեւ այնպես չէ, որ ընդդիմադիր պատգամավորները բոլորովին չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին։ Տեղյակ եք, որ նրանք մասնակցում են միջազգային կառույցների աշխատանքներին, գործուղումների են մեկնում, նրանցից ոմանք նաեւ որոշ հանձնաժողովների աշխատանքներին են մասնակցում»։

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ԱԺ լուծարման հավանականության մասին մեր հարցին, միակն էր, որ ժխտողական պատասխան չտվեց. «Այն կարծիքին եմ, որ քաղաքական լարված իրավիճակը մեղմելու մի քանի տարբերակ կա, որոնցից մեկն էլ խորհրդարանի լուծարումն է։ Եվ եթե ՀՀ նախագահը իրոք գործեր քաղաքական դաշտում եւ ոչ թե քաղաքական խնդիրները տեղափոխեր քրեական հարթություն (նույնիսկ քրեական գործ հարուցվեց ԱԺ խմբակցության նկատմամբ), ապա, կարծում եմ, ճիշտ կլիներ ԱԺ-ի լուծարումը։ Սա հնարավորություն կտա նոր ընտրություններ անցկացնել եւ գուցե նոր խորհրդարանում ընդդիմությունը մեծամասնություն կունենա եւ այսպիսով նախագահի պաշտոնանկության խնդիր կդրվի»։ Իսկ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հավանականության մասին հարցը, ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ քաղաքական մեծամասնության խնդիրն է։ Մեր զրուցակիցը հիշեցրեց նաեւ, որ երբ 96-ին երկու անգամ հարց դրվեց խորհրդարանի աշխատանքներին չմասնակցող պատգամավորներին զրկել մանդատներից, կայացվեց քաղաքական որոշում, քանի որ այդ բացակայությունները եւս քաղաքական դրդապատճառներ ունեին, ինչպես այսօր։

Իսկ ԱԺ մեկ տարվա գործունեությունը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, ընթացել է որոշակի բացթողումներով. «Ամենամեծ բացթողումն այն է, որ ԱԺ-ն լիարժեք չի իրականացրել քաղաքական եւ օրենսդիր մարմին լինելու իր գործառույթները։ Մասնավորապես, վստահության հանրաքվեի հետ կապված օրենսդրական նախաձեռնության անօրինական մերժումից հետո ընդդիմությունը չի մասնակցում օրենսդրական գործունեությանը, որը խիստ բացասաբար է ազդում ԱԺ-ի ընդհանուր աշխատանքի վրա։ Ըստ էության, քննարկումներ տեղի չեն ունենում, ստեղծվում է դրանց իմիտացիա։ Հիմնական նախաձեռնությունները ներկայացվում են կառավարության կողմից, իսկ ԱԺ-ն հանդես է գալիս դակիչի դերում»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31