Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՎԱԿՈՎՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Հունիս 19,2004 00:00

ՍՊԻՎԱԿՈՎՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ «Անհրաժեշտ է երեխային ներդաշնակ զարգացնել, ինչը հայ ընտանիքներին լիարժեք չի հաջողվում»,- կարծում է Ե. Սմբատյանը Արդեն հինգ տարի է՝ ինչ գործում է Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։ Ստեղծման օրից հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 400 պատանի երաժիշտների, որոնք բազմիցս փայլել են միջազգային երաժշտական միջոցառումների ժամանակ (Ցյուրիխ, Փարիզ, Լոնդոն, Մոսկվա, Կաունաս եւ այլուր)։ Ներկայումս հիմնադրամը հովանավորում է 25 շնորհալիների։ Օրերս նրանք հուշամեդալներով վերադարձան Մոսկվայում կայացած «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» միջազգային փառատոնից։ Երեկ Փախստականների միջազգային օրվա առիթով Վ. Սպիվակովի հիմնադրամի երաժիշտները բարեգործական համերգ ունեցան ԱՕԿՍ-ի դահլիճում։ Հանդիպեցինք հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ելենա Սմբատյանին։ – Ինչպե՞ս անցան հայ պատանի երաժիշտների մոսկովյան ելույթները։ – Փառատոնին հավաքվել էր 847 երեխա՝ ԽՍՀՄ հանրապետություններից եւ Մերձբալթիկայից։ Կազմակերպիչներն էին Ռուսաստանի կառավարությունը, Մոսկվայի վարչակազմը եւ Վ. Սպիվակովի միջազգային հիմնադրամը։ Փառատոնի բացմանը ողջույնի խոսք հղեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մեր ֆոնդը ներկայացնում էր 12 հոգի, որոնք պարգեւատրվեցին փառատոնի պատվոգրերով ու հուշամեդալներով։ Եզրափակիչ՝ գալա համերգին ելույթ ունեցան սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը եւ ջութակահար Սերգեյ Սմբատյանը։ Մոսկովյան մամուլը նշեց հատկապես մեր երեխաների արտիստականությունը։ Իսկ երեք դիսկանտներին՝ Արման Նիկոլյանին, Վահան Հարությունյանին, Ալբերտ Սարոյանին (դասատու՝ Դ. Ղարագյոզյան), մամուլը համեմատեց Պավարոտիի, Դոմինգոյի, Կարերասի հետ, նրանց անվանելով ապագա աստղեր։ – Գաղտնիք չէ, որ շատ ծնողներ տեսնելով իրենց երեխաների հաջողությունը, իսկույն որոնում է ուղիներ՝ նրան արտերկիր ուսման տեղափոխելու համար։ Դեռ ԽՍՀՄ տարիներից բոլորը խոսում են հայ բարձրակարգ երաժշտարվեստի, մանկավարժների մասին։ Ինչո՞վ բացատրել շնորհալի երեխաների արտահոսքը արտերկիր։ – 90-ականների սկզբին նման արտահոսք կար, բայց ես մինչեւ այժմ չեմ տեսել մի երեխայի, որը, հայտնված լիներ արտերկրում, իսկ այսօր վերադարձած լինի հայրենիք՝ որպես բարձրակարգ արվեստագետ։ Մեր ծնողները պետք է հասկանան մեկ բան. կարեւոր է ոչ թե այն, թե որ երկրում է երեխան սովորում, այլ՝ ո՞ր մանկավարժի մոտ է սովորում։ Բոլորովին չնսեմացնելով արտերկրում հայտնի մանկավարժներին, պետք է ասել, որ մանկավարժությունն էլ ինչ-որ տեղ բխում է տվյալ ազգի մենթալիտետից։ Անգլիացի մանկավարժը, ինչքան էլ հանրահայտ լինի, չի կարող լիարժեք ըմբռնել հայ երեխայի հոգեբանությունը, թեեւ երաժշտության լեզուն համամարդկային է։ Ու չմոռանանք, որ մենք գործ ունենք դեռ չձեւավորված անձանց՝ երեխաների հետ։ Ավելի մանրամասնեմ, օրինակ՝ սնվելը. հայ երեխան ի ծնե այլ ձեւով ու եղանակով է դրան սովոր, նա չի կարող հեշտությամբ վարժվել արտերկրում տիրող կենցաղին։ Շատ վտանգավոր է անցումային տարիքում փոխել երեխաներին շրջապատող աշխարհը։ Լավ երաժիշտ դառնալու, ինչպես եւ բոլոր մասնագիտությունների համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ամուր առողջություն։ Մեր երեխաները պարապում են ժամերով, բանում են ինչպես «պապա Կառլոն»։ Երեխային անհրաժեշտ է ներդաշնակ զարգացնել, ինչը հայ ընտանիքներին լիարժեք չի հաջողվում։ Պարզապես նրանք պետք է չշտապեն իրենց երեխաներին աստղ դարձնել։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել