Լրահոս
Օրվա լրահոսը

Արամազդին «քշել» են

Մայիս 27,2004 00:00

Երեքշաբթի Արամազդ Զաքարյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է եւ նրան ազատ են արձակել:

Երեկ ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխվել է հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ: Հիշեցնենք, որ Ա.Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Գլխավոր դատախազության հարուցած՝ «Արդարության» եւ նրա համակիրների դեմ հայտնի քրգործի շրջանակներում:

Ընդ որում, ըստ ՀՀ Գլխավոր դատախազության երեկվա տեղեկությունների, խափանման միջոցը փոխելը հիմնավորվել է նրանով, որ Ա.Զաքարյանը քննության հետագա ընթացքին չի կարող խոչընդոտել եւ զղջացել է իր կատարած արարքի համար:

Ա.Զաքարյանը հերքեց մասնավորապես «իրենց կատարած արարքի համար զղջալու» մասին Գլխավոր դատախազության տարածած տեղեկությունը. «Ի՞նչ եմ արել, որ զղջամ: Թող զղջան էն մարդիկ, ովքեր օրենք ու Սահմանադրություն են խախտել»:

Ավելին, Ա.Զաքարյանի ասելով, դեռեւս 15-20 օր առաջ քրգործի նախաքննությունը վարող քննիչներից մեկը՝ Արամ Խաչատրյանն իրեն առաջարկել էր մի դիմում ներկայացնել, թե՝ պատերազմի մասնակից է, առողջական վիճակը լավ չի, խնամքի տակ հիվանդ երեխա ունի, ուստի՝ խնդրում է այս ամենն ու խոստումը՝ որ հետագա քննությունից չի խուսափի, հաշվի առնելով իրեն ազատ արձակել: «Ես, բնականաբար, հրաժարվեցի նման դիմում գրել: «Ի՞նչ կա որ՝ գրեք, կես ժամից տանը կլինեք»,- հորդորել էր քննիչը: Ա.Զաքարյանի հետ զրույցից պարզվեց նաեւ, որ Գլխավոր դատախազությունն իր տարածած հաղորդագրության մեջ էլի մի ապատեղեկատվություն է թույլ տվել. Ա.Զաքարյանին ոչ թե ազատ են արձակել չբացակայելու մասին ստորագրություն վերցնելուց հետո, այլ՝ ինչպես ինքն է ասում՝ իր մասով հարուցված քրգործը կարճվել, քրեական հետապնդումը դադարեցվել է, եւ այդ պատճառով են ազատ արձակել: Ա.Զաքարյանը վստահեցրեց, որ ինքը ազատ արձակվելիս ստորագրել է քննիչի կողմից իրեն ներկայացված մի որոշման տակ. «Այնտեղ զղջումի մասին խոսք չի եղել եւ չէր կարող լինել»: Որ իշխանությունները մինչեւ ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանը քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար փորձելու էին ցանկացած պատրվակ գտնել՝ ենթադրելի էր: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջներից գոնե մեկը պետք է որ կատարած մեկնի Ստրասբուրգ: Գլխավոր դատախազության հաղորդագրությունն ամբողջովին, թերեւս, ներքին սպառման համար է. հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե դատախազությունն, իրոք, քաղաքական գործեր է «թխում» եւ ցանկացած պահին կարող է դրանք վերանայել: Հակառակ դեպքում անհասկանալի է, երբ Ա.Զաքարյանի մասով ՀՀ-ում գործող եռաստիճան դատական համակարգի բոլոր՝ առաջին, վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանները, ի դեպ, վերջինս ընդամենը օրեր առաջ, քննարկելով կուսակցական գործչի պաշտպանի միջնորդությունը՝ կալանքի սանկցիան փոխել գրավի դիմաց, մերժվել էր այն պատճառաբանությամբ, թե նա վտանգավոր հանցագործություն է կատարել եւ կարող է ազատության մեջ լինելով խոչընդոտել նախաքննության ընթացքին եւ այլն, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը հանկարծ մի օրվա մեջ միանգամից նույն քրգործը կարճում է: «Իմ ազատ արձակման մասին նույնիսկ պաշտպանս տեղյակ չի եղել, թեեւ նույն օրը որոշումից մի քանի ժամ առաջ նրա հետ տեսակցություն էր եղել»,- ասում է Ա.Զաքարյանը:

Մնում է հարցնել, թե առաջին, վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններում դատավորների որոշումները այդ ինչի հիման վրա են կայացել, եթե նույն հիմքերը, ըստ էության, թույլ էին տալիս Ա.Զաքարյանի մասով քրգործը կարճել: Ըստ նրա. «Այս որոշմամբ իշխանություններն ապացուցեցին, որ ՀՀ-ում արդարադատություն չկա, կա դատախազություն, որը կարող է պատվեր տալ եւ դա կիրականացվի այնպես՝ ինչպես նա է ուզում»:

Այդուհանդերձ, ինչո՞վ պետք է բացատրել իշխանությունների այս հապշտապ քայլերը: «Կարծում եմ, եւ ընդդիմության գործողությունները, եւ ԶԼՄ-ների կողմից մեր խնդիրը ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելը, նաեւ միջազգային տարբեր կառույցների հետաքրքրությունը, ԵԽ ԽՎ հայտնի բանաձեւը եւ նման բազմաթիվ այլ գործոններ իրենց ազդեցությունն ունեցան: Անկասկած, պայքարը դեռ շարունակվում է»,- երեկ հայտարարեց Ա.Զաքարյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել