Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՐԱԿԸ ԿՏՐՈՒԿ ԸՆԿԵԼ Է

Հունիս 08,2004 00:00

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՐԱԿԸ ԿՏՐՈՒԿ ԸՆԿԵԼ Է Աննախադեպ անլրջություն՝ մեդալի քննության հանդեպ Եթե անցյալ տարի մեդալակիր էր դարձել հավակնորդների 54 տոկոսը, ապա այս տարի՝ միայն 46-ը: Վերջին՝ մաթեմատիկայի քննության արդյունքները պարզապես խայտառակություն էին մեր հանրակրթության համար: Այս առթիվ մեզ հետ զրույցում իր դժգոհությունը չթաքցրեց նաեւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը: Սակայն քննության ցածր արդյունքներից մանրամասներ նա չհայտնեց. «Կվերլուծենք, կտեսնենք»: Միայն նշեց, որ մաթեմատիկայից 8 միավորից ցածր ստացած 6 շրջանավարտները մայրաքաղաքից են: Եթե անցյալ տարի թե՛ կրթության ոլորտի պատասխանատուների վկայությամբ, թե՛ պարզ թվաբանական հաշվարկներով, նախորդ տարիների համեմատ, բարձրացել էր մեդալի հավակնորդների ինտելեկտուալ մակարդակը, ապա այս տարի նույն տրամաբանությամբ կարելի է ասել հակառակը. նրանց մակարդակը կտրուկ իջել է: Անցյալ տարի, համեմատելով նախորդ տարիների հետ, Ն. Ղուկասյանը ուրախությամբ նշում էր, որ հավակնորդների մտավոր բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ մարզային կրթական մարմիններն այլեւս պատասխանատու վերաբերմունք ունեն այս գործի կազմակերպման նկատմամբ եւ «կենտրոնացված քննությունների են ներկայացրել բացառապես բարձր ինտելեկտուալ մակարդակ ունեցող աշակերտներ»: Ստացվում է, որ այս տարի մարզային կրթական մարմինները եւ հատկապես մայրաքաղաքի դպրոցներն անպատասխանատու են գտնվել: Դա երեւաց նաեւ մեր հեռախոսազրույցներից: Մենք փորձեցինք զրուցել գոնե այն դպրոցների տնօրենների հետ, որոնց շրջանավարտներն անգամ բավարարի՝ 8 միավորի սահմանը չէին հաղթահարել: Սակայն դպրոցներում, նախ ճշտելով, թե հարցն ինչի մասին է, մերժում էին մեր խնդրանքը՝ միացնել տնօրենին: Միայն թիվ 139 դպրոցի տնօրենը ասաց, որ թեպետ դեռ չի պարզել, թե ինչպես է պատահել, որ իր դպրոցի մեդալի հավակնորդը 2 միավոր է ստացել, բայց կողքից լսելով իմացել է, որ «երեխան սթրեսային վիճակի մեջ է ընկել, եթե վստահ չլինեինք, չէինք ուղարկի, նախորդ քննությունը 20 է ստացել, ինչպե՞ս է պատահել, որ մյուսն այդքան ցածր է եղել»,- իր հերթին հարցրեց տնօրենը: Մեր հավաստի տեղեկություններով, 0 միավոր «վաստակած» 3 շրջանավարտներն էլ միեւնույն դպրոցից են, որոնք բացարձակապես «սպիտակ թուղթ» են հանձնել եւ պետք է բացատրագիր ներկայացնեն՝ իրենց անլուրջ վերաբերմունքի համար: Սակայն, հավանաբար, բացատրագիր կպահանջվի նաեւ այն բոլոր դպրոցների տնօրինություններից, որոնք մանկխորհրդի նիստում նման աշակերտին կենտրոնացված կարգով քննության ուղարկելու որոշում են կայացրել: Ի դեպ, այդ շարքում է նաեւ նախարարության ենթակայության տակ գործող թիվ 112 դպրոցը, որն էլ, 2 մեդալակիր տալով, 3-րդի դեպքում մաթեմատիկայից 5 միավոր է վաստակել: Տնօրեն Քարամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «երեխան շատ պատրաստված է եղել, սակայն ջերմությունով է ներկայացել քննության, շատ ցավալի է8230»: Եվս մեկ համեմատություն: Անցյալ տարի կրթության ոլորտի պատասխանատուները, նշելով ամենացածր՝ 12 միավորի փաստը, ցավով հիշում էին նախորդ տարվա մաթեմատիկայից գրանցված 2 միավորի մասին՝ իբրեւ քննությունների ու մեդալի հանդեպ ունեցած անլուրջ վերաբերմունքի ապացույց: Դեռեւս ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք ցանկություն կար ընդհանրապես հանել մեդալակիրներին տրվող արտոնությունը, սակայն տնօրենների հետ խորհրդակցելով, նախարարը որոշել էր թողնել այն, որովհետեւ տնօրենները համակարծիք չեն եղել, եւ արտոնությունների կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են այսպես. «քանի որ դպրոցն արդեն թուլացած է, նման արտոնության վերացումը կարող է ավելի թուլացնել այն»: Իսկ այս տարվա արդյունքները ցույց տվեցին, որ դպրոցին այլեւս ոչինչ չի փրկում: Եվ սա միայն մեր կարծիքը չէ: Երեկ հանրապետության նախագահի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են մեդալի հավակնող շրջանավարտների կենտրոնացված քննությունների ընթացքում տեղ գտած խախտումներն ու թերությունները: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ այս տարի Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ Նախագահի վերահսկողական ծառայությունը դիտորդի կարգավիճակով հետեւել էր մեդալակիրների քննությունների ընթացքին: «Նկատված բոլոր թերությունները բուհերի ընդունելության քննությունների ժամանակ պետք է իսպառ վերացվեն»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է, որ դպրոցներում բացակայում է պատշաճ վերահսկողությունը, ձեւավորվել է արատավոր պրակտիկա, որը վարկաբեկում է հենց մեդալի գաղափարը: Մեդալը ստանում են ինքնանպատակ, ավելի թեթեւացված ռեժիմով բուհ ընդունվելու հեռանկարով եւ այդ շարժառիթը շատ բան է դեֆորմացնում դպրոցում: Ըստ նախագահի, վերահսկողական ծառայության դիտարկումները նման եզրակացության տեղիք են տալիս: Վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը, ներկայացնելով իրենց կողմից արձանագրված փաստերը, թերություններն ու մտահոգիչ երեւույթները, ասել է, որ ոսկե մեդալի շատ հավակնորդներ ստացել են անբավարար գնահատականներ, մեծ թվով մեդալի թեկնածուներ ընդհանրապես չեն մասնակցել քննություններին, ինչը վկայում է, որ դպրոցներում շատ հաճախ մեդալի համար երաշխավորագրեր ստանում են ոչ արժանավորները: Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ առաջիկայում քննարկման առարկա դարձնել բուհերի ընդունելության քննությունների ժամանակ մեդալակիրներին տրվող արտոնությունների հարցը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել