Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԳԱՂՈՒԹՆ ԱՆՑՈՂԻԿ Է, ԿՅԱՆՔԸ՝ ՄՆԱՅՈՒՆ»

Հունիս 12,2004 00:00

«ԳԱՂՈՒԹՆ ԱՆՑՈՂԻԿ Է, ԿՅԱՆՔԸ՝ ՄՆԱՅՈՒՆ» Մաքուր ծառուղիներ, մշակված հողատարածքներ, պտղատու ծառեր ու խնամքով ներկված նստարաններ: Եվ միայն դրանց կողքին հառնած փշալարերն ու կրկնակի բարձր պատերն են հուշում, որ սա ոչ թե առողջարան է, այլ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը: Բակում աշխատող դատապարտյալներն ու նրանց հետ բարեկամաբար զրուցող ու կատակող հսկիչները հակասություն էին ստեղծում դրսի եւ ներսի պատկերացումների միջեւ: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետն է Յուրի Ջամալյանը: Մաքուր, ճաշակով ձեւավորված աշխատասենյակում կային սենյակային բույսեր, պատին տեղ էին զբաղեցրել ՀՀ զինանշանն ու նախագահի լուսանկարը: Հայաստանը ներկայացնող այս կոմպոզիցիայի տակ՝ իր աշխատասեղանի մոտ նստած էր անթափանց հայացքով, խստաբարո պետը: Նա մեզ խորհուրդ տվեց չտեսնել միայն վատը ու նշեց, որ իրենք աշխատում են «Նախ ձեր դեմ մարդ է կանգնած, ապա նոր՝ դատապարտյալ» նշանաբանով: Նրա հետ մեր զրույցը շարունակեցինք սոցիալ-հոգեբանական բաժնում, որտեղ կիսաքանդ պատերի ճեղքերը ծածկել էին սրբապատկերները, իսկ միակ էլեկտրական սալիկի կողքին հավաքված՝ տաքանում էին աշխատակիցները: Հենց այստեղ մեր ներկայությամբ գաղութի պետը կազմակերպեց ցուցադրական ընդունելություն՝ լսելով հոգեկան հիվանդի դեր խաղացող, թմրամոլության համար դատապարտված Արուսի բողոքը: «Արդեն 25 տարի է՝ աշխատում եմ այստեղ»,- իր պատմությունը սկսեց Յ. Ջամալյանը: «25 չէ, 27,- մեջ ընկավ նույն Արուսը,- ծնունդդ էլ մայիսի 19-ին է, ես լավ եմ հիշում»: «Այ ախչի, բանակում ծառայելու տարիներն է՞լ ես հաշվում,- ծիծաղեց Ջամալյանը եւ կատակեց,- սպանության հոդվածով դատապարտված կանանց հետ էսքան շփվելուց հետո մարդ չի ուզում ոչ կնոջ մոտ գնա, ոչ էլ սիրուհու: Կանայք շատ անկանխատեսելի են: Նրանց հետ բարդ է աշխատելը, յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում եւ ուշադրություն»: «Մեր հերթապահներից մի քանիսը լավ մարդիկ են, մի քանիսն էլ ծնվել են ֆոռմով ու ունեն մենթի հոգեբանություն, որ հնարավորություն ունենան՝ մեր արյան 5 լիտրից 3-ը կքաշեն ու կթափեն, հենց ընենց, առանց պատճառի,- անկեղծացավ դատապարտյալներից մեկը,- ճիշտ ա՝ չեն ծեծում, բայց որ հետեւիցդ ընկան, մի վեց ամիս կավելացնեն՝ գրիչով կծեծեն, բայց տղերք էլ կան, հարազատի պես են վերաբերվում: Սմենը գիտի. այ, օրինակ, որ վաղը գաք, տղեքը էսքան հոգնած չեն լինի: Վաղվա հսկիչներն ուրիշ են»: Ողջ օրվա ընթացքում մեզ ուղեկցող հոգեբանն ու իրավաբանը զարմանքով ընդունեցին այն փաստը, որ մեր ուսումնասիրության առարկան ոչ թե դատապարտյալներն են, այլ իրենք՝ աշխատակիցները: Հիմնարկի հոգեբան Լուսինե Գավուկչյանը՝ բարձրակրունկ կոշիկներով ու սովորական զգեստների վրայից հագած զինվորական շինելով, դեռ 30 տարեկան չկա, ընդամենը երկու տարի է աշխատում կալանավորների հետ: «Այնքան շատ են բացասական էմոցիաները, որ հաճախ ինքս եմ օգտվում հոգեբանի ծառայություններից»,- պատմեց հոգեբանը: «Ես հոգեբանի հետ զրուցում եմ շատ հաճախ ու վստահում եմ նրան, համոզված եմ, որ մեր զրույցի մասին ոչ ոք չի իմանա: Նա ինձ օգնում է, որ ես կարողանամ ինքս ինձ օգնել: Չէ, խորհուրդներ չի տալիս, ուղղակի կարողանում է քեզ մինչեւ վերջ լսել»,- պատմեց կանանցից մեկը: Մինչդեռ ոմանք իրենց ավելի «ուժեղ» են զգում եւ հավատացնում, որ հոգեբանի օգնության կարիք չունեն: «Ամենատպավորիչը» առջեւում էր՝ մեկուսարանում։ Երեք վանդակապատ դռներ, նեղ միջանցք, որի երկու կողմերում երկաթե դռներ էին՝ ծանր կողպեքներով, վանդակապատ պատուհանիկներով, ցանցապատ դիտանցքներով։ Բանտախցերն ունեին վերանորոգման կարիք: Նույն վիճակում էր նաեւ անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Պետրոսյանի սենյակը: Այստեղ էլ միակ պատուհանը ցանցապատ էր: Միայն մի քանի իրեր էին զարդարում այս խուցը՝ ռադիոընդունիչը, սեղանը, գրքերը, մատյանները: Պատից՝ հայելու կողքին կախված էին սովորականից չորս անգամ մեծ երկու բանալիներ: Այս փոքրիկ տնտեսության տերը՝ Է. Պետրոսյանը, միջահասակ, կլորիկ, աշխույժ աչքերով երիտասարդ էր: «Եթե մեկուսարանում մեկի տրամադրությունը լավ չի լինում, տուն չեմ գնում, մնում եմ ու զրուցում նրա հետ, գուցե ինչ-որ բանով կարողանամ օգնել: Արդեն լիարժեք ուսումնասիրել եմ անչափահասների ու կանանց հոգեբանությունը: Կանանց լավ եմ ճանաչում, դրա համար էլ չեմ ամուսնանում»,- կատակեց Պետրոսյանը: Հեռանալիս պատին նկատեցինք դեռեւս խորհրդային տարիներից մնացած ցուցանակը. «Գաղութն անցողիկ է, կյանքը՝ մնայուն»: ԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՆԻ ԴՈՒԶԴԱԲԱՆՅԱՆ, ՍՈՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել