Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարչապետը պատասխանեց հարցերին

Մայիս 27,2004 00:00

Վարչապետը պատասխանեց հարցերին Ուրիշ զեկուցագրեր էլ կան – «Freedom house»-ը օրերս հրապարակած իր հերթական զեկույցը նվիրել էր պետություններում ժողովրդավարության մակարդակին։ Այդ զեկույցում առաջին անգամ Հայաստանը դասվել է կիսակայացած, ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների շարքին։ Նման գնահատականի պատճառ է հանդիսացել Հայաստանում անկախ լրատվամիջոցների վիճակը եւ ընտրական համակարգը։ Երեկ լրագրողները վարչապետ Անդրանիկ Մարգարյանին խնդրեցին մեկնաբանել այս գնահատականը։ «Ես կարող եմ մատնանշել զեկուցագիր, որում բոլորովին հակառակն է ասվում։ Այնպես որ, հարկավոր չէ գտնել ինչ-որ մի վատ բան ասողի։ Ես կխնդրեի, որ դուք հաջորդ անգամ ինձ հարց տաք, թե սրանից մեկ ամիս առաջ հեղինակավոր երկու-երեք կազմակերպություններ ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերել այդ նույն չափորոշիչների համար»։ Չի մերժի, բայց կտա՞ – Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կա՞, թե՞ չկա Թուրքիայից հողային պահանջի հարցը. «Ով որ տարածք ուզում է վերցնել, չպիտի հայտարարի, որ վերցնում է։ Եթե մենք ժամանակ եւ հնարավորություն ունենանք, առանց հայտարարելու ես պատրաստ եմ վերցնելու»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը։ Հանրապետականը առաջարկ չի արել – Արդյո՞ք ՀՀԿ-ն որեւէ դերակատարություն ունի «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խափանման միջոցը փոխելուն ուղղված գործողություններում։ Երեկ այս մասին հետաքրքրվեց «Առավոտը»։ Վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Ոչ մի։ Չի կարելի քրեական գործերին քաղաքականը խառնել եւ ասել, թե որեւէ կուսակցություն դերակատարություն ունի քրեական հոդվածով ձերբակալված մարդու գործերում։ Ընդամենը մենք կարող ենք առաջարկել, որ պատգամավորները կամ քաղաքական ուժերը խափանման միջոցը փոխեն։ Հանրապետական կուսակցությունը նման առաջարկ չի ներկայացրել»։ Իրավիճակը լարված չէ՞ – Երկրի ներքաղաքական իրավիճակը մեկ տարի առա՞ջ էր ավելի լարված, թե՞ այսօր՝ երեկ հետաքրքրվեց «Առավոտը»։ «Իմ կարծիքով՝ մեկ տարի առաջ ավելի լարված էր»,- եղավ պատասխանը։ Ընդդիմություն-կոալիցիա երկխոսությունների ու կոնսուլտացիաների փուլում Անդրանիկ Մարգարյանը հայտարարել էր, թե պատրաստ է հանդիպել ընդդիմության լիդերներին։ Երեկ լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի այդ ցանկությունը դեռ չի՞ մարել։ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե ինքը համաձայն է ցանկացած հանդիպման, սակայն առանց նախապայմանների. «Եթե ընդդիմությունը կհրաժարվի նախապայմաններից, հանդիպումները կշարունակվեն»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել