Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է

Հունիս 12,2004 00:00

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է Առանց ինքնածախսածածկող սակագնի խողովակ չի փոխվի Նախնական պայմանավորվածությամբ, հունիսին պետք է գերմանական վարկային հաստատությունը (KFW) եւ մեր կառավարությունը ստորագրեին 85 մլն եվրո վարկային ծրագրի համաձայնագիր։ Այդ գումարն ուղղվելու էր Շիրակի մարզի 54 եւ Լոռու մարզի 16 բնակավայրերի խմելու ջրի համակարգի բարելավմանը։ Նմանատիպ ծրագիր սկսվել է երեք տարի առաջ՝ Արմավիրի մարզում, 15,2 մլն եվրո ֆինանսավորմամբ։ Օրերս Հայաստանում էին KFW-ի ներկայացուցիչները, սակայն վարկային համաձայնագիրը չստորագրվեց, չէր էլ կարող ստորագրվել, քանի որ հայկական կողմը չէր կատարել գերմանական բանկի գլխավոր պահանջը՝ խմելու ջրի սակագները բարձրացնել այնքան, որ ապահովվի համակարգի հետագա շահագործման ծախսածածկումը։ Նույն պայմանը գործել է նաեւ Արմավիրի դեպքում, որտեղ խմելու ջրի սակագինը բարձրացվեց 100 դրամ՝ 1 խմ-ի համար՝ մինչեւ այս տարվա փետրվարը, երբ սակագները բարձրացան հանրապետության ողջ տարածքում։ Սակայն 100 դրամը ծախսածածկում չէր կարող ապահովել, թերեւս դա էր պատճառը, որ երեք տարի առաջ սկսված ծրագրի հիմնական աշխատանքները կատարվել են վերջին ութ ամսում։ Այնուամենայնիվ, քայլն արված էր եւ նախկինում գրեթե ջրազուրկ այս մարզի 12 բնակավայրեր օրվա ընթացքում արդեն մի քանի ժամ ջուր էին ստանում։ Իսկ հոկտեմբերին, ըստ ժամանակացույցի, Արմավիրը կդառնա 24-ժամյա ջրամատակարարում ունեցող առաջին մարզը։ Աշխատանքներին զուգընթաց, հավանաբար պայմանագրի պահանջով, Արմավիրի խմելու ջրի ցանցի բարելավման ծրագիրը իրականացնող «Նոր ակունք» ՓԲԸ-ն վերջերս խմելու ջրի սակագինը 200 դրամ բարձրացնելու հայտ է ներկայացրել Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովին։ Երեկ տեղեկացանք, որ հայտը դեռեւս ուսումնասիրման փուլում է եւ որոշում կայացնելու ժամանակ կա։ Ինչ վերաբերում է Լոռու եւ Շիրակի մարզերում սակագներ բարձրացնելուն, ապա, հանձնաժողովի տեղեկացմամբ, նման հայտ այդ մարզերում աշխատող նույնանուն «Ջրմուղ-կոյուղի»-ներից դեռ չեն ստացել։ Քանի որ այս ընթացքում սակագները բարձրացան, պետք է ասել, որ Շիրակն ու Լոռին նույնպես կներկայացնեն ծրագրի պարտադրանքը՝ «ինքնածախսածածկող» սակագինը։ Սակայն առայժմ չեն գնում այդ քայլին, թեպետ տեղերում գարնան սկզբին ստեղծվել են KFW-ի ծրագիրն իրականացնող ՓԲԸ-ներ։ Պատճառը, ակներեւաբար, տարածքի բնակիչների սոցիալ-տնտեսական ցածր մակարդակն է։ Նաեւ, որ ծրագրին ֆինանսական մասնակցություն պետք է ունենան «բարեփոխվող» համայնքները նույնպես։ «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Երեւանից դուրս ջրային համակարգը սպասարկող «Հայջրմուղկոյուղի» ընկերության նոր կառավարիչը, ըստ մեր տեղեկությունների, ֆրանսիական «Սաուր» կազմակերպությունն է։ Այն համակարգելու եւ բարեփոխելու է հանրապետության 38 քաղաքների եւ 250 գյուղերի ջրային ցանցը։ Հասկանալի է, որ այդ ցանկից դուրս են վերոհիշյալ 3 մարզերը։ «Սաուրը» իր աշխատանքը կազմակերպելու է ներդրումային երկու փուլով. 2004-07թթ.՝ 23,88 մլն դոլար, 2008-09թթ.՝ 17,3 մլն դոլար։ Այսօր դժվար է ասել, թե ինչպիսին կլինի ընկերության սակագնային քաղաքականությունը եւ որքանով այն մոտ կլինի գերմանական ծրագրով առաջարկածին։ Այսպես թե այնպես, մի բան պարզ է՝ հանրապետության մարզերում կգործի ոչ թե մեկ ընդհանուր սակագին, այլ կունենանք դրա գերմանական եւ ֆրանսիական տարբերակները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել