Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՆՈՐ «ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ»

Հունիս 08,2004 00:00

ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՆՈՐ «ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ» Նա կմարմնավորի Մարկեսի Գրասելիային Հայտագրերը վերջապես հունիսի 10-ին հրավիրում են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» դրամայի պրեմիերային։ Հանդիպեցինք գլխավոր հերոսի՝ Գրասելիայի դերակատարուհի Լալա Մնացականյանին։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ճանաչված կատակերգու դերասանուհուն վստահվել այդ դերը։ «Ես վերջին անգամ դրամատիկ դերով բեմ եմ բարձրացել 1999 թվականին «Մետրո» թատրոնում՝ Ժան Փոլ Սարտրի «Դռնփակ» պիեսում»,- հիշեցրեց Լալա Մնացականյանը։ Ըստ նրա, ճիշտ չէ այս կամ այն դերասանին որակավորել՝ ողբերգակ, կատակերգու, դրամատիկ եւ այլն։ Մեր այն դիտարկմանը, թե ի վերջո ժողովուրդն է ձեզ «որակավորել»՝ ելնելով ավելի քան տասը տարի Հարություն Մովսիսյանի հետ ելույթներից, Լ. Մնացականյանը հակադարձեց. «Հարությունի հետ մեր դուետը, կարծում եմ, կայացած է եւ չի վերջացել։ Պարզապես որոշ ժամանակ դադարեցրել ենք հումորային ծրագրերով հանդես գալ։ Ավելին, այո, մեր դուետը ժամանակի պահանջ էր։ Մենք վեր էինք հանում սոցիալական պրոբլեմներ։ Սա այն խնդիրն է, որ թե 20 տարի առաջ, թե 20 տարի հետո կլինի արդիական»։ Ինչ վերաբերում է նոր դերը «վստահելուն», դերասանուհին մանրամասնեց. «Ամուսնուս՝ նկարիչ Աշոտ Համբարձումյանի ընկերը, Մոսկվայում ստեղծագործող ռեժիսոր Մարկ Մնացականյանը, ինչպես դուք ասացիք, ինձ ճանաչում էր որպես կատակերգու դերասանուհի։ Անցյալ տարի հյուրընկալվելով մեր տանը, դիտելով իմ մենահամերգներից հատվածներ, իր համար հայտնություն արեց, որ ես կարող եմ հանդես գալ որպես դրամատիկ դերասանուհի։ Եվ առաջարկը սպասեցնել չտվեց՝ ներկայացրեց Գ. Գարսիա Մարկեսի դրաման ռուսերեն, որը հիանալի թարգմանեց Մարտին Հուրիխանյանը»։ Այնուհետեւ դրաման ներկայացվում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին։ Այստեղ էլ կատակերգու հռչակված դերասանուհի Լալա Մնացականյանը ստիպված է լինում Ա. Մկրտչյանին ցույց տալ իր տեսաերիզները։ Մի խոսքով, պարոն Մկրտչյանը տալիս է իր համաձայնությունը եւ սկսվում են փորձերը։ Լ. Մնացականյանը տեղեկացրեց, որ փորձերն ընթանում են արդեն 2 ամիս, բայց ընդհատումներով (կապված թատրոնի շենքի վերանորոգման հետ)։ «Առավոտի» հարցին՝ «Հերոսուհու՝ Գրասելիայի կերպարը հոգեհարազա՞տ է ձեզ», դերասանուհին պատասխանեց. «Այստեղ այն պրոբլեմն է, ինչը եղել է, կա ու կլինի բոլոր ժամանակներում՝ կին-տղամարդ հարաբերությունը։ Կարծում եմ, այս թեման՝ ընտանիքում սիրո բացակայությունը, կհետաքրքրի շատ հայ ընտանիքների։ Մի խոսքով՝ հերոսուհին խոսում է, տառապում, ապրում այն հարցերի շուրջ, ինչն առկա է բոլորիս կյանքում»։ Ըստ Լ. Մնացականյանի, այս դրաման կարելի է ներկայացնել նաեւ մոնո ներկայացման տեսքով։ Մեր հետաքրքրությանը՝ «Ստացվում է, դուք մի գնդակով երկու նապաստա՞կ եք խփում», դերասանուհին պատասխանեց. «Ամենեւին։ Դրաման ինքն է թույլ տալիս, ինքը թելադրում, որ կարելի է ներկայացնել նաեւ մոնո վիճակով։ Իսկ պրեմիերային ու նրան հաջորդող օրերին իմ խաղընկերները կլինեն դերասաններ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Ռազմիկ Հարությունյանը, Մակիչ Մարգարյանը»։ «Առավոտի» վերջին՝ «Մոտ 5 տարվա լռությունից հետո ի՞նչ սպասելիք ունեք այս պրեմիերայից» հարցին Լ. Մնացականյանը պատասխանեց. «Այնքան մեծ է խաղալու ցանկությունս, ներսումս այնքան կուտակված ասելիք կա, ի վերջո, թեման այնքան արդիական է, որ պետք է ասեմ, բղավեմ, ճչամ։ Կարճ ասած՝ հունիսի 10-ին հանդիսականը կհանդիպի դրամատիկ դերասանուհի Լալա Մնացականյանին, որը պարզապես պետք է դուրս գա բեմ ու խաղա»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել