Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Հունիս 03,2004 00:00

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ Էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ հանրահավաք էր հրավիրել (ներկաները 5000-ից ավելի էին), ինչպես նախապես հայտարարված էր՝ քննարկելու ՕԵԿ-ի նախընտրական խոստումների կատարումը եւ ՎՊ հաշվետվության հետ կապված խնդիրները։ Հանրահավաքի ընթացքում, սակայն, պարզվեց, որ նախորդ օրը ԱԺ նախագահի նախաձեռնությամբ կայացած «աշխատանքային խորհրդակցության» ժամանակ, որին ներկա են եղել «Ժողպատգամավոր» խմբի ղեկավարը, Հակոբ Հակոբյանը եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ «լծվել» խնդրի լուծմանը։ Պրն Հակոբյանի մատուցմամբ՝ «բաց տեքստով խոսակցությունից հետո, ես հասկացա, որ ԱԺ նախագահը նույնպես մտահոգված եւ շահագրգռված է խնդրի լուծմամբ»։ Իր կողմից Հակոբ Հակոբյանը առաջարկել է խնդիրը լուծել «Հայռուսգազարդի», «ԱրմենՏելի», պղնձամոլիբդենային գործարանի ՀՀ-ի բաժնետոմսերի վաճառքի հաշվին։ Առաջարկն ԱԺ նախագահի հավանությանն է արժանացել եւ «առաջիկայում միջոցառումներ կձեռնարկվեն հիմնահարցը նպատակին հասցնելու համար»։ «Առավոտի» դիտարկմանը՝ վստա՞հ եք, որ պայմանավորվածությունն արդյունքներ կտա, Հակոբ Հակոբյանը հակադարձեց. «Խնամի չենք դարձել, քաղաքական դաշտում պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ Եթե խոստումը չկատարվի, ես միշտ էլ պատրաստ եմ ամենաբարձր ամբիոններից խոսել այդ հարցերի մասին»։ Ինչ վերաբերում է ՎՊ-ի հաշվետվությանը, պատգամավորը հավաստիացրել է, որ բոլոր գործերը գտնվում են դատախազությունում, այժմ սպասում է արդյունքների։ Իր կողմից առաջարկել է ապակուսակցականացնել ՎՊ-ն։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Հակոբ Հակոբյանը առաջարկում է երկխոսության՝ նախագահ-ընդդիմություն ֆորմատ։ Քանի որ կարծում է, որ կոալիցիա-ընդդիմություն երկխոսությունը մտել է փակուղի։ Ի դեպ, իր առաջարկած ֆորմատով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի հանգուցալուծումներից մեկն էլ նա նույնպես համարում է ԱԺ-ի լուծարումը։ Որ իր առաջարկած բանակցային մեթոդը արդյունքներ կտա, Հակոբյանը կասկած չունի։ Պատգամավորը համոզված է նաեւ, որ առանց ընդդիմադիրների՝ ընդունված օրենքները «բրակ» են։ Կգա ժամանակը եւ դրանք ետ կուղարկվեն վերանայման։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել