Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներն՝ ըստ գների

Մայիս 26,2004 00:00

Խախտումներն՝ ըստ գների Հայ-վրացական սահմանակետում Հայաստանից վրացական Սադախլոյի սահմանային շուկա տանող դարպասները բացվում են առավոտյան ութին: Մեր այցելության օրը սահմանային դարպասը բացվելուց դեռ մի քանի ժամ առաջ շուկայի տարածքի առաջին մուտքի մոտ սկսվեց անձնագրերի ստուգումը: Թեպետ անձնագիր կամ սահմանային ելքի թույլտվություն չունեցողներ էլ կային, ինչն անձնագրային կարգի խախտում է, բայց առեւտրականներն այդ հարցը լուծում էին՝ 500 դրամ վճարելով: 7 անց 20-ին սահմանային կամրջի դարպասների մոտ սահմանապահներին էր սպասում մոտ 500 մարդ: Ավտոբուսների ու մարդատար մեքենաների հոսքը շարունակվում էր: Մեքենաները գալիս են Հայաստանի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղից: Ժամը 8-ին դարպասները բացվեցին: Յուրաքանչյուրն աշխատում էր րոպե առաջ հասնել իր ծանոթ վաճառականին: Անձնագրերի վերստուգումը, ժամը ութին սահմանն անցնելու ժամանակ, անհնար էր. հոսքը մեծ էր: Առեւտրականների հետդարձին հայ եւ վրացի սահմանապահներն ավելի ակտիվացան: Սահմանի վրա անձնագիր պահանջում են հատկապես նրանցից, ովքեր առաջին անգամ են հայտնվել Բագրատաշենում: Մոտ քսան րոպե կանգնեցինք մաքսակետի մուտքի մոտ ու հեռվից դիտում էինք ելումուտը: Շատերն ուղղակի հարմարվել են բագրատաշենյան չգրված կարգուկանոնին. անխոս վճարում էին 500 դրամն ու, առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման, հեռանում: Վճարողները մեր հարցերից խուսափում էին: Մեզ պատմեցին առեւտուր անելու հազար ու մի դժվարությունների մասին: Մարդիկ չգիտեն՝ որոնք են մաքսանենգ ապրանք համարվում, ինչի համար որքան մաքսատուրք է օրենքով սահմանված, ինչն է օրինական ու ինչը՝ անօրինական: Շուկայի տարածքում ոչ մի տեղեկատվական հայտարարություն չկա: Մարդկանց տեղեկացնելու ոչ մի միջոց չի ձեռնարկվում: Մարդիկ չգիտեն, թե ինչի համար ինչքան վճարումներ են պարտավոր կատարել: «Ապրանքի 32 տոկոսի չափով մաքսատուրք են գանձում, դրա համար էլ մաքսանենգությունը չի նվազում»,- դժգոհում էին մեր զրուցակիցները: Դժվարություններ կան նաեւ վաճառատեղ ձեռք բերելու հարցում: Եթե շուկայի վրացական կողմում մի վաճառատեղի օրավարձը 3 լարի (1,5 դոլար) է, ապա հայկական կողմում՝ 10-15 ԱՄՆ դոլար: Այն էլ՝ ոչ բոլորը կարող են ձեռք բերել: Սադախլոյից ապրանքը տուն հասցնելու համար առեւտուր անողները 6 անգամ շուկայի տարածքում են վճարում, հետո մաքսանենգության դեմ պայքարի վաչությունում, ավելացրած՝ պետավտոտեսուչների անօրինական գանձումները: Բագրատաշեն կատարած մեր այցելությունից մեկ օր անց աշխատանքից ազատվել է Բագրատաշենի շուկայի տնօրեն Արմեն Մալխասյանը եւ տեղափոխվել այլ նմանատիպ պաշտոնի՝ Շիրակի մարզում: Գործընկերներն ասում են, որ Շիրակի մարզը Բագրատաշենի պաշտոնյաների համար տուգանային հրապարակ է: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում վերջերս աշխատանքից ազատվել է նաեւ Սադախլոյի շուկայի վրացի տնօրենը: Նրա բնակարանի թաքստոցից գտնվել է մեծ քանակությամբ ոսկի ու դոլար: ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ, www.hetq.amԼուսանկարը՝ Գերման Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել