Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերը բողոքում են

Հունիս 19,2004 00:00

Սփյուռքահայերը բողոքում են Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հյուրընկալել էր սփյուռքահայ մի խումբ ուսանողների: Հանդիպումն ավելի շուտ դասախոսություն էր, քան հարցուպատասխան: Պարոն Երիցյանն ուսանողներին հավաստիացրեց, որ «նախարարությունը ջանք չի խնայում Սփյուռքի հետ կապերն ավելի ամրապնդելու եւ պահպանելու համար»: Ողջույնի այս խոսքից հետո նախարարը սկսեց կրթության համակարգում նախատեսվող բարեփոխումների իր հերթական քարոզչությունը: Հավատացած լինելով, որ բարեփոխումների շնորհիվ կրթական համակարգը կատարելագործվելու եւ համապատասխանելու է միջազգային կրթական ծրագրերին, Ս. Երիցյանը անչափահաս սփյուռքահայերին էլ հրավիրեց ավագ դպրոցը հայրենիքում ավարտելու: Ըստ նրա, արդեն մի խումբ օտարերկրացիներ Հայաստանում կրթվելու ցանկություն են հայտնել, սակայն «առաջնությունը տրվելու է սփյուռքահայ ուսանողներին»: Հանդիպմանը ներկա սիրիահայ ուսանող Հակոբ Նալբանդյանն իր սովորելու տարիներին թեեւ դրական տեղաշարժ արձանագրել էր Հայաստան-Սփյուռք կապերում, սակայն նկատեց, որ սփյուռքահայերն այժմ էլ արտասահմանցու կարգավիճակով են, եւ ոչ մի արտոնություն նրանց համար չի կիրառվում. «Մենք վճարում ենք այնքան, որքան տեղացիները: Իմ կարծիքով՝ ԿԳ նախարարությունը պետք է այնպիսի քաղաքականություն մշակի, ինչը կնպաստի ավելի շատ թվով սփյուռքահայեր հայրենիք բերելուն եւ ավարտելուց հետո այստեղ մնալուն»: Սիրիահայ ուսանողին նյարդայնացնում էին նաեւ ամեն տարի մեր երկիր գալու եւ մեկնելու ժամանակ մուտքի վիզա ստանալու հետ կապված ձգձգումներն ու քաշքշուկները: Դրանցից ազատվելու համար նա նախարարին առաջարկեց բուհում սովորելու տարիներին սփյուռքահայերին ժամանակավոր բնակվելու քարտ հատկացնել: Ուսանողները դժգոհեցին նաեւ, որ բուհերում մասնագիտական գրականությունը հիմնականում ռուսերեն է, եւ որ իրենք չեն կարողանում օգտվել դրանից: Այս հարցի լուծումը պարոն Երիցյանը կրկին բարեփոխումների հետ կապեց. «Կրթական բարեփոխումները նաեւ ենթադրում են բոլոր լեզուներով դասագրքերի տպագրում»: Կացարանի խնդիրը սփյուռքահայերին եւս մտահոգում էր, քանի որ, ըստ նրանց, բնակարանների թանկացմանը զուգահեռ, բարձրացել է նաեւ վարձով բնակարանների գինը. «իսկ հանրակացարաններ չկան», եղածներն էլ, ուսանողների կարծիքով, կենցաղային պայմաններից զուրկ են: Ի դեպ, մի շարք ոչ պետական բուհեր արդեն ներկայացուցիչներ ունեն տարբեր երկրներում, որոնք ակտիվ քարոզարշավ են ծավալում հօգուտ իրենց բուհերի: Եվ պատահական չէ, որ սփյուռքահայերի եւ օտարերկրացիների հոսք է նկատվում ոչ պետական բուհեր: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել